3 February 2011

Արցախը ևս Ազգային պատկերասրահ կունենա

Լուսանկարը` Լիլիան Գալստյանի
«Յուրաքանչյուր երկրի մայրաքաղաքը սկսվում է Ազգային պատկերասրահով» համոզմունքը մեր մի շարք հայրենակիցներին ստիպել է մտածել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ևս Ազգային պատկերասրահ հիմնելու մասին:

«Երբ երկիրը բացում է պատկերասրահ, նշանակում է, որ այդ երկիրը խաղաղություն չի ստեղծում մեկ օրվա համար, այլ ստեղծում է հավերժ խաղաղություն` այնպես, ինչպես մշակույթն է հավերժ և Երկիր մոլորակն է հավերժ»,- այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է մոսկվաբնակ մեր հայրենակից, երկրաբան, ակադեմիկոս Գրիգոր Գաբրիելյանցը, ում և պատկանում է Արցախում Ազգային պատկերասրահ հիմնելու գաղափարը:

Գ. Գաբրիելյանցի խոսքերով` իր գաղափարը լայն արձագանք է գտել: Արցախի ապագա պատկերասրահի համար արդեն Մոսկվայում ձևավորվել է շուրջ 150 աշխատանք պարունակող մի հավաքածու, որը մի շարք բարերարների և նկարիչների նվիրատվությունն է: Ապագա պատկերասրահին նվիրելով իր անձնական հավաքածուն ևս` Գ. Գաբրիելյանցը հիմք է դրել մի նոր սկզբունքի. Արցախի Ազգային պատկերասրահի հավաքածուն հավաքագրվելու է միայն նվիրատվությունների արդյունքում:

«Եթե պատկերասրահը ստեղծվում է միայն նվիրատվությունների արդյունքում, այն միանգամայն այլ արժեք է ունենում: Հասարակ մարդիկ, ովքեր գալու են այս պատկերասրահ, գիտակցելու են, որ պատկերասրահն իրենց նվեր է արված, որ ինչ-որ մարդիկ բարին են ցանկացել իրենց»,- ընդգծեց ակադեմիկոսը:

Բացի այդ, ըստ Գ. Գաբրիելյանցի` այս պատկերասրահը նաև ուսուցողական բնույթ է ունենալու, քանի որ ներկայացվելիք հավաքածուն պարունակում է Ռուսաստանում, Մոնղոլիայում, Մեքսիկայում, Թուրքմենիայում, Ուզբեկստանում, Ղազախստանում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում ստեղծագործող անվանի նկարիչների աշխատանքներ:

Իր հերթին ասուլիսին ներկա Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հայտնեց, որ Նկարիչների միությունը վաղը` փետրվարի 4-ին բացում է նոր ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվելու են Հայաստանի` Արցախի ապագա պատկերասրահին նվիրած աշխատանքները:

«Ցուցահանդեսին կներկայացվեն շուրջ 100 աշխատանք` ինչպես խորհրդային տարիների, այնպես էլ ժամանակակից նկարիչների: Նկարների մի մասը Նկարիչների միության պահոցից է, մյուս մասը նվիրել է Հայաստանի մշակույթի նախարարությունն` իր պահոցից»,- հայտնեց Կ. Աղամյանն ու ավելացրեց, որ հավաքածուի հավաքագրումը շարունակվում է, քանի որ շատերը նոր են տեղեկացել այդ մասին:

Նկարիչների միության նախագահի համոզմամբ` Հայաստանում կհավաքագրվի առնվազն 200 հավաքածու: Նա նշեց, որ Հայաստանում գործող մի շարք պատկերասրահներ, անհատ նկարիչներ ևս պատրաստակամություն են հայտնել նվիրատվություններ կատարել:

Այժմ ճշտվում են ապագա պատկերասրահի շենքային հարցերը: Գրիգոր Գաբրիելյանցի խոսքերով` նախքան նկարների հավաքագրումը, իրենք հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, ով տեղեկանալով նախաձեռնության մասին, հավաստիացրել է, որ կխրախուսի բարերարներին և կաջակցի լուծել պատկերասրահի շենքային խնդիրները: Հենց այս առիթով նախաձեռնող խումբը Հայաստանում տեղի ունենալիք ցուցահանդեսից հետո կմեկնի Արցախ` անձամբ զննելու այն 2 շենքերը, որոնք արդեն առաջարկվել են Արցախի Հանրապետության կողմից:

Նշենք նաև, որ նախնական տվյալներով` Արցախի Ազգային պատկերասրահի բացումը տեղի կունենա սույն թվականի օգոստոսին:

No comments:

Post a Comment