4 October 2011

Հին Թբիլիսին ուրիշ հոտ ունի

Նեղ ու սալիկապատ փողոցները հենց Թբիլիսիի կենտրոնական հրապարակից յուրաքանչյուրին ուղեկցում են դեպի Հին Թբիլիսի: Այստեղ է, որ վրացական մայրաքաղաքը հպարտորեն կարող է խոսել իր տարիքից ու հյուրերին ներկայանալ քաղաքակրթության զարգացման բոլոր փուլերով:
 
Հին Թբիլիսին, ասես, բաժանված է երկու մասի: Առաջինը վերանորոգվածն է, որտեղ կարելի է հանգիստ քայլել, գնել հուշանվերներ, գեղեցիկ լուսանկարներ անել ու եվրոպական քաղաքակրթությանը զգալ: Երկրորդը` իրական Հին Թբիլիսին է, որն ավելի շատ ասելիք ունի, որտեղ ավելին կարող ես տեսնել ու զգալ, որտեղ ավելի հեռու անցյալ կարելի է գնալ` անցնելով սերունդների փոփոխության միջով, տեսնելով ճարտարապետության զարգացման ուղիները, զարդանախշերի բազմազանության մեջ նշմարելով բարձրաճաշակ հասարակության շունչը:
 
Հին Թբիլիսիի փողոցներով քայլելրիս` ամեն ինչ նկատել ու լուսանկարաչական սարքով ֆիքսել ցանկացող հայացքդ կմատնի, որ դու հետաքրքրասեր զբոսաշրջիկ ես: Սակայն ոչ թե քննող աչքերի կհանդիպես, այլ ժպտացող ու հոգատար դեմքերի, որոնք, եթե իմանան, թե ինչ լեզվով ես խոսում կամ թե որտեղից ես, անպայման քեզ ցույց կտան առավել կարևորը:

Հայ լինելդ ամեն խնդիր կհարթի, չէ՞ որ հենց այս փողոցներում նախկինում ապրել են հայեր, չէ՞ որ հենց այս փողոցները կերտվել են նրանց կողմից, չէ՞ որ հենց այս քաղաքակրթությունը հայկական է: Ու անպայման կգտնվի մեկը, ով հայ է, ում մանկությունն ու պատանեկությունն անցել են թիֆլիսյան իրականությունում: Նա անպայման կպատմի, որ այս դիմացի փողոցի շքեղ բազմահարկ շենքը պատկանել է մի հարուստ հայի, ով ունեցել է այս կամ այն մասնագիտությունը, ապրել է այսքան կամ այնքան: Նա կպատմի նաև, թե ինչպես է, որ այդ  շենքը ևս այժմ պատկանում է երկրի տերերին: Այդժամ նրա աչքերում կնկատես անսահման տխրություն, անսահման կարոտ ու ցավ` շաղախված անսահման հպարտության հետ: Սակայն ավելի շուտ նա կլռի, հիշողության գիրկն ընկնելով, քան կտրտնջա. չէ՞ որ սա իր հայրենիքն է...

Այնուամենայնիվ` Հին Թբիլիսին միանգամայն այլ հոտ ունի: Այստեղ քաղաքը բուրում է, ոչ թե ֆրանսիական օծանելիքի արբեցնող նրբահոտությամբ, թխվածքների խանութներից տարածվող վանիլահոտությամբ, կամ բազմատեսակ բրենդային հագուստի խանութների թարմահոտությամբ, ինչպես կենտրոնական փողոցներում է, այլ խոնավ քարի, ժամանակի ընթացքում դեֆորմացված ու փտած փայտի, ժանգոտած պատուհանների, մաքուր ու անդորր օդի հոտով:
Այս գողտրիկ փողոցներով կարող ես քայլել ժամերով, լսել մանկական խաղի անուշ ձայնը, աննկատ հետևել ծերունիների ձեռքում գլորվող զառին ու չրխկացող նարդու քարերին, քամու մեղմ սոսափյունով հասնել մոտակա փոքրիկ այգին ու ունկնդիրը դառնալ օտար լեզվով, բայց, ամենայն հավանականությամբ, ծանոթ թեմաներով շաղակրատող կանանց խոսքին, ու տեսածով այնքան ապշել, որ չիմանաս` ինչ լուսանկարել, ինչ անմահացնել, ինչ հավերժ դաջել հիշողության մեջ...

No comments:

Post a Comment