Տաք ու արևոտ փողոցներ, խոնավ ու թթվածնով հարուստ օդ, կանաչ ու ծաղիկներ: Քաղաք, որը գերազանց համաձուլել է պատմականն ու նորաոճը, որտեղ հինն ու նորը քայլում են ձեռք ձեռքի տված ու ներկայանում են առանց կոնֆլիկտների ու հակասությունների: Շենքեր, որոնք պատմություն ունեն, ու շենքեր, որոնք հավակնում են պատմություն կերտելու... Լայն ու նեղ փողոցներ, ընդարձակ այգիներ, մտամոլոր ու անհոգ դեմքեր ... ահա Թբիլիսին` առաջին հայացքից...
Վաղ առավոտյան, երբ քաղաքը նոր է արթնանում, ամենահարմար ժամանակն է վայելելու ամեն մի քայլափոխը: Այս ժամին փողոցները դեռ դատարկ են, և միայն տաքսիների վարորդներն են լուռ հետևում, թե որ կողմ ես ուղղելու լուսանկարչական սարքդ: Աննկատ մնալ չես կարող, քանի որ այստեղ ևս տեղի բնակիչները միանգամից տարբերում են նորեկներին կամ օտարներին:
Իմ այսօրվա հերոսը մայրաքաղաքի գլխավոր` Ռուստավելի պողոտան էր: Այս փողոցը, չնայած որ առանձնանում է պետական կառույցների ու մշակութային խոշոր կենտրոնների շենքերով, այնուամենայնիվ կարծես ստեղծված լինի զբոսնելու համար: Փողոցի երկայնքով մեկ շարված նստարաններն էլ հենց նրանց համար են, ովքեր ցանկանում են պարզապես զգալ քաղաքի ռիթմը, եկար նայել անցորդներին կամ լուռ զրուցել այս կամ այն շենքի հետ:
Ռուստավելին միանգամից տալիս է մայրաքաղաքի ողջ նկարագիրը` բնավորությունը, նախասիրությունները, ապրելակերպն ու կենցաղը: Այս փողոցում տեսանելի է Թբիլիսիի անցած ճանապարհը, կրած փոփոխությունները և այն ուղին, որով նա ընթանում է հիմա:
Թեև առաջին հայացքից որսում ես Խորհրդային Միության ծանր շունչը, որն անցել է այս կողմերով ևս, սակայն աննկատ չի մնում «դեմոկրատական» Ամերիկայի ոգին: Մինչդեռ հարթ ասֆալտը, ծաղկազարդ մայթերն ու բրենդային խանութները վկայում են, որ Թբիլիսին բռնել է եվրոպական մայրաքաղաք դառնալու ճանապարհը, որն ի ուրախություն տեղաբնակների, չի կերտվում հինը վերացնելու և նորը կառուցելու վրա:
Դեպի Եվրոպա տանող ճանապարհը դաջված է նաև Թբիլիսիի բնակիչների հայացքներում: Տարեցները, ովքեր բովվել են տարբեր ժամանակաշրջաններում, համբերատար ու խոհեմ են վերաբերում նոր մարտահրավերներին, իրենց համար խորթ նորամուծություններն ընկալում են հարազատի պես: Միջահասակները, սովոր լինելով սովետական դիսցիպլինային, նորը մերժելու ու հնին վերադառնալու լուռ ցանկություն են փափագում: Մինչդեռ երիտասարդները պատրաստ են գլխիվայր շուռ տալ ամեն ինչ, միայն թե մայրաքաղաքը դառնա ժամանակակից, ներկայանալի ու իրենց էլ ավելի ազատություն շնորհի ...
Մի խոսքով` առաջին իսկ հայացքիքց էլ հասկանալի է, որ կովկասյան այս մայրաքաղաքը պահպանելով իր հին շենքերն ու փողոցները, հազարամյա մշակույթն ու սովորությունները Եվրոպային ցույց է տալիս, որ լիիրավ է քաղաքակիրթ երկրների շարքը դասվելու, և որ իր պատմամշակութային յուրօրինակ արժեքներով կարող է առանձնանալ Եվրոպայում: