7 December 2010

Գեղարվեստի ակադեմիայի «տուռնիկետը»` ռեկտորատ-ուսանողներ վեճի առիթ

Օրեր առաջ «Գեղարվեստի ակադեմիան բացը կլրացնի ...» նյութը պատրաստելու համար այցելել էի Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա: Ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սվետլաննա Գևորգյանի հետ զրույցի ժամանակ անդրադարձ կատարվեց նաև բուհի անվտանգությունն ապահովող ստուգիչ-անցակետին, որը, ըստ պրոռեկտորի, տեղադրվել է այս տարի:

«Անցակետը ներդրվել է ակադեմիայի ֆինանսական միջոցներով, իսկ քարտերի համար վճարել են ուսանողները»,- հայտնեց Ս. Գևորգյանն ու հավելեց, որ անցակետերի ներդրման անհրաժեշտություն առաջացել էր հատկապես բուհի մյուս մասնաճյուղում, որտեղ գերակշիռ մաս են կազմում իգական սեռի ուսանողները, և անցակետի նպատակն է կանխել «օտար» տղաների մուտքը ու պահակային ծառայողներին զերծ պահել «տհաճ պատմություններից»:


Միևնույն ժամանակ Ս. Գևորգյանը նշեց, որ չնայած անցակետերի ներդրումը պահանջված էր, բայց որոշ ուսանողների շրջանում այն դժգոհություն է առաջացրել` կապված քարտերի համար վճարում կատարելու հետ, ինչը, սակայն, բուհը փորձում է լուծել` «կոմպրոմիսային տարբերակով»:


Թերևս անցակետի մասին խոսակցությունն այսքանով էլ կսահմանափակվեր, եթե պրոռեկտորի ընդունարանից դուրս գալուն պես հետևյալ միջադեպի ականատեսը չդառնայի: Բուհի աշխատակիցներից մեկը հետաքրքրվում էր, թե միջանցքում կանգնած երեք տղան ինչու՞ լսարանում չեն դասի ժամին, որին ի պատասխան վերջիններս պատասխանեցին, որ իրենք բուհի ուսանողներ չեն և ցանկանում են առաջին կուրսի մի ուսանողի տեսնել:


Տղաները դուրս հրավիրվեցին, մինչդեռ ես անմիջապես մտաբերեցի, որ նրանց նման` բուհ մուտք գործելու համար արտասովոր դժվարությունների չեմ հանդիպել: Անցակետը չէր աշխատում, և ես համալսարան մտա բաց դռնով ու նույնիսկ չնկատեցի` շենքն անվտանգության աշխատակից կամ պահակ ունե՞ր, թե՞ ոչ, ու ստիպված եղա ինքնուրույն գտնել պրոռեկտորի ընդունարանը:


Իմ այն հարցին, թե արդյո՞ք իր նպատակին ծառայում է ստուգիչ-անցակետը, ուսանողների գերակշռող մասը ի պատասխան հավաստիացրեց, որ «բոլոր նրանք, ովքեր նախկինում մուտք էին գործում համալսարան, այսօր էլ կարողանում են ներս մտնել»: Մեկը նույնիսկ խոստովանեց, որ անցակետի համար նախատեսված իր քարտը շատերին է ծառայում ու կատակեց. «Երևի նախատեսվածից ավելի մեծ թվով ուսանողներ են մուտք ու ելք արել, դրա համար էլ մի ամիս էլ չի անցել, տեսեք, «տուռնիկետը» (Հեղ.` այդպես են ուսանողներն անվանում ստուգիչ-անցակետին) չի աշխատում»:


Հետքրքրականն այն է, որ ուսանողները խուսափում էին խոսել անցակետի մասին, կարծես ինչ-որ արգելված թեմայից էի հարցեր տալիս: Եվ մի խումբ ուսանողների կցկտուր «խոստովանություններով» էլ (Հեղ.` ուսանողների խնդրանքով անուն-ազգանունները չեմ հրապարակում) հետաքրքրաշարժ մի պատմություն բացահայտեցինք:


Ըստ այդմ` «տուռնիկետը» տեղադրելուց հետո ուսանողներն իրենց կուրսի ավագներից տեղեկացել են, որ անցակետի համապատասխան քարտ ունենալու և համալսարան մուտք գործելու համար իրենք պետք է 1000-ական դրամ գումար վճարեն: Որոշ ժամանակ անց, սակայն, այլ կուրսի ուսանողները հայտնել են, որ իրենցից ոչ մի գումար էլ չպետք է գանձվեր, և իրենք անվճար են ստացել քարտերը: Բացի այդ` բոլոր բուհերում էլ ստուգիչ-անցակետերը տեղադրվում և քարտերն էլ տրամադրվում են համալսարանի կողմից, առավել ևս` նախապես այդ մասին ուսանողները տեղեկացված չեն եղել:


Դրանից հետո մի խումբ ուսանողներ որոշել են հարցը բարձրացնել և հետ ստանալ իրենց վճարած գումարը: Ուսանողները հավաստիացրեցին, որ «խնդիրը 1000 դրամի մեջ չի, ինչպես շատերն են կարծում, այլ` արդարության. եթե տուռնիկետը պետք է տեղադրվեր համալսարանի որոշմամբ, ապա քարտերը ևս պետք է ակադեմիան տար»: Նրանք հայտնեցին նաև, որ որոշ ուսանողների գումարը հետ է վերադարձվել, սակայն պրոռեկտորը պատճառաբանել է, թե իբր «գումարը հետ են վճարում բուհի բյուջեից և այն ուսանողներին, ովքեր անվճարունակ են»: Ավելին` «բողոքող ուսանողներին պրոռեկտորի կողմից հանձնարարվել է ցուցակներ կազմել, և բոլոր նրանց, ում անուններն ու ստորագրությունը կներկայացվեն, վճարված գումարը հետ կվերադարձվի»:


«Հենց այդ պատճառով էլ մենք ետ կանգնեցինք մեր նախաձեռնությունից` այն հետաձգելով մինչև ռեկտորի` արձակուրդից վերադառնալը, քանի որ մեր նպատակը 1000 դրամը հետ ստանալը չէ, այլ այն, որ եթե քարտերը պետք է տրամադրվեին անվճար, ապա պետք է այդ գումարը վերադարձվի բոլոր ուսանողներին, այլապես ստացվում է, թե մի քանիսին գումար վերադարձնելով` հարցը փակվում է, իսկ խնդիրը լուծում չի ստանում»,- մանրամասնեցին ուսանողները:


Այս պատմությունը գրեթե նույնությամբ պատմեց ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սվետլաննա Գևորգյանը: Նա նաև հստակեցրեց, որ ստուգիչ-անցակետի տեղադրման մասին դիմում-խնդրանքով բուհի ղեկավարությանը դիմել են մի շարք ֆակուլտետների ուսանողներ (Հեղ.` Երևան, Ջրաշատ 1 հասցեում գտնվող մասնաշենքից), ովքեր պատրաստակամություն են հայտնել վճարել անցակետի համար նախատեսված քարտերի դիմաց: Չնայած դրան` նա նշեց, որ քարտերի անվճար, կամ վճարովի լինելը որոշվում է բուհի ռեկտորատի կողմից:


«Բուհի այս` գլխավոր, մասնաշենքում (Հեղ.` Երևան, Իսահակյան 36 հասցեում), ևս տեղադրվեց անցակետը, սակայն սա մեր թերացումն էր, որ այստեղ նախօրոք ուսանողները չտեղեկացվեցին, որ պետք է վճարեն քարտերի համար, հավանաբար ճիշտ չէր, որ նախօրորոք ուսանողներին չէր բացատրվել, որ այն ուսանողների ցանկությամբ պետք է լիներ»,- մանրամասնեց Ս. Գևորգյանն ու հավելեց, որ 30 ուսանողների, ովքեր «ինչ-ինչ պատճառներով» հրաժարվել են վճարել քարտերի համար` բուհն անվճար է քարտեր տրամադրել:


Մյուս կողմից` պրոռեկտորը վստահ է, որ այդ ուսանողները քարտերի համար չեն վճարել ոչ թե անվճարունակ լինելու պատճառով, այլ` «սկզբունքի հարց էր»:


«Մինչդեռ երբ մասսայական գալիս են և ասում են, թե իրենց ասել են` գնացեք ու գումարները հետ վերցրեք, հասկացա, որ այս ամենը ինչ-որ մեկն է կազմակերպում»,- ընդգծեց Ս. Գևորգյանը և հավելեց, որ այդ «ինչ-որ մեկը» մի ուսանող է, ով «ռոտացիոն սկզբունքով անվճար համակարգից անցել է վճարովի համակարգ և անձնական դժգոհությունից ելնելով` նմանատիպ բաներ է կազմակերպում»:


Պրոռեկտորը գտնում է նաև, որ այս խնդիրը չէր առաջանա, եթե բուհն ունենար ուսանողական խորհուրդ, որը բուհի ղեկավարման համակարգի և ուսանողների միջև միջնորդի դեր է կատարում և ուսանողները նախորոք կտեղեկացվեին ռեկտորատի որոշման մասին:


Այնուամենայնիվ` զրույցի վերջում Ս. Գևորգյանը նշեց, որ հարցը, ինչպես ուսանողներն են ցանկանում, նորից կքննարկվի այն ժամանակ, երբ ռեկտորը արձակուրդից վերադառնա:


«Մենք բոլոր դեպքերում չենք ցանկանում ուսանողների հետ կոնֆլիկտ ունենալ, մեզ մոտ սա աննախադեպ երևույթ է, որ ուսանողներն ինչ-որ բանից դժգոհում են»,- ամփոփեց Ս. Գևորգյանը:


Լիլիթ Բունիաթյան