19 January 2014

«Երեսբու՞ք», թե՞ «Պնդերես»

Եթե դուք էլ վերջ ի վերջո որոշել եք զարկ տալ «տեղական արտադրությանը» և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հետ համատեղ օգտվել նաև հայկական «Երեսբուք»-ից, ուրեմն ձեզ սպասում են նույն անակնկալներն ու փորձությունները, որոնց ես հանդիպեսցի իմ «զբոսաշրջության» 15 րոպեների ընթացքում:

Նախ, չսխալվեք, ու չմուտքագրվեք «Ֆեյսբուքի» միջոցով, քանի որ «Երեսբուքը» կվերցնի ձեր ֆեյսբուքյան գաղտնաբառը, ու... ու հուսով եմ ոչինչ էլ չի հասցնի անել: Հետո պաշտոնականի փոխարեն, ձեր գալուստն անմիջապես կողջունի Ջոնի Դեպի երեսով «simpomalchik»-ը, ով այնքան ակնհայտ «բոտ» (ծրագրային ռոբոտ) է, որ չի պատասխանի ձեր ոչ մի արձագանքին:

Որքան էլ փորձեք ձեր «Երեսը» հայերեն դարձնել, չեք կարող, որովհետև ցանկցած էջում կհայտնվի «Terms of Service»-ը, ու մինչև այստեղ-այնտեղ դեգերելուց հետո կգտնեք օգտագործման պայմանների հետ համաձայնելու կոճակը, կհայտնաբերեք, որ ոչ միայն այդ պայմանները, այլև էջերում առկա ինֆորմացիայի մեծ մասը թարգմանված չէ: Հավանաբար դա կայքի ստեղծողների որդեգրած քաղաքականությունն է, այլապես մինչև վերջ կթարգմաներին «Ֆեյսբուք» բառն ու մենք կունենայինք «Երեսգիրք»:

Ընկերներ բնականաբար չեք ունենա (ես ոչ մեկին չկարողացա գտնել), իսկ հիմնական էջում կտեսնեք «Ֆեյսբուքի» նորությունների մի մասը միայն: Մյուս էջերում առկա ինֆորմացիան նույնպես անգլերեն է,  դրա համար էլ այդ մասին չենք խոսի: Ինչ վերաբերում է կայքի արտաքին տեսքին, ապա այն հիշեցնում է ռուսական «Օդնոկլասսնիկի»-ն:

Երկրորդ անգամ կայք մուտք գործելու համար էլ, չգիտես ինչու՞, ստիպված եղա փոխել գաղտնաբառս: Այդքանից հետո եթե ձեր հայրենասիրությունն էլ է իմի չափ, ապա պետք է փնտրեք «պրոֆիլը» ջնջելու կոճակը:

Վերջում ինձ մնում է հույս փայփայել, որ մոտ ապագայում մեզ չեն հրամցնի, ասենք, «Կապի մեջ», «Ծլվլոց» կամ այլ «հայրենադարձված» սոցկայքեր ու այդ կայքերն էլ չեն գովազդվի Նազենի Հովհաննիսյանի կամ Քիմ Քարդաշյանի կողմից, թե չէ այս անգամ էլ հայրենասիրությունից բացի, այլ գայթակղիչ պայմաններ մեզ փորձության կտանեն:

24 July 2013

Վճարելու ենք 100 դրամ

Լուսանկարը` Ֆոտոլուրի
Սրանից ուղիղ 10 տարի առաջ էր, որ երթուղային տաքսիների ու ավտոբուսների գինը կրկնակի թանկացավ՝ 50–ից դառնալով 100 դրամ։ Տաս  տարի առաջ էր, բայց գրեթե նույն պատճառաբանությամբ՝ պետք է նորացվեն երթուղայինները և պետք է թեթևացվի դրանցում երթևեկողների ծանրաբեռնվածությունը, այլ կերպ ասած՝ 10 տարի առաջ էլ կանգառներում ժամերով չպետք է սպասեինք ցանկալի միկրոավտոբուսին, պետք է երթևեկեինք նոր միկրոավտոբուսներով ու, որ ամենակարևորն է, նստած։

Այս փոփոխությունը շատ լավ եմ հիշում, քանի որ հենց 2003 թ–ին առաջին կուրսի ուսանող էի, ու փոփոխությունը զգալի ազդել էր նաև ծնողներիս՝ ուսանող պահելու համեստ հաշվարկների վրա։ Շատ լավ եմ հիշում նաև, որ թանկացումից հետո, իսկապես գրեթե մեկ ամիս բոլորը նստած էին երթևեկում՝ ստիպողաբար, քանի որ ճանապարհային ոստիկանների կողմից տուգանվում էին բոլոր այն վարորդները, ովքեր «հանդգնել» էին կանգնած ուղևոր վերցնել։ Սակայն մեկ ամիս անց կանգառներում մարդկանց կուտակումները հետզհետե սկսեցին նվազել՝ կանգնած երթևեկողների հաշվին, իսկ միկրոավտոբուսներն ու ավտոբուսներն այդպես էլ ամբողջությամբ չնորացվեցին։

Պատմությունը կրկնվում է նույն տրամաբանությամբ, ուրախալի է միայն, որ ի տարբերություն նախորդի, այսօր բողոքողներ կան։ Ու որքան էլ թանկացումն արդարեցնողները փորձեն բողոքը միայն սոցիալական հարթությունում դիտարկել, միանշանակ է, որ սա իշխանությունների՝ «դրական փոփոխություններ»–ին միտված հերթական խոստման դեմ պայքար է, քանի որ վերջին առնվազն տաս տարիներն ապացուցել են, որ պայմանների նմանօրինակ ոչ մի փոփոխություն իրավիճակը չի փոխում, առավել ևս՝ ոչ մի թանկացում չի լինում «ի օգուտ ժողովրդի»։

Այսօր տրանսպորտի թանկացման դեմ բողոքող յուրաքանչյուր ոք վստահ է, որ թանկացումը հանգեցնելու է միայն սեփական ծախսերի ավելացմանը, վստահ է, որ դրանից ո՛չ վարորդի գրպանի պարունակությունն է ավելանալու, ո՛չ տրանսպորտային միջոցներն են բարելավվելու, և ո՛չ առավել ևս երթևեկության ծանրաբեռնվածությունն է թեթևանալու։ Նրանցից յուրաքանչյուրը հարմարված լինելով հանդերձ կիսակռացած, ոչ սարքին միկորավտոբուսներով ու ոչ հիգենիկ պայմաններում երթևեկելուն, վերջնականապես հոգնել է հլու–հնազանդ տանել հերթական անհիմն ու անտեղին թանկացումը, հոգնել է ստորացված լինելուց ու համատարած անարդարության մթնոլորտում օրեր մաշելուց, հոգնել է անձայն բողոքելուց։

Սակայն ի տարբերություն քաղաքացիական հասարակության գիտակցության ու կազմակերպվածության բարձրացման, քաղաքային ու պետական իշխանությունների քայլերում այս ուղղությամբ որևէ դրական տեղաշարժ չկա։ Իշխանությունները շարունակում են չհիմնավորված պարզաբանումներով ավելացնել սեփական քաղաքացիների սոցիալական բեռը, շարունակում են հաշվի չնստել իրենց ընտրողների հետ, դեռ մի բան էլ ավելի՝ հայհոյում են ու ոստիկանության ներկայացուցիչների բիրտ ու անօրեն ուժի կիրառմամբ ավելացնում են պայքարողների թե՛ եռանդը, թե՛ ներուժը և թե՛ պայքարի արդյունքում արդարություն գրանցելու նկատմամբ ունեցած անկեղծ հավատը։ Ցավալի է, որ իշխանությունները չեն գիտակցում, որ իրենց բարեկեցիկ կյանքի գրավականը բարեկեցիկ ապրող քաղաքացու ձեռքում է, չեն գիտակցում, որ անցել են բռնության ժամանակները, որ ամեն կողմից անկյունում նետված մարդը կարող է շատ ավելի հեռու ցատկել ու, որ սեփական իրավունքների պաշտպանությունը յուրաքանչյուրի բնական պահանջն  է։

7 May 2013

Թանը դարձել է թան

Ինչպես իմ բլոգի, այնպես էլ Այսօր-ի ընթերցողները կհիշեն ամիսներ առաջ հրապարակված «Milk` կա՞թ, թե՞ թան. Անդրամաբանական հարց» գրառումը, որում պատմվում էր, թե ինչպես լատվիացի ընկերս, «100 % natural pasterized milk» (թարգմ` 100% պաստերացված անարատ կաթ) մակագրությամբ շիշը գնելով, թան էր տուն տարել: Խոսքը վերաբերում էր «Բոնիլատ» կաթնամթերք արտադրող ընկերությանը, որի արտադրած թանի վրա անգլերեն լեզվով նշված չէր նույնիսկ, որ շշում թան է:

Հիշեցնենք սակայն, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության» ՀԿ-ից, ինչպես նաև Սննդի անվտանգության պետական ծառայությունից հավաստիացրեցին, որ չնայած սպառողների իրավունքի տեսանկյունից հստակ խախտվել է հայերեն չիմացող սպառողի իրավունքը, բայց ՀՀ օրենքի տեսանկյունից այն խախտում համարել չի կարելի, քանի որ օրենքը պահանջում է միայն հայերեն լեզվով մակնշման պարտադիր առկայություն:

Այնուամենայնիվ ուրախ ենք տեղեկացնելու, որ «Բոնիլատ» ընկերությունն արձագանքել է մեր գրառմանը, և ուղղել շշի վրայի օտարալեզու գրառումը: Այժմ շշի վրա ոչ միայն նշված է «Buttermilk»` թան, այլև ճշտված է  «100 % natural pasterized milk» գրությունը` «Produced from 100 % natural milk»` «Արտադրված է 100 % բնական կաթից»:

Նախորդ հրապարակումներն այստեղ` «Milk` կա՞թ, թե՞ թան», «Milk` կա՞թ, թե՞ թան. Անդրամաբանական հարց»:

25 April 2013

Աշխատում ենք ավտոտեսուչների համար

Ամեն առավոտ ամուսինս աշխատանքի վայր հասնելուն պես մեքենան կայանում է Երևանի Կորյուն-Տերյան խաչմերուկում ու ավտոկայանիչին (պարկովշիկին) տալիս հասանելիք 200 դրամը: Մի «բարի» օր այս խաչմերուկում ևս տեղադրվեցին խախտումներն արձանագրող տեսախցիկներ:

«Բա սա ինձ չի նկարի»,- հետաքրքրվեց ամուսինս, իսկ ավտոկայանիչը վստահեցրեց, որ ամեն ինչ կարգին է, չէ՞ որ ավելի քան 2 տարի է ինքն այս նույն վայրում է կայանում մեքենան:

Անցավ մեկ ամիս, ու այս է գրեթե ամեն օր Ճանապարհային ոստիկանությունից նույն բովանդակությամբ նամակ ենք ստանում, որով այս կամ այն տեսուչը տեղեկացնում է` Կորյուն-Տերյան խաչմերուկի Կորյունի հատվածում խախտվել է կանգառ կատարելու կանոնը, որի դիմաց սահմանվում է 5000 դրամ տուգանք: Ավելին` որոշ նամակներ էլ հայտնում են, որ Կորյուն-Տերյան խաչմերուկի Տերյանի հատվածում երկու ակով մայթին կայանած մեքենաների վարորդները խախտել են ոչ թե կանգառ կատարելու կանոնը, այլ մեքենան երթևեկել են մայթով, ինչի համար տուգանվում են 20 հազար դրամով:

Իրավաբանական տեսանկյունից ողջունելի է Ճանապարհային ոստիկանության տեսուչների «անաչառ» աշխատանքը: Միևնույն ժամանակ, հենց նույն իրավական տեսանկյունից, անհասկանալի է, այդ ինչու՞ մինչ տեսախցիկների տեղադրումը այդ նույն տեսուչները, որոնք համաձայնեք անպակաս չեն Երևանի կենտրոնական փողոցներից, մի օր նույնիսկ չնկատեցին, որ նշյալ վայրում կայանված մեքենաները խախտում են կանգառ կատարելու կանոնը, կամ մայթին կայանելու համար «մեքենան վարում են մայթի վրայով»: Էլ չեմ ասում, որ շուրջ մեկ ամիս հետո ստացվող նամակները միայն տեղյակ պահեցին ավտոկայանիչին, որ վերջինս ամեն օր ՃՈ «ջրաղացին» բազմաթիվ 5000 կամ 20000 դրամներ է «լցնում»:

Հարցի բարոյական կողմը քննարկելը նույնիսկ ավելորդ է: Բավական է միայն 21 աշխատանքային օրը բազմապատկել տուգանքների միջինով, ու ստացված միջինում 262 հազար 500 դրամն ամեն ինչ կասեն: Նույնիսկ շատերին այս գումարը փաստի առաջ կկանգնեցնի` վկայելով, որ ամիսն անցկացնելու են առանց աշխատավարձի: Սրա հետ մեկտեղ հաշվի առնելով այն փաստը, որ Կենտրոնի այս հատվածում մեծ բախտավորություն է ազատ կայանատեղի գտնելը, իրենց արդար քրտինքով ապրուստի միջոցը վաստակող վարորդներից շատերը հավանաբար այսուհետ կնախընտրեն հարմարավետությունը փոխարինել ծալված մեջքերով երթուղային տաքսիով աշխատանքի հասնելու «հաճույքի» հետ:

Հ. Գ. 1 - Խնդրի մասին փորձեցինք զրուցել նաև «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի ներկայացուցչի հետ: Վերջիններս ցավով տեղեկացրեցին, որ սույն հարցով տասնյակ վարորդներ են ամեն օր ահազանգում, սակայն իրենք ոչինչ անել չեն կարող: Միակ լուծումն, ըստ վարորդների իրավունքների պաշտպանի` խնդրել «Ցիտադելի» տնօրինությանն առանձնացնել կայանման վայրը:

Հ.Գ. 2 - Դե արի վարորդ ջան, ու մի խենթանա...

22 February 2013

Իմ Փելեշյանը


Երկրորդ հարկի միջանցքի վերջում թաքնված լսարանը մեզ համար բացահայտել էր «Կինոյի ու թատրոնի» պատմության դասախոս տիկին Շիրինյանը: Իր դասաժամին մեր կողմից ցուցաբերած աշխատասիրությանն ու հետաքրքրությանն ի պատասխան` նա պայմանավորվածություն էր ձեռք բերել կինոյի և լրագրության ամբիոնի հետ, և մենք հնարավորություն էինք ստացել շաբաթ օրերին ևս գալ համալսարան` կինոդիտումների:

Այս ռեժիսորական լսարանն ուսանողների շրջանում հայտնի էր` որպես կարմիր սենյակ: Ձայնամեկուսացման համար պատերին կարմիր կարպետ էր փակցված, պատուհանները փակված էին ու միայն մի նեղ ու բարձր ապակի կար, որը լսարանը կապում էր ռեժիսորների փոքրիկ արհեստանոց-արխիվի հետ: Այստեղ տեղադրված փոքր էկրանը խոչընդոտ չէր հանդիսանում մեծ կինոդիտումներ կազմակերպելու համար: Անտեսելով լսարանի տեսուչի դժգոհությունները, թե շաբաթ օրերին ինքը ստիպված է լրացուցիչ 2 ժամ աշխատանքի վայրում լինել, ամեն շաբաթ լրացված կազմով էինք ներկայանում կինոդիտումներին: Մեր համալսարանական ընկերները, հարազատներն ու կինոսիրող ծանոթները դարձել էին այս լսարանի մշտական այցելուները:

Հենց այս կարմիր պատերից ներս է, որ առաջին անգամ դիտեցի Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը: Այս լսարանի շնորհիվ է, որ «Մենք»-ն ու «Տարվա եղանակները» առհավետ իմը դարձան, այս լսարանում է, որ մեզանից յուրաքանչյուրն իր համար բացահայտեց իր Փելեշյանին:

Սև ու սպիտակ տեսարանները, հայ մարդն ու նրա կենցաղը իր դարն ապրած, երբեմն թրթռացող տեսաժապավենից թափանցում էին մեր հոգիներ, ստիպում, որ համակ ուշադրությամբ ու առանց շշուկի վայելենք փելեշյանական աշխարհը: Այս ֆիլմերից ստացած մտքերի հեղեղը հօդս էին ցնդեցնում ցանկացած քննարկում. մեզանից յուրաքանչյուրը կարողանում էր խորը լռությունից արտաբերել միայն` հիրավի հանճարեղ է:

Հենց այդ տարիներին էր, որ Փելեշյանը հրավիրվեց մասնակցելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Մեծ ռեժիսորի այցով էր, ըստ իս, պայմանավորված երևանյան կինոփառատոնի համաշխարհային ճանաչման ու աշխարհագրության ընդլայնումը: Հիշում եմ, որ փառատոնի շրջանակում կար հատուկ ծրագիր` նվիրված Փելեշյանի ֆիլմերի հետհայաց ցուցադրությանը: Հպարտությամբ եմ հիշում, որ վարպետի ֆիլմերի ցուցադրություններին երիտասարդները համաձայնում էին տոմս գնել` նույնիսկ հատակին նստած ֆիլմերը նայելու համար, ու այդ ցուցադրություններին անգամ հատակին ազատ տեղ չկար:

Ծնունդդ շնորհավոր, հանճա'ր, ծնունդդ շնորհավոր իսկական հայ: Ու չնայած ստեղծածդ արդեն բավարար է քեզ անմնացորդ սիրելու ու գնահատելու, քեզ ընդմիշտ երախտապարտ լինելու համար, բայց ես էլ, շատերի նման, հավատում եմ, որ դեռ մեզ զարմացնելու ես նոր աշխարհներով...

21 February 2013

Շախ-մատ

Հետընտրական զարգացումների ֆոնում ամենաշատը ցավում եմ հորեղբորս համար, ում այդպես էլ մինչ օրս չկարողացա բացատրել, որ ընտրությունները մի խաղ է, որտեղ նույնիսկ իր նմանների դերն է նախապես որոշված: Հորեղբայրս անվերապահորեն վստահ էր` ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին, քանի որ իշխանափոխություն է ցանկանում: Բոլոր այն փաստարկները, որոնք վկայում էին, որ Րաֆֆին եկել է ոչ թե անհնարը հնարավոր դարձնելու, այլ զուտ ընդդիմադիր դաշտում առաջացած բացը լրացնելու համար, բողոքարկվում էին մի նախադասությամբ` «Դե եթե չես պաշտպանում Սերժին, ուրեմն պետք է Րաֆֆուն պաշտպանես»:

Ցավում եմ, որ միայն հորեղբայրս չի այդպես է մտածում, ցավում եմ, որ շատերը դեմ լինելով գործող իշխանություններին (անկախ նրանից, թե ով է իշխանության գլուխ) կանգնում են իրեն ընդդիմադիր հռչակած գործչի թիկունքում: Ցավում եմ, որ 2008 թ-ի նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձությունները դաս չեղան նրանց համար, ովքեր մի ժամանակ գոչում էին «Լևոն նախագահ»: Ավելին, ցավում եմ, որ «Րաֆֆի նախագահ» վանկարկողների ստվար զանգվածը հենց վերոնշյալ անձիք են:

Այսօր` Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումից հետո, կարծում եմ հորեղբայրս կդադարի հակառակել ինձ, ու որքան էլ ուրախ լինեմ այն բանի համար, որ Րաֆֆին ժամանակին վայր դրեց «մինչև վերջ» պայքարողի դիմակը, միևնույն է ցավում եմ այն հիասթափության համար, որ ապրելու է «հնարավոր»-ին հավատացող յուրաքանչյուր ոք...

Ու ինչ է վաղն ասի նախագահի պաշտոնին հավակնող Հովհաննիսյանը` միևնույն է. շատերի համար արդեն պարզից էլ պարզ է, որ շախմատային հերթական պարտիան ավարտվեց` ի օգուտ Շախմատի ֆեդերացիայի նախագահի, շատերի համար արդեն անհերքելի է, որ գլխավոր խաղացողն է որոշում յուրաքանչյուր խաղաքարի հետագա քայլը...

7 February 2013

Մանկավարժները` բռնի բարեգործ

Նախորդ շաբաթվանից տարբեր դպորցներում դասավանդող ուսուցիչներից նույն պատմությունն եմ լսում. նրանց դպրոցների տնօրենները ստիպում են բարեգործ դառնալ: Ինչպես պարզվեց` խոսքը միայն Արմավիրի մարզի մանկավարժներին է վերաբերում, իսկ դպրոցի տնօրինությունը նման «հանձնարարություն» ստացել է մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից:

Այսպիսով` Արմավիրի մարզի բոլոր դպրոցների ուսուցիչներին տնօրինության կողմից բաժանվել են դիմում-հայտեր, որոնցով նրանք «խնդրում են տնօրենին յուրաքանչյուր ամիս իրենց աշխատավարձի 1 %-ը փոխանցել «Արմավիրի մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամին»: Որոշ դպրոցներում ուսուցիչներն` իբրև ինքնակամ, արդեն ստորագրել են դիմումի տակ, որոշ դպրոցներում էլ ուսուցիչների բողոքից հետո տնօրեները հայտարարել են, որ «գործընթացը կասեցվում է` միայն թե ոչ մեկին չբողոքեք»:

Թե ինչպե՞ս են մեկնաբանում այս քայլը մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում, ինձ այդպես էլ չհաջողվեց պարզել, քանի որ վարչությունում գործող հեռախոսահամարներին արածս զանգերն առավոտից անպատասխան են մնում: Մինչդեռ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում անակնկալի եկան, երբ տեղեկացան վերոնշյալի մասին: Նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը նույնիսկ խնդրեց այդ մասին նամակ գրել նախարարության էլեկտրոնային հասցեին, որ իրենք էլ պարզեն, թե բանն ինչում է կայանում:

Այն, որ Արմավիրի մարզը հիմնադրամ է բացել` աջակցելու մշակույթի ու սպորտի զարգացմանը, ինքնին ողջունելի փաստ է, բայց այն, որ բարեգործությունն արվում է բռնի կերպով, այն էլ իրենց խղճուկ աշխատավարձով մի կերպ գոյատևող մանկավարժների հաշվին, կարծում եմ, անընդունելի է: Մյուս կողմից հասկանալի է ուսուցիչների բողոքը, քանզի միջինում 50 հազար դրամ աշխատավարձ ստացող և ոչ մեկ չի ցանկանա բարեգործություն անել, այն էլ` յուրաքանչյուր ամիս:

Մնում է հուսալ, որ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներում էլ ուսուցիչներն այնքան համարձակություն կունենան, որպեսզի ընդդիմանան իրենց պարտադրվող բարեգործությանը, իսկ խնդրին Կրթության և գիտության նախարարության միջամտությունից հետո մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունն էլ ի վերջի կհասկանա, որ բարեգործություն կամովի են կատարում: