15 January 2011

Ինչու՞ հայերը կան ու չկան

Թագավորական մայրաքաղաք կատարած առաջին այցելությունիցս հետո, հիացմունք արտահայտելուց բացի, միշտ ասում եմ, որ երբ Լոնդոնում էի, ոչ թե «հպարտ էի, որ հայ եմ», այլ «մանթո էի, որ Հայաստանում եմ ծնվել»: Միևնույն ժամանակ Լոնդոնի մշակույթը, ճարտարապետությունն ու հզորությունը ինձ մոտ մեկ ուրիշ բացահայտման առիթ դարձավ...

Առաջին բանը, որ տեսել եմ Լոնդոնում, մի խանութ էր` «Քյաբաբ» գլխատառերով: Վաճառողը ծնունդով Սիրիայից էր: Երբ իմացավ, որ մենք էլ Հայաստանից ենք, ոգևորվեց. «Մեզ մոտ` Սիրիայում, շատ են հայերը: Դուք գիտե՞ք ձեր պատմությունը: Գիտե՞ք, որ 1915 թ-ից հետո, երբ Թուրքերը կոտորած արեցին ու հայերին տեղահանեցին, շատերը հենց այդ ժամանակ եկան Սիրիա: Ես շատ հայերի եմ ճանաչում... նաև Ցեղասպանությունից փրկված»:

Չէ, չուրախացա, տխրեցի, որ դարձյալ այդ ճանաչումը Ցեղասպանությունն է...

Բանը նրանում է, որ երբ ամիսներ առաջ Հելսինկիում էինք, Տիգրանի դասախոսը` ծնունդով Ֆրանսիացի Ֆիլիպը, ով Գերմանիայում էր ապրում, հայերի մասին մեր հայտնած տեղեկություններից ծիծաղի ու կասկածի չարժանացրեց միայն Ցեղասպանության եղելության մասին փաստը: Այն, որ մենք առաջին քրիստոնյաներն ենք, այն, որ մենք ունենք դարավոր մշակույթ ու նույնիսկ այն, որ Շարլ Ազնավուրը հայ է, Ֆիլիպը համարում էր գարեջրի ազդեցության հետևանք, որն «այնքա՛ն զվարճալի է»: Լավ է, որ համացանցում կան նաև անկախ աղբյուրներ, որոնք հաստատել էին հայերի դարավոր գոյության ճշմարտացիությունը:

Սակայն Ֆիլիպն ու նրա նմանները հազարներով են, ովքեր ոչ միայն չգիտեն, որ 7-րդ դարի սկզբում, երբ շատ ու շատ տերություններ դեռևս չէին գոյացել, մենք կերտել ենք Հռիփսիմեի տաճարը, որը կանգուն է առայսօր, ոչ միայն չեն պատկերացնում, որ 10-րդ դարում Նարեկացու նման հանճար ենք ունեցել, ոչ միայն չգիտեն, որ համաշխարհային դասական երաժշտության մեջ լադեր սահմանողը եղել է Կոմիտասը, այլև գաղափար էլ չունեն ժամանակակիցների մասին, ովքեր իսկապես հեղինակություն են վայելու աշխարհում:

Միևնույն ժամանակ ինչպե՞ս Ֆիլիպից ու նրա նմաններից նեղանալ, եթե հայերից քչերն էլ գիտեն, օրինակ, կոմպոզիտոր Վաչե Շառաֆյանի, երգչուհի Աննա Մաիլյանի, նկարիչ Հակոբ Հակոբյանի, Մինաս Ավետիսյանի, քանդակագործ Արտո Չաքմաքչյանի և այլոց մասին...


Հ.Գ. - Այս ամենը գուցե այսքան չհուզեր ինձ, եթե Անգլիայում գտնվելու օրերին կարդալիս չլինեի «Դե Գարդիան» պարբերականը: Թերթը, որ աշխարհում ամենից շատ ընթերցվողների շարքում է, մեկ շաբաթ լույս տեսավ հավելվածով` ճանաչողական գրքույկներով, որոնք կրում էին  «Հին աշխարհ» խորագիրը: Տպավորիչ էր, որ Հունաստանի, Հռոմի, Եգիպտոսի մասին պատմող գրքույկներում պատկերված հին աշխարհի քարտեզների վրա առկա էր նաև Հին Հայաստանը: Միևնույն ժամանակ «Հին աշխարհ» խորագիրը կրող գրքույկների շարքը գրեց նույնիսկ Հնդկաստանի ու Ամերիկայի մասին, բայց ոչ մի խոսք հին աշխարհի մեկ այլ հզոր պետության մասին, որն աշխարհում գոյություն ունի նաև այսօր ...

Լուսանկարը` Լիլիան Գալստյանի

2 comments:

  1. Ոչ մեկ էլ չի խոսա Լիլիթ ջան` 2 պատճառներով.
    նախ, որ դա գլոբալ առումով մենք չենք ուզում, մեզ այլ "կարևոր" բաներ են հետաքրքրում, և երկրորդն ու ամենակարևորը` դա չեն ուզում նրանք` խոսողները... իսկ դրա հիմքում շա~տ խարն են արմատները...
    մնում է մենք ցանկանաք, այն էլ գալիս ենք առաջին պատճառին...

    ReplyDelete
  2. Լրիվ քեզ հետ համաձայն եմ, ցավոք ...
    Բայց ես ուզում եմ, էէէ :))

    ReplyDelete