18 January 2011

Տարօրինակ Պատարագ

Բրիստոլում փոքր համարվող եկեղեցիները սովորաբար փակ են. դրանք բաց են միայն չորեքշաբթի և ուրբաթ` ժամերգության ժամերին, և կիրակի առավոտյան` Պատարագի ժամին: Սուրբ Ստեփանոսի (S. Stephens) անունը կրող եկեղեցին փոքր եկեղեցիներից մեկն է: Այն գտնվում է Հին Բրիստոլի կենտրոնական փողոցներից մեկում` Corn Street-ում: Ամեն անգամ այս եկեղեցու կողքով անցնելիս մտածում էի` պետք է անպայման ներս մտնել:

Կիրակի նախաճաշից հետո մեր քայլերն ուղղեցինք դեպի Ս. Ստեփանոսի եկեղեցի: Մի փոքր ուշացել էինք Պատարագի սկիզբը նախանշող ժամից, և երբ եկեղեցու դռները բացեցինք, թվաց, թե Պատարագն արդեն ավարտվել է: Բանը նրանում է, որ եկեղեցում եղած աթոռները թափուր էին, իսկ Պատարագին սակավաթիվ մարդիկ էին ներկա, նրանք էլ նստած էին նախաբեմում տեղակայված աթոռների վրա, որտեղ մեզ մոտ միայն քահանաներին ու դպիրներին է թույլատրված լինել:

Պարզվեց, որ առանձնահատուկ օր ենք եկեղեցի այցելել: Քարոզ կարդացող սպասավորը (կամ քահանան. չգիտեմ` ինչպես նրան անվանեմ) ներկաներին հայտնեց, որ վերջին անգամ են տեսնում եկեղեցու բեմի պատն այս տեսքով, քանի որ մյուս կիրակի այն զարդարված կլինի չորս նոր նկարներով: Նկարները տեղակայվելու էին պատի բաց հատվածներում, որտեղ նախկինում եղել են հրեշտակների նկարներ, որոնք ժամանակի և անուշադրության հետևանքով ոչնչացել են:

Նա նշեց նաև, որ նկարները ձեռք են բերվել ոչ թե պետական օժանդակության, այլ տարբեր մարդկանց նվիրատվությունների շնորհիվ: Այնուհետև խնդրեց ներկաներին եկեղեցու բեմի վրա դրված ջրով օծել պատի բաց հատվածները` պատրաստելու դրանք նկարների տեղադրմանը:

Նշեմ, որ չնայած քարոզ կարդաց սպասավորը,  ով մոտ 50 տարեկան մի տղամարդ էր, սակայն ծեսը վարում էր մոտ 30 տարեկան մի կին: Վերջինիս հորդորով ներկաներից յուրաքանչյուրն իր անհատական աղոթքը բարձրաձայնեց և բոլորը միասին խնդրեցին Աստծուն` լսելի դարձնել այն: Տերունական աղոթքից հետո էլ երիտասարդ կինը օրհնեց հացն ու գինին` որպես Քրիստոսի մարմին և արյուն, և փոխանցեց ներկաներին` ճաշակելու:

Չէի էլ կարող ենթադրել, որ այսպիսի տարօրինակ Պատարագի մասնակիցը կդառնամ, առավել ևս պատկերացնել, որ նույնիսկ հաղորդություն կստանամ: Բայց ամեն ինչ այնքան բնական ու սահուն ընթացավ, որ մենք ակամա դարձանք սակավաթիվ հավատավորներից մեկը:

Հաղորդություն ստանալուց հետո սպասավորի հորդորով բոլորը դուրս եկան եկեղեցուց` բաց երկնքի տակ ստանալու Աստծո օրհնությունը:

* * *

Երբ Պատարագի մասնակիցները հրաժեշտ տվեցին իրար ու հեռացան, սպասավորները մոտեցան մեզ. մենք նորեկներ էինք, իսկ այստեղ, ինչպես պարզվեց, բոլորն են իրար ճանաչում: Հետաքրքրվեցին, թե որտեղի՞ց ենք, որտե՞ղ ենք օթևանում, ի՞նչ նպատակով ենք Բրիստոլում և ինչու՞ ենք որոշել հենց այս եկեղեցում Պատարագի ներկա գտնվել:

Տղամարդ սպասավորը նշեց, որ այն, ինչ մենք տեսանք Սուրբ Ստեփանոսի եկեղեցում, չի կատարվում այլ եկեղեցիներում: Նրա խոսքերով` ժամանակի ընթացքում ու ներկայիս պայմանների թելադրանքով մարդիկ դադարել են եկեղեցի հաճախել և իրենց առօրյա կյանքը Քրիստոսի հետ կապել, այդ իսկ պատճառով այս եկեղեցին փոխել է ավանդական Պատարագի ծեսը և այն դարձրել է «ավելի մտերմիկ»:

«Այստեղ աղոթում և Պատարագից շարականներ են երգում բոլոր ներկաները, բոլորը ճանաչում են իրար և մտերմացել են, և այս պարզության մեջ է, որ Աստծո խոսք են լսում ու ապրում են քրիստոնյայի կյանքով»,- մանրամասնեց սպասավորը ու հավաստիացրեց, որ Բրիստոլի մյուս` ավելի մեծ եկեղեցիներում, մենք կտեսնենք այն, ինչ սովոր ենք տեսնել:

Նա մեզ նորից ներս հրավիրեց ու պատմեց եկեղեցու պատմությունը, ցույց տվեց այն նկարների էսքիզները, որոնք ուրբաթ երեկոյան տեղադրվելու են եկեղեցում: Իսկ երբ տեղեկացավ, որ աշխարհում առաջինը Քրիստոնեությունը` որպես պետական կրոն ընդունած երկրից ենք, և որ մեր` Առաքելական եկեղեցին միակն է աշխարհում, խոստացավ անպայման գտնել ու կարդալ մեր պատմությունը:


Հ.Գ. - Խոստովանեմ, որ այս անսովոր Պատարագի ընթացքում մտքումս անընդհատ Կոմիտասի «Տերունական աղոթք»-ն էի երգում:  Ու դուրս գալով Ս. Ստեփանոսի եկեղեցուց` նորից համոզվեցի` մեր եկեղեցին, ու Պատարագի մեր ծեսը, իսկապես անկրկնելի է, հրաշալի, խորհրդավոր ու աստվածային ...

No comments:

Post a Comment