28 January 2011

Շնորհավոր տոնդ, Զինվո´ր

Լուսանկարը` Լիլիան Գալստյանի
Արցախի հերոսամարտի մասին շատ բան չեմ հիշում: Հիշում եմ միայն, թե ինչպես հենց Արցախի հերոսամարտով դրդված` կամավորների շնորհիվ ձևավորվեց ու կայացավ նորանկախ Հայկական պետության բանակը:

Բանակի մասին մանկական հիշողություններից ամենավառն էլ, թերևս, կապված է իմ ճանաչած առաջին զինվորի` մորաքրոջս ամուսնու հետ: Դեռ պատերազմի տարիներին էլ բոլորը վստահ էին, որ քանի Տարզանը (մորաքրոջս ամուսնու մականունն է, նրան բոլորն այդպես են ճանաչում) ողջ է, ուրեմն տուն չի գա, մինչև կռիվը չվերջանա:

Չեմ կարող ասել, թե Տարզանը  հերոսին բնորոշ բոլոր դրական հատկանիշներով է օժտված, բայց որ հերոսաբար կռվի դաշտի առաջին գծերում է եղել պատերազմի առաջին օրվանից մինչև զինադադարի կնքումը, անհերքելի փաստ է: Անհերքելի է նաև այն, որ նա հրաշքով է անցել պատերազմի բովով ու ողջ և առողջ տուն վերադարձել:

Կռվի տարիներին իր գլխովն անցածի մասին կատակով է պատմում: Չի խոսում այն մահացու վերքերից, որոնց մասին լուռ վկայում են միայն սպիները: Ու չնայած չի սիրում, որ իրեն բնորոշում են` որպես պատերազմում կռվածի, բայց հպարտությամբ է պատմում բոլոր այն տղերքից, ում հետ կռվել է:

Նրան ամենևին չի անհանգստացնում այն, որ զինվորական գրքույկը իր կռված տարիներից միայն 2-ի մասին է վկայում: Հրաշք համարելով հաղթանակը սեփական աչքերով տեսնելը` նա այսօր ցանկանում է միայն իր ընտանիքի սերն ու ջերմությունը վայելել:

Սակայն Տարզանը մեկն է բոլոր նրանցից, ովքեր նպաստել են Հայկական բանակի կայացմանը: Ու այսօր նրա` իմ ճանաչած առաջին զինվորի գլխավորությամբ էլ, շնորհավորում եմ հայկական բանակի կայացմանն օժանդակած բոլոր տղաներին` հատկապես նրանց, ովքեր կռվել են, նրանց, ովքեր ծառայել են և նրանց, ովքեր ծառայում են Հայկական բանակում: Հենց ձեր շնորհիվ է, որ ամուր է մեր մեջքը, որ մենք այսօր իրավունք ունենք պահանջելու լավը, որ մենք ինչ-որ բան պահանջելու իրավունքն ունենք ...

Շնորհավոր ծնունդդ, Հայկական բանակ...

No comments:

Post a Comment