21 January 2011

London is the capital of Great Britain - Մաս 3-րդ

Լոնդոնի Աչքը

Եթե ժամանակին ասել են, թե Լոնդոնի ցանկացած կետից տեսանելի է Բիգ Բենը, ապա այսօր սխալ չի լինի ասել, որ ամենատեսանելին ու ամենատեսը «Լոնդոնի Աչք»-ն է:
Հասնել Լոնդոն ու չմտնել «Լոնդոնի Աչքը» (London Eye), այլ կերպ ասած` չնստել աշխարհի ամենամեծ «սատանի օղակը»` հանցագործություն կլինի: Այս հսկա կառույցը ոչ միայն հիացմունք է պատճառում, երբ նրա ներսից ես նայում, այլև` երբ նրան ես նայում` թե´ հեռվից, թե´ դրսից և թե´ ներքևից:

Նախ ասեմ, որ «Լոնդոնի Աչքը» կառուցվել է 2000 թ-ի մարտի 9-ին: Կառուցման ժամանակ նախատեսվել է, որ այն պետք է գործի 5 տարի, սակայն բերած հասույթի շնորհիվ օղակը պահպանվել է, իսկ կառուցողներն իրենց հերթին խոստանում են, որ այն բրիտանացիների ու զբոսաշրջիկների համար կծառայի մինչև 2025 թ-ը: Իր գործունեության ընթացքում «Լոնդոնի աչքն» արդեն կատարել է ավելի քան 45 հազար պտույտ և Լոնդոնը վերևից տեսանելի է դարձրել շուրջ 40 միլիոն մարդու:

Երկար արահետի նման ձգվող զբոսայգին, որը բոլորին բերում է դեպի «Լոնդոնի Աչք», այս մեծ հրաշքի անբաժան մասն է: Այստեղ քեզ ուղեկցում են ոչ միայն ծառերն ու ծաղիկները, այլև` փողոցային երաժիշտները, կենդանի արձանները, խամաճիկներն ու աշխարհի հռչակավորները` Չարլի Չապլինից ու Մայքլ Ջեքսոնից մինչև Դոնալդ Բադիկն ու Միկի Մկնիկը: Խնդիր չկա, թե ում հետ ես ցանկանում նկարվել, պարզապես բարի եղիր ու մետաղադրամ դիր «ուղեկցողիդ» առջև գտնվող արկղում:

Սակայն նախքան մտնելը հսկայական «Աչք», յուրաքանչյուրը ստիպված է տոմս ձեռք բերելու փորձությունը հաղթահարել: Ու չնայած շատերը մեզ պես տոմսերը գնում են օնլայն տարբերակով, միևնույն է` շուրջ կես ժամ կանգում են դրամարկղի մոտ գոյացած հերթում:

Այդքան էլ պահանջվում է դեպի կինոսրահ տանող հերթը: Սա վերջին շրջանի նորամուծություններից է. այստեղ անվճար 3 րոպե տևողությամբ 4D ձևաչափի ֆիլմ դիտելու հնարավորություն է տրվում: Ֆիլմը «Լոնդոն Աչքի» ու նրա միջոցով բացվող տեսադաշտի` թագավորական մայրաքաղաքի հին ու նոր կառույցների, պատմամշակութային արժեքների, բրիտանացիների ու զբոսաշրջիկների մասին է:

Մոռացա նշել, որ տոմսերը գնել էինք օնլայն տարբերակով, քանի որ այսպես նախ խնայել էինք մոտ 2 ֆունտ, բացի այդ` անծայրածիր հերթում կանգնելու փոխարեն «Լոնդոնի Աչք» պետք է նստեինք անհերթ: «Անհերթ» տարբերակն էլ իր հերթին շուրջ 40 րոպե է պահանջում, այն դեպքում, երբ «հերթ կանգնողները» առնվազն 2-3 ժամ կորցնում են: Իսկ «Լոնդոնի Աչքի» մոտ ձգվող հերթը օրվա ընթացքում չի կարճանում, այն լավագույն դեպքում նոսրանում է:
Նստեցինք: Դե հիմա ժամանակն է լուսանկարչական սարքը հանել և փորձել մյուսներին էլ փոխանցել այն, ինչը տեսանելի է միայն այս «Աչքի» շնորհիվ:
Չէ՞ որ այս հաճույքը չնայած 45 րոպե, բայց շա՛տ կարճ է տևում ...
Լոնդոնն իսկապես մայրաքաղաք է: Ավելին` այն թագավորական մայրաքաղաք է, ինչի մասին բարձրաձայնում է ցանկացած շենք, ցանկացած սյուն ու ցանկացած հուշարձան: Այդ են փաստում նաև օդի թաց թարմությունը, քաղաքի չշտապող արագ ընթացքը, կարմիր ավտոբուսներն ու ֆիլմերից պոկված հեռախոսախցիկները, անծայրածիր զբոսայգիներն ու հիացած զբոսաշրջիկները:


Շարունակելի ...

No comments:

Post a Comment