18 March 2011

Մերն ուրիշ է

Անգլիայի Բրիստոլ քաղաքի Ս. Ստեփանոս եկեղեցուն հարող այգին պատկանում էր այն հոգևորականին, ով եկեղեցում քարոզներ էր կարդում: Բացի այդ` այգին մի տարածք էր, որտեղ գործում էր եկեղեցուն կամ նույն հոգևորականին պատկանող սրճարանը:
Ս. Ստեփանոս եկեղեցու սրճարանը օրվա որոշ ժամերին էր բաց: Այն գուցե նաև որոշ հավատացյալների համար անփոխարինելի հավաքատեղի էր: Ու եթե հաշվի առնենք անգլիացիների «սառը» բնավորությունը, ապա այս սրճարանը հիանալի վայր էր հանդիպելու, զրուցելու, սիրտն ու գաղտնիքները բացելու համար: Այստեղ, ի տարբերություն քաղաքի մյուս սրճարանների, ուտեստները պատրաստվում էին «տնական» բաղադրատոմսերով: Բացի այդ` հոգևորականների ներկայությունը նաև հոգևոր սննդի հնարավորություն էր ընդձեռնում այցելուներին:

Մի փոքր անուշադիր լինելու դեպքում, սակայն, դժվար էր նկատել, որ սրճարանի սեղան-աթոռները տեղակայված էին տապանաքարերի վրա: Հենց մակագիր տապանաքարերի վրայով էր, որ այգի մտնողը կարող էր շրջանցել այն ու որևէ բան ճաշակելու համար հարմար տեղ գտնել:

Բրիստոլում գտնվող գրեթե բոլոր փոքր եկեղեցիներն էլ եկամտի նմանատիպ աղբյուր ունեին: Ու այդ փաստն անգլիացիների համար բնական ու օրինաչափ է: Չէ՞ որ ոչ բոլոր անգլիաբնակներն են հավատացյալ, էլ չեմ ասում` քրիստոնյա, չէ՞ որ ոչ բոլորն է, որ Աստծո հետ կապ հաստատելու կամ Բարձրյալի ներկայությունը զգալու համար հոգևորականի կամ եկեղեցու կարիք ունեն, ուրեմն ոչ բոլորին է հետաքրքիր, թե ինչպե՞ս են ապրում հոգևորականներն ու ինչպե՞ս են վաստակում, ու ոչ բոլորն է, որ նպաստում են հոգևորականների «բարեկեցությանը»:

Ս. Սեփանոս եկեղեցու մասին հիշեցի մամուլում օրերս տեղ գտած մի հոդվածի շնորհիվ: Ինչ խոսք` եթե Անգլիայում տեսնեի հոգևորականի, ով թանկարժեք մեքենա է վարում, նույնքան բնական կհամարեի, որքան որ բնական է, երբ եկեղեցուն հարող այգին որպես սրճարան ու եկամտի աղբյուր է ծառայում հոգևորականի համար: Բայց մերն ուրիշ է...

Հ.Գ. - Մյուս կողմից ինձ համար տարօրինակ է այն, որ երբ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը աջակցում ու հովանավորում է շատ ու շատ ցուցահանդեսների կամ մշակութային այլ միջոցառումների կազմակերպմանը, բոլորը նրա անունը մեծատառերով են արտաբերում և ոչ մեկին չի էլ հետաքրքրում` իսկ նրան որտեղի՞ց գումար... մինչդեռ շքեղ մեքենա ունենալը դառնում է բոլորի քննարկման առարկա:

No comments:

Post a Comment