23 June 2012

Բարի գալուստ Հայաստան

«Նկարել չի կարելի». ասաց Երևանի օդանավակայանի անձնագրերի ստուգման բաժնի աշխատակցուհիներից մեկը, երբ ես նկարում էի այս նկարը:

«Դե ուրեմն ուղղեք գրությունը, որովհետև հայերենում «խնդրվում» է բառ չկա»,- հակադարձեցի ես: Աշխատակցուհին սկզբում զարմացած հարցրեց` «իսկ ո՞վ ուղղի», ու երբ լսեց իմ` «ով փակցրել է, թող նա էլ ուղղի», պատասխանը, չգիտես ինչու՞ վրդովվեց. «Ինչի՞ հեևից եք ընկել...»:

Ցավոք իմ հերթն էր արդեն, իսկ ինձանից հետո մետրեր ձգվող շարքում հարյուրավոր` «հայերնիքին կարոտից» երևի, այլ ոչ թե անվերջ սպասումից «տոչորվող» ուղևորներ արդեն բավականին երկար ժամանակ էին սպասում, որ ես հետաքրքրվեի, թե այդ ինչի՞ հետևից կարելի է ընկնել, եթե քեզ Հայաստան դիմավորող, արտերկրացուն Հայաստանն առաջինը ներկայացնող վահանակի վրա միայն ժառգոնում օգտագործվող բառ է հայտնվել: Ա'յ, կներեք, ախր արտերկրացին հայերեն չի հասկանում, իսկ մենք... դե մենք էլ չպետք է նման մանր-մունր բաների հետևից ընկնենք...

Անշուշտ չի կարելի ընկնել օդանավակայանում սխալ գրված բառի ետևից, երբ մենք նույնիսկ հերթ պահել ու հերթում դիմացինին հարգել չգիտենք, երբ մեզ առաջ գցելու համար պատրաստ ենք երկու մետրանոց բոյներս ծռել հասցնել 50 սմ-ի, որ անցնենք արգելապատնեշի տակից: Չի կարելի ընկնել սխալ հայերեն բառի հետևից, երբ, ասենք, կարելի է, բառիս բուն իմաստով, հարձակվել մեզ համար լրիվ անհասկանալի լեզվով գրված, բայց ամենակարևորը անվճար տրամադրվող ավտրիական կամ գերմանական թերթի հետևից, երբ կարելի է անկուշտի նման «դյութի ֆրի»-ի խանութներում առևտուր անել, պետքական ու անպետք իրը վերցնել-դնել, ու այնպիսի իրարանցում ստեղծել, որ ցանկացած այլազգի ներկայացուցիչ տեսնի ու հասկանա, թե մենք ի~նչ «տաքարյուն» ժողովուրդ ենք...

Չի կարելի, որովհետև դեռ օտար երկրում մեկնելուն սպասելիս, արդեն ծանոթանում ես բոլորի մտավոր ու հոգևոր կարողությունների հետ, լսում բոլորի կյանքի պատմությունները, արտերկրի «արտասովոր` միայն իրենց հետ տեղի ունեցած արկածներն» ու Հայաստանում իրենց սպասող դառը կյանքի նկարագրությունը... ու հիշում ես, որ ախր վերադառնում ես մի երկիր, որտեղ հանրապետական ընտրություններն անցնում են 5-10 հազար դրամանոցների հետևից ընկած ընտրողների քվեարկության շնորհիվ, որտեղ կարելի է քանդել-հողին հավասարեցնել պատմական կամ պատմամշակութային արժեք ներկայացնող ցանկացած շենք, որտեղ պետության կողմից պահպանվող պատմամշակութային արժեք ունեցող շենքերի ցանկից մատի մի շարժումով կարելի է հանել ցանկալին, իսկ լավագույն դեպքում, այն էլ՝ եթե շենքը լավ տեղում է գտնվում, կարելի է այդ շենքն այնպես ձևախեղել, որ ոչ պատմականը մնա, ոչ էլ արժեքը: Հետո նորից հիշում ես, թե ինչպես ձմռան ցրտին գիշերներն այգու համար պայքարող երիտասարդին կարող են դնգստել, հետո նախընտրական փիառի համար ասել` «սիրուն չի, քանդեք», հիշում ես, թե ինչպես դնգստողը մի օր կանկեղծանա ու կասի, որ ինքը իր հոգու խորքում թաքուն բնապահպան է (ախր նրա հոգին այնքան խորն է, որ անտեսանելի են նման արժեքները), իսկ հետո էլ կհասկանա, թե ինչու է սիրում մետրոյով երթևեկել ու հոգու նույն խորքերից եկող ջերությամբ էլ հատ-հատ կհիշի բոլոր նրանց, ում ամիսներ առաջ դնգստում էր... Կհիշես, որ կարևորը նոր շենքեր կառուցելն է` այս ու այն այգու հաշվին, ոչ թե այդ այգին բարեկարգելը: Հա, ու էդ ժամանակ կհիշես, որ ոստիկանական համակարգում բարեփոխումների արդյունքում միայն համազգեստները կարող են փոխվել, ու դրանից ոչ մեկ չի դառնա ավելի օրինապահ, էլ չեմ ասում` դրանով երբեք օրենքը չի սկսի գերակայել ցանկացած շահին ու ցանկացած չափի կաշառքին: Կհիշես, որ քրտնաջան աշխատանքով հազիվ-հազիվ մի բանի ես հասել, հազիվ-հազիվ պահում ես գոյությունդ` արժանապատիվ կերպով, երբ կողքդ կան աջ ու ձախ գումարներ ցփնող մարդիկ, ովքեր ի լուր աշխարհի կարող են հայտարարել, որ գործազուրկ են, կնոջ հաշվին ապրող: Ավելին` մինչ կպլանավորես ավելացնել ընտանիքիդ անդամների թիվը ու այդ նպատակով փոքրիկ խնայություններ կանես, կպարզվի, որ միայն 4-5-երորդ երեխա ունենալուց հետո է, որ պետության տրամադրվելիք նպաստը «շոշափելի» է  հնչում, ու դեռ դրան հավակնում են սեփական կնոջ բիզնեսի հաշվին պատմամշակութային շենքը այլանդակողները...

Կհիշես, որ քո երազած երկրի մասին երազում են նաև երկրի տերը, ու ոչ միայն երազում են, այլև կառավարական ծրագրեր են գրում այդ երազանքները թվարկելով: Կհիշես, որ երազող երկրիդ սահմանին մի օր կանգնելու է որդիդ, ու եթե, Աստված մի արասցե, մի օր նա էլ դառնա ադրբեջանական դիվերսիոն հարձակման զոհ, այդ մասին միայն դու կհիշես, որովհետև երազանքների մեջ ապրող պետությունդ կլռի, որ միջազգային ուժերը նրան թբիրից չհանեն, իսկ Ադրբեջանը միջազգային ուժգնությամբ հերթական երազը կպատմի սեփական զոհերի ու Հայաստանի «ագրեսորության» մասին...

Կհիշես ու կմտածես` մի սխալ բառի հետևից ընկնելով ուր հասա, մինչդեռ կգտնվի մեկը, ով անտեսելով տրամաբանական կապը, վրդովված կսաստի` «Ինչի՞ հետևից ես ընկել»... Ու քեզ ոչինչ չի մնա անելու, բացի նյարդերիցդ ու վիրավորանքից դողացող ոտքերով տուն հասնելն ու թաքուն, շատ թաքուն քո սեփական երկրի, քո սեփական ժողովրդի համար լացելը...

No comments:

Post a Comment