5 January 2011

Քրիստոս ծնավ և հայտնեցավ

... Մեզ և Ձեզ մեծ Ավետիս ...
Այսօր Հայ առաքելական եկեղեցին և ողջ հայությունը նշում է ամենահրաշալի տոներից մեկը` Հիսուս Փրկչի ծննդյան օրը: Այս առիթով բոլոր եկեղեցիներում երեկոյան մատուցվելու է Ճրագալույցի Ս. Պատարագ:

Իմ ամենասիրելի տոներից մեկը` Սուրբ ծնունդը, միշտ էլ առանձնակի հոգատարությամբ է նշվել մեր տանը: Չէ՞ որ այս տոնի աստվածային խորհուրդն իր դրսևորումն ու արտացոլումն է գտնում ցանկացած քրիստոնյայի սրտում:

Ընտանիքիս անդամները յուրահատուկ սիրով են նախապատրաստվում տոնին: Նրանք, ովքեր երեկոյան տանն են մնացել, համբերատար սպասում են` մինչև կվերադառնան պատարագին մասնակցողներն ու Քրիստոսի ծննդյան ավետիսը` ճրագի հետ, տուն կբերեն: Այնուհետև ցնծությամբ սեղան ենք նստում ու կարմիր գինով միմյանց շնորհավորելով` վայելում անուշահամ ձուկ, բանջար ու փլավ:

Տատիկս ավանդի համաձայն` այսօր տանը ևս խունկ ենք ծխեցնում: Իսկ եկեղեցուց բերված ճրագով վառված մոմերը վառ ենք թողնում` մինչև կմարեն ...

Աստվածային շունչը թևածում է նաև մեր բնակարանում ...

Հենց նույն զգացողությամբ էլ առավոտյան նորից եկեղեցի ենք շտապում: Այս անգամ արդեն Քրիստոսի ծննդյան ավետիսը բոլորի հետ կիսելու: Ս. Պատարագի հրաշք հնչյունների ներքո շնորհավորում ենք միմյանց ու մասնակցում Ջրօրհնեքի արարողությանը:

 ... Շնորհավոր ամանոր և Սուրբ ծնունդ ...

Հ.Գ. - Երանի՛ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնելու Էջմիածնի եկեղեցիներից որևէ մեկն ու վառված ճրագով տուն են վերադառնալու: Երանի՛ նրանց, ովքեր վաղն օրհնած ջուր են ստանալու, որն ամբողջ տարվա ընթացքում սպեղանի պետք է լինի ...

... Այս հրաշք երկրում` իսկական հրաշքից այսքան հեռու, եկեղեցի եմ գնալու ու, վստահ եմ, որ իմ փոքրիկ ճրագով միանալում եմ աշխարհի բոլոր քրիստոնյաներին ...

No comments:

Post a Comment