7 May 2012

Ոչինչ չի փոխվում




Երկնքում ճախրող ոստիկաններ,
Ոստիկանատիպ մուրացկաններ,
Մուրացկանակերպ անգույն դեմքեր,
Ու կերած-խմած ուրվականներ...

Բացուխուփ անող շատ բերաններ,
Ասես ափ նետած անթիվ ձկներ,
Հերթերում պատերազմող ձեռքեր,
Ո՞վ է այս ամենը հնարել...

Սա ի՞նչ հանելուկ է,
Սա շուտասելուկ է,
Չի լսվում ո՛չ ձայն, ո՛չ պատասխան:
Սա ի՞նչ հանելուկ է,
Սա շուտասելուկ է,
Ո՞վ է տեր աստվածն ով՝ սատանան...

Որովայնամիտ ու բութ դեմքեր,
Եվ անթիվ դատարկ որովայններ,
Բարքերի անկում, անկման բարքեր,
Եվ անկման եզրին կանգնած կարգեր...

Կուսականորեն շիկնած լրբեր
Կուշտ ու կուռ կերած խմած սրբեր,
Դզած-փչած ու կեղծ կույսեր,
Կույսերից հիասթափված հույսեր...

Սա մի կուսանոց է, թե՞ սա բոզանոց է,
Ասե՛ք, ձայնազուրկ իմաստուններ,
Ո՞ւր է անգլուխը, քաղաքագլուխը,
Որն ունի ոռի վրա ծալքեր...

Մտավորական քրեականներ,
Կիսագողական ոստիկաններ,
Ղումարի նստած դասախոսներ,
Ու նստած-հելած շատախոսներ...

Անգթությունից կոտրած սրտեր,
Ու գթաբաժան առաքյալներ,
Խորհրդարանում խորհող այրեր,
Ու նմանատիպ դեպքի վայրեր...

Իսկ կարգին տղերքը,
Ում ձեռքին է զենքը,
Մահվան հետ գիշեր են լուսացնում:
Իսկ ազգի տականքը,
Մեր ազգի թերանքը,
Թալանում է ազգը ու պղծում...

Գեներալատիպ մեծ գրողներ,
Գրողի տարած գեներալներ,
Գեներալամիտ նախարարներ,
Ու նմանատիպ տարբեր բաներ...


Նախագահական ընտրություններ,
Եվ անընտրելի նախագահներ,
Հալումաշ եղած անթիվ ստեր,
Ո՞վ է այս ամենը բեմադրել...

Ո՞վ է նստած վերը,
Դրա տիրու մերը,
Չի լսվում ո՛չ ձայն, ո՛չ պատասխան:
Ո՞րն է իրականը,
Տերն ու տիրականը,
Էս անտերուդուս անտերության...

Սա մի կուսանոց է, թե՞ սա բոզանոց է,
Ասե՛ք, ձայնազուրկ իմաստուններ,
Ո՞ւր է անգլուխը, քաղաքագլուխը,
Որն ունի ոռի վրա ծալքեր...

Ռուբեն Հախվերդյան «Նախագահական ընտրություններ»

No comments:

Post a Comment