30 April 2012

Հավատանք...

Ես խորապես հավատում եմ մեր իշխանություններին ու բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր մասնակցելու են առաջիկա ընտրություններին, քանզի.
  • Հավատում եմ, որ մեր երկրում երբեք բոլորը հավասար չեն լինի օրենքի առաջ:
  • Հավատում եմ, որ օրինաստեղծ Ազգային ժողովում երբեք մեծամասնություն չեն կազմի օրենք ստեղծող պատգամավորները:
  • Հավատում եմ, որ երբեք Ոստիկանական ուժերը չեն ծառայի իրենց սուրբ նպատակին` չեն պաշտպանի օրինականն ու օրինավորներին:
  • Հավատում եմ, որ ոչ մի ծնող չի ցանկանում իր տղային` որպես Ազգային բանակի զինվոր տեսնել:
  • Հավատում եմ, որ մեր Զինված ուժերն այնքան զինված են, որ հակառակորդի ցանկացած դիվերսիան չէ, որ զոհերի առիթ է դառնում, այլ ներքին կարգուկանոնի բացակայությունը:
  • Հավատում եմ, որ միայն ու միայն մեր երկրում է իշխանության դրածոն ընդդիմություն խաղում, իր հերթին ընդդիմությունը համագործակցում է իշխանության հետ, ու առանց իրարից վիրավորվելու, նախնական պայմանավորվածության համաձայն, առիթ բաց չեն թողնում իրար վրա ցեխ շպրտելու համար:
  • Հավատում եմ, վերջապես, որ մեզանում ընտրությունները երբեք ազատ ու անկախ չեն անցնում, որ հաղթանակ, երբեք, չի տանում այն ուժը, որն արժանի է:
  • Հավատում եմ, որ մենք աշխարհի առաջին քրիստոնյաններն ենք ու հավատում եմ, որ մեր ոչ քրիստոնյա լինելն ընդհանրապես կապ չունի այդ փաստի հետ:
  • Հավատում եմ, որ Հայաստանիս համար գերակա տնտեսական զարգացման ուղի է ոչ թե սեփական արտադրությանը զարկ տալը, սեփական գործարարներին, փոքր ու միջին բիզնեսմեններին հարկերից ազատելը, այլ Թուրքիայի հետ առևտուր անելը, թուրքական ապրանք վաճառելու համար բոլոր նպաստավոր պայմանները ստեղծելը:
  • Հավատում եմ, որ մեզ պետք չէ օդ ու ջրի պես կարևոր և ոչ մի կանաչ տարածք` լինի այն մայրաքաղաքում, թե Հայաստանի հեռավոր շրջաններում:
  • Հավատում եմ, որ մայրաքաղաք Երևանն իսկապես ավելի քան 2000-ամյա պատմություն ունի, սակայն հավատում եմ, որ դրա մասին վկայող և ոչ մի հուշարձան ու շինություն չպետք է պահպանել:
  • Հավատում եմ, որ քաղաքը ռոք ու ջազ է լսում, ու հավատում եմ, որ ամեն ոք, ով ցանկանում է տարբերվել, կրեատիվ լինել, իրեն հայտարարում է ռոքեր կամ ջազմեն:
  • Հավատում եմ, որ քարոզվող մշակույթը սահմանափակում է շոու-բիզնեսի ներկայացուցիչների մակարդակով, գլամուռ ամսագրերում նրանց անձնական կյանքի շարադրմամբ ու ռաբիզ երգիչների կատարումներով:
  • Հավատում եմ, որ հենց վերը նշված մշակութային գործիչներն էլ դառնում են Հայաստանիս վաստակավոր արտիստներ ու պետական բարձր շքանշանների դափնեկիրներ:
  • Հավատում եմ, որ բոլոր այն օջախները, որոնք իսկապես բարձրաճաշակ մշակույթ են քարոզում, որպես պետական շահ` օտարվելու են, փակվելու են:
  • Հավատում եմ, որ բոլոր` իսկապես մշակութային գործիչները, առնվազն, զրկվելու են արտահայտվելու իրավունքից, բոլոր մշակութային փառատոնները ֆինանսավորում ու աջակցություն չստանալու հետանքով դադարեցնելու են իրենց գործունեությունը:
  • Հավատում եմ, որ բարձրարժեք մշակույթ ստեղծող հայորդիների մասին լսելու ու նրանց հաջողություններով ուրախանալու ենք Հայաստանում, այն պարագայում, երբ նրանք լինեն Հայաստանից շատ հեռու:
  • Հավատում եմ, որ երբեք արտագաղթը չի նվազի, քանզի շատերն են հավատում, որ ցանկացած տեղ կգտնեն խաղաղություն ու պաշտպանվածություն, բացի Հայաստանի ներկայիս Հանրապետությունից:
  • Ու այնուամենայնիվ, հավատում եմ ինձ, ու իմ` Հայաստանին հավատալ-չհավատալը, Հայաստանի հետ ապագա կապելն ու չկապելը, ցավոք, կապված է միմիայն ինքս իմ հանդեպ տածած խորապես հավատքի հետ:



No comments:

Post a Comment