7 December 2011

Նկարիչները մի կերպ են պահպանում իրենց գոյությունը. հարցազրույց

Լուսանկարը` Գևորգ Պերկուպերկյանի
Շուրջ երկու տարի է Աշխարհի հայ նկարիչների միությունը հանդես է գալիս մի շարք խոշորածավալ միջոցառումներով` Սիրահարների ու Սբ. Սարգսի տոն, Վիկտոր Համբարձումյանի 100-ամյակ, Վազգեն Ա Վեհափառի 100-ամյակ, Տիգրան Մեծի 2150-ամյակ, Հայոց ցեղասպանության 95-ամյակ, Գարեգին Նժդեհի 125-ամյակի, Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակ, Հայաստանի անկախության 20-ամյակ, Անի մայրաքաղաքի 1050-ամյակ և այլն: Ինչո՞ւ ու ինչպե՞ս է միությունը նախաձեռնում այս միջոցառումներն, ինչպիսի՞ նոր ծրագրեր ունի, արդյո՞ք դժվարությունների ու պատնեշների հանդիպում է. այս հարցերի շուրջ HayNews.am-ը զրուցեց միության նախագահների` նկարիչ Ղազար Միրզոյանի և Անահիտ Մխիթարյանի հետ:



Ինչո՞ւ որոշեցիք նման նախաձեռնություններով հանդես գալ


Ղազար Միրզոյան - Երկու հոգի, կհամարվեն խենթ, թե խելառ, ովքեր իրենց անձնականը դրել են մի կողմ, ցանկացան ազգի մշակույթին օգուտ բերել: Գուցե կհամարեն, թե դա շահադիտական նպատակներ է հետապնդում, (HayNews.am` ինքն իրեն ուղղում է) հա´, շահադիտական նպատակներ հետապնդում է` մենք Աստծո առաջ մաքուր ենք, Աստծո առաջ գլուխներս պարզ ենք անում, որ մեր ազգին ինչով կարողանում ենք, օգնում ենք, դա ամենամեծ շահն է: Եթե մարդ մի բան կարող է անել, բայց չի անում, մեղք է գործում, իսկ մենք սա կարողանում ենք, դրա համար էլ անում են` հավուր պատշաճի:

Գիտեմ, որ ձեր սեփական միջոցներով էիք սկզբում կազմակերպում որևէ ցուցադրություն: Հետո հովանավորներ գտնվեցի՞ն:

Ղազար Միրզոյան - Ամեն ինչ սկսվեց Սուրբ Սարգսի տոնին կազմակերպված ցուցահանդեսից: Դրանից հետո մենք ունեցանք մեր հովանավորը` «Բիլայն» ընկերությունն, ով աջակցում ու հովանավորում է մեր ցանկցած նախաձեռնություն: «Բիլայնի» շնորհիվ մենք կազմակերպել ենք շուրջ 7 ցուցահանդեսներ և հրատարակել ենք պատկերագրքեր, այժմ նախապատրաստվում ենք «Անկախության սերունդն ենք» ցուցահանդեսին, որի պատկերագիրքը արդեն հրատարակել ենք:

Անահիտ Մխիթարյան - Հովանավորի ֆինանասական աջակցությամբ մենք ոչ միայն ցուցահանդեսներ ենք կազմակերպում, պատկերագրքեր հրատարակում, այլև մի շարք ակցիաներ ենք կազմակերպում: Մասնավորապես` Անի մայրաքաղաքի 1050-ամյակի կապակցությամբ շուրջ 30 նկարիչներ եղել են Անիում, տեղում բնապատկերներ են նկարել, որոնք էլ հետո «Անի 1050» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացվել են: Բացի այդ` Հայաստանի Ազգային պատկերասրահի հետ համատեղ հայտարարեցինք ակցիա` նվիրված Անկախության 20-ամյակին: Ընտրվեցին նկարիչներն ու նրանց աշխատանքներն, անցկացվեց ցուցահանդես, ու ներկայացված բոլոր աշխատանքները նվիրվեց Ազգային պատկերասրահի ֆոնդին:

Մեզ աջակցում է նաև Հայ առաքելական եկեղեցու Արարտյան հայրապետական թեմը` Նավասարք արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորությամբ:

Ձեր հրատարակած պատկերագրքերում նշվում է, որ Ձեր նախաձեռնություններին աջակցում է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Սա խոսում է Տիգրան Սարգսյան անհատի՞, թե՞ պետական աջակցության մասին:

Ղազար Միրզոյան - Երկուսը միասին: Առաջինը` Տիգրան Սարգսյան անձը մի մարդ է, ով սիրում է հայ արվեստը, ով տեսավ, որ մենք գեղեցիկ գործ ենք անում: Բացի մեր յուրաքանչյուր ցուցահանդեսին մասնակցություն ունենալուց և մեր մասին դրվատանքի խոսքեր ասելուց, վարչապետը Գարեգին Նժդեհին նվիրված միջոցառմանը որոշեց նաև ֆինանսական աջակցություն ցուցաբերել`գրքի տպագրության համար: Նժդեհի հոբելյանին նվիրված միջոցառումը ֆինանսավորվեց Կառավարության որոշմամբ և մեզ հանձնարարվեց այն կազմակերպել: Սա նշանակում է, որ Կառավարություը մեր գոյությունը ճանաչեց, ընդունեց, որ մենք կանք այդպիսին և, որ մենք վատ բան չենք անում, տված գումներն էլ չենք մսխում:

Այդ գումարով մենք տպագրել ենք այնպիսի գիրք, որը եզակի է` հենց միայն նրանով, որ ներառում է Նժդեհին նվիրված թեմատիկ նկարներ, և մոտ 80-100 էջով առաջին անգամ տպագրվել են Նժդեհի անտիպ նամակները:

Անահիտ Մխիթարյան – Պետք է նշենք, սակայն, որ պետական մակարդակով հովանավորվել է միայն Գարեգին Նժդեհին նվիրված պատկերագրքի հրատարակությունը:

Առաջիկայում ի՞նչ միջոցառումներով եք ներկայանալու:

Անահիտ Մխիթարյան - Մինչև Ամանոր ունենք 2 ցուցահանդես և 1 պատկերագիրք: Բացի այդ մենք ունենք «Սուրենյանցի անվան շքանշան» մրցանակ, որ ամեն տարի տրվում է լավագույներին: Կազմակերպում ենք «Մեկ աշխատանքի ցուցահանդես», 4 անվանակարգերում ընտրվում են լավագույները, որոնց էլ հանձնում ենք շքանշանները: Տարեվերջին կբացենք Մաշտոցի 1600-ամյակին նվիրված ցուցահանդեսը և կլինի համանուն պատկերագրքի շնորհանդեսը:

Ղազար Միրզոյան – Մեսրոպ Մաշտոցի 1600-ամյակին նվիրված պատկերագրքում տեղ են գտնելու 2 կարևոր քարտեզներ. մեկում պատկերվելու է Մաշտոցի անցած ուղիները` քաղաքներով, գյուղերով, մյուսում` կներառվեն բոլոր այն հուշարձաններն ու շինությունները, որոնք նվիրված են Մաշտոցին` ամբողջ պատմական Հայաստանի տարածքով:

Կազմակերպությունը մի քանի նախագծերի վրա աշխատում է արդեն, որոնք իրականացվելու են հաջոդ տարի: Այդպիսիներից է «Հայոց պատմությունը մանուկների նկարներում» ծրագիրը, որի շրջանակներում հանձնարարվելու է Հայաստանի բոլոր նկարչական դպրոցների սաներին նկարել Եդեմից սկսած մինչև մեր օրերի պատմությունը: Լավագույն նկարները կհրատարակվեն երկու հատորով` մեկում կներառվեն մինչև Քրիստոսի ծնունդն ընկած ժամանակաշրջանի անցքերը, մյուսում` Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցածները: Բացի այդ` երեխաների նկարներով կիրականացվի մի ցուցահանդես էլ, որը կկրի «Սրբերն ու բնապահպանությունը» խորագիրը: «Վարք սրբոց»-ից դուրս են բերվելու բոլոր այն սրբերի կենսագրությունները, որոնք բնության հետ կապ են ունեցել: Դարձյալ` նրանց կյանքի պատմությունները պատմվելու են նկարչական դպրոցների սաներին, երեխաները նկարելու են և լավագույն նկարները` համապատասխան սրբի վարքի հետ միասին, տպագրվելու են առանձին պատկերագրքով: Այսպիսով` մենք միանգամից երկու խնդիր ենք լուծում: Նախ` մենք սրբերի միջոցով էկոլոգիա ենք սիրել տալիս, ապա էկոլոգիայի միջոցով` երեխաներին մեր կրոնին ենք մոտեցնում:

Մյուս խոշորածավալ միջոցառումներից են Սայաթ-Նովային նվիրված և «Տիրամայրը հայ կերպարվեստում» ցուցահանդեսները: Հատկապես Տիրամորը նվիրված ցուցահանդեսի համար ցանկանում ենք հավաքագրել բոլոր այն նկարիչների աշխատանքները, որոնցում անդրադարձ կա Տիրամոր կերպարին, և հուսով ենք, որ մեզ կդիմեն նաև այն նկարիչները, որոնց մասին տեղյակ չենք:

Ձեր կազմակերպած միջոցառումների շնորհիվ շփվում եք մեծ թվով նկարիչների հետ: Ինչպե՞ս է կարողանում նկարիչը Հայաստանում ապրել, ստեղծագործել ու իր գոյությունը պահպանել:

Ղազար Միրզոյան - Ցավոք սրտի, հարցը հենց տալիս է պատասխանը. նկարիչները հիմնականում իրենց գոյությունը պահպանում են: Շատ քիչ նկարիչներ կան, որ իրենց աշխատանքները կարողանում են վաճառել և այդպիսով` ապրել: Մնացածներն իրենց գոյությունը պահպանում են, որովհետև ավագ սերունդը սովոր է եղել սովետական մեթոդներին: Այն ժամանակ երկիրը նկարչին պատվերներ էր տալիս, ու այնպիսի գումարներով, որ նկարիչը ամսեկան 500-600 ռուբլի եկամուտ ուներ, ու կարողանում էր հանգիստ ապրել: Բացի դրանից, կային խանութներ, որտեղ Նկարիչների միության անդամները կարողանում էին մատչելի գներով նյութեր ձեռքբերել, ստանում էին արվեստանոցներ, բնակարաններ, ու շատ բաներից էին օգտվում: Հիմա այդ ամենը վերացել է, և նկարիչը ստիպված է ինքն իր համար և´ պատվերներ գտնել, և´ իր նկարները վաճառել: Դժվարեցնում է նաև այն, որ մենք չունենք հատուկ պատկերասրահներ, որոնք կզբաղվեին նկարիչների աշխատանքների ցուցահանդես-վաճառքներով: Կան մի քանի նմանօրինակ գալերիաներ, բայց մի կողմից դեռ նկարիչները դրան սովոր չեն, մյուս կողմից էլ այդ գալերիաների հնարավորություներն էլ են սահմանափակ, և նրանք կարողանում եմ աշխատել ոչ ավել, քան 10 նկարչի հետ, որոնց նախապես իրենք էլ ընտրում են: Այն մնացածն ինքն է իր գլխի ճարը տեսնում:

Որտե՞ղ է Հայաստանում ապրող ու ստեղծագործող նկարչի շուկան:

Ղազար Միրզոյան - Իսկական արվեստի շուկան հիմնականում դրսում է. մի 10 տոկոսն է երևի Հայաստանում: Այդ թիվն էլ է հարաբերական, որովհետև կան մարդիկ, որ այստեղ գնում են նկարներ ու դրանք վերավաճառում են արտերկրում: Դրսում մարդիկ կարողանում են գումարներ աշխատել ու դրանք տրամադրել արվեսին, իսկ քանի որ մեր հայ արվեստը միշտ էլ եղել է շատ բարձր մակարդակում, դրսում էլ այսօր շարունակում է իր ուրույն տեղն ունենալ, և բոլոր նրանք, ովքեր կարողանում են որակը պահպանել, կարողանում են իրենց գործերը դրսում վաճառել:

Գիտեմ, որ երկար ժամանակ արտերկրում եք բնակվել, և հնարավորություն եք ունեցել ապրելու ու ստեղծագործելու դրսում: Ի՞նչը Ձեզ հետ բերեց ու ինչն է ձեզ այստեղ պահում:

Ղազար Միրզոյան - Հայրենիքը, միայն այդ: Կարոտը. երևի դա էլ հիվանդություն է, ու ես համենայնդեպս այդ հիվանդության դեմ իմունիտետ չունեցա: Առաջին հերթին կարոտը շատ սիրածս հայերնիքի հանդեպ ինձ հետ բերեց:

Ձեր կազմակերպած միջոցառումները Հայաստանի նվիրյալներին ու հերոսներին են նվիրված: Այսօր Հայաստանն ունի՞ իր հերոսը կամ ինչպիսի՞ հերոսի կարիք ունի:

Ղազար Միրզոյան - Մեր ժողովուրդն, ինչպես և մյուս ժողովուրդները, հերոս ունենալու ցանկություն միշտ էլ ունեն, բոլորն էլ ձգտում են բացի օրենսդրությունից, կարգ ու կանոնից, ունենալ նաև հերոս, ում հետևից կգնան: Կարող է կոպիտ հնչել, բայց այդ ցանկությունը գալիս է նաև բնությունից: Դեռ հին դարերում մարդիկ ունեին իրենց հերոսը` խմբի ղեկավարն, ով ինչ որոշում էր, մյուսները կատարում էին` նրա օրինակով: Սա ավելի հեշտ տարբերակ է մարդու համար, ինչը բնազդաբար է գալիս. Այդպիսով հերոս մարդիկ, եթե ինչ-որ տեղ սխալվում են, իրենց ազատում են այդ մեղքից` ասելով, որ հերոս ունենք, նա մեզ իր հետևից տարավ, ուրեմն` նա սխալվեց: Սա հերոս ունենալու պահանջի մի տարբերակն է: Երկրորդը` մեր ազգին իսկապես հերոս է պետք, որովհետև հերոսներն են, որ մարդկանց կարողանում են իրենց հետևից տանել դեպի հաղթանակները:

Ո՞վ է Ձեր հերոսը:

Ղազար Միրզոյան - Իմ հերոսը` որպես ազգային հերոս, կա ու կլինի Նժդեհը, որովհետև նա միայն զինվորական չէր, այլ ինչքան որ զինվորական էր, մի 10 այդքան էլ փիլիսոփա էր, մի 10 այդքան էլ բանաստեղծ էր, մի 10 այդքան էլ ամեն ինչ էր: Ինքն ամեն ինչում կար ու ամեն ինչում գոյություն ուներ, ու նա, ով կգնա Նժդեհի հետևից, նա մեր ազգին իսկապես կտանի դեպի պայծառ ու լուսավոր ապագա, դեպի թե´ բարեկացության, թե´ հաղթանակներ և թե´ զորացում, բոլոր նրանք, ովքեր կգնան Նժդեհի հետևից, նրանք կկարողանան երկիրն ու ազգը տանել իրենց հետևից:


Լիլիթ Բունիաթյան

No comments:

Post a Comment