29 November 2012

Կորած-մոլորվածը

Թե Թուրքիայի ո՞ր ծովափից, ի՞նչ ճամփով ու ո՞ր հայկական գյուղում էր կորել ամերիկացի-ադրբեջանցի շպիոնը, այդպես էլ չիմացանք, բայց ֆիլմի ընթացքում մի լավ ծիծաղեցինք:
«Կորած-մոլորվածը Հայաստանում» կամ «Lost & Found in Armenia» ֆիլմը զվարճալի իրավիճակներով հիանալի կերպով նկարագրում է մերօրյա հոգսերը, իրականությունը, մտածելակերպն ու կարծրատիպերը: Սա մի ֆիլմ է, որը հայկական ֆիլմարտադրության մեջ նոր որակներ է ներմուծում, որտեղ էժանագին հումորից մի աստիճան վեր ենք բարձրանում, որտեղ ծիծաղի յուրաքանչյուր փորթկումից հետո լրջանում ենք` հումորի տակ թաքնվածը տեսնելով: Ուրախալի է նաև, որ ֆիլմը ներկայացնում է ոչ միայն նրանց, ովքեր բոլորին հայտնի են հեռուստաշուներից ու հեռուստասերիալներից, այլև նրանց, ովքեր հիրավի արժանի են տաղանդավոր դերասանի կոչմանն ու գնահատանքին:

Տեղեկատվական քարոզչության տեսանկյունից ևս ֆիլմը կարելի է բարձր գնահատել, քանի որ առանց ատելության, առանց ավելորդ խոսքի պատմում է այն, ինչ մենք ապրել ենք, ինչ ապրում ենք ամեն օր: Մյուս կողմից սակայն, ակնհայտ է, որ մենք դեռևս չենք կարողանում խոսել Արցախի հիմնահարցի մասին առանց հուզականության, ու դեռևս չենք կարողանում ձերբազատվել բռնաբարվածի ու խոշտանգվածի հոգեբանությունից:

Որքան էլ դաժան ու սահմռկեցուցիչ է եղել մեր անցյալը, որքան էլ թարմ են կրած վերքերը, մեր ու ապագա սերունդը, կարծում եմ, իրավունք ունի ու պարտավոր է դաստիարակվել հաղթողի հոգեբանությամբ: Այն, որ հայոց նորագույն պատմության մեջ հիրավի հաղթանակ է գրանցվել, այն, որ հայը կարողացել է սեփական ուժերով արդարություն հաստատել, շատ ավելի կարևոր արժեքներ են, քան այն, որ հային գերեվարել, խոշտանգել ու բռնաբարել են:

Հենց այս տեսանկյունից ելնելով` շատ կուզենայի, որ ժամանակակից ֆիլմերում հաղթանակը քարոզվեր, որ սերունդները գիտակցեին` անկախ զինադադարի իրավիճակից, անկախ ադրբեջանական սպառնալիքներից, մեր հայրերն ու եղբայրները Արցախը ազատագրել ու իրենց կյանքը զոհել են մեզ հաղթանակ պարգևելու համար:

Եսիմ... Շատ կուզենայի, որ ֆիլմից հետո ներսս պատած թախիծը ոչ միայն վերաբերեր կրած դաժանությունները վերհիշելուն, այլև առիթ հանդիսանար գնալու, հաղթանակած պատմության էջերը նորից թերթելու, մերօրյա հերոսների մասին տեղեկատվություն փնտրելու, նրանց սխրանքը նորից գովաբանելու...

Հ.Գ. - Դժգոհությունս եմ հայտնում «Մոսկվա» կինոթատրոնին, քանի որ տեխնիկական խնդիրների պատճառով ֆիլմի դիտումն ընդհատվեց, ներկաները շուրջ 5 րոպե անցկացրեցին մթության մեջ, որից հետո ֆիլմի ցուցադրությունը չսկսվեց այնտեղից, որտեղ ընդհատվել էր... Ու ոչ մի ներողություն` կատարվածի համար:

23 November 2012

Մանրապատում

Մնջախաղի թատրոն սովորաբար հատուկ տրամադրվածությամբ եմ գնում. գիտեմ, որ լավ ներկայացում եմ դիտելու: «Մանրապատումներ» խորագիրը կրող ներկայացումը հերթականն էր:
«Շախմատ» մանրապատումը ցույց տվեց, թե ինչպես երկու ինքնավստահ թագուհիների հումորիկ պայքարի արդյունքում «զինվորները» դարձան թագուհիներ: «Ճիչ» մանրապատումով դերասանուհին փորձել էր ներկայացնել, թե ինչպիսի հոգեբանական փուլերով է անցնում կնոջ կյանքը` ճիչը:
Միանշանակ տպավորիչ ու հուզական էր «Կաղապարում» մանրապատումը: Սա յուրաքանչյուր անձի «եսերի» պայքարի մի օրինակ էր, որն առանց խոսքի հասավ մեր «եսերին»` ոմանց արթնացրեց, ոմանց խեղդեց, ոմանց առանց գլուխ թողեց, ոմանց նորից կաղապարեց...  Այս մանրապատումը հիրավի բարձր գնահատանքի է արժանի:
 Նունե Սուքիասյանի «Սալոմեն», թերևս, մանրապատումներից ամենաթեթևը, ամենամաքուրն ու ամենասլացիկն էր: Մանրապատումը բեմ մտավ սպիտակով ու սպիտակով էլ գնաց բեմից:
Ամենամեծ ակնկալիքներս, սակայն, «Աթոռի ոգին» մանրապատումից էր` միանշանակ պայմանավորված դերասան Յուրի Կոստանյանով: Նրա մանսակցությամբ առաջին ներկայացումը, որ դիտել եմ «Շերանիկ»-ն էր, որտեղ Կոստանյան-դերասանի տաղանդը փայլում է ամբողջ ուժով: Սակայն մյուս ներկայացումներում նրա խաղացած դերերը երբեք ու երբեք չեն խամրեցրել այն տպավորությունն ու ապրումները, որ ունեցել եմ «Շերանիկի» ժամանակ, ավելին` յուրաքանչյուր դեր եկել ու լրացրել է նախորդին: Այն, որ «Աթոռի ոգին» իմպրովիզացիայի ժանրում էր, սպասելիքներիս չափը չէր նվազեցնում, քանի որ այս ժանրում էլ հիանալի` «Շրջանակից դուրս» ներկայացման մասնակիցը լինելու առիթ եմ ունեցել:

Հիմա դժվարանում եմ քննադատության խոսքեր գրել` վախենալով, որ դրանք կլինեն սուբյեկտիվ ու վերապահումներով` դարձյալ պայմանավորված Կոստանյան-դերասանով, սակայն չգրել ևս չեմ կարող: Չեմ կարող ասել, թե Յուրի Կոստանյանն ու դերասանուհի Նաիրա Եդիգարյանն իրենց առաջ ինչ խնդիր էին դրել և արդյո՞ք հաջողվեց այդ խնդիրը հասցնել հանդիսատեսին, սակայն կարող եմ ասել, որ սպասելիքներս հօդս ցնդեցին այն պահից, երբ դերասանուհին` Աթոռի ոգին, սկսեց հանդես գալ իր նախորդ դերերին բնորոշ ձայնարկություններով:

Ովքեր դիտել են «Դևը» ներկայացումը միանգամից կհասկանան ինձ: Այստեղ Նաիրա Եդիգարյանն իր «ափսեում» է` խաղալով անտարբեր ամուսնու չբավարարված կնոջ կերպարը: Միևնույն ժամանակ, ովքեր դիտել են նույն ներկայացումը` Եդիգարյանից առաջ, կարող են փաստել, որ նրա մուտքով ներկայացումը փոխել է շեշտադրումները, իսկ չբավարարված կնոջ կերպարի արտահայտումն ավելի վառ գույներ է ստացել:

Հենց այս էներգիան է, որ հաղորդեց «Աթոռի ոգին»: Մանրապատման ընթացքում թվում էր` ուր որ է կփոխվի խաղը, կդառնա երկու դերասանների երկխոսություն, ներդաշնակություն կպարուրի աթոռին, սակայն այդպես էլ Յուրի Կոստանյանի ու Նաիրա Եդիգարյանի կապը նոր փուլ չթևակոխեց, և տպավորություն ստեղծվեց, որ հերոսը իրեն կորցրած` ներկայացման եզրափակումը տեսավ աթոռը շալակելն ու բեմից հանելը միայն:

Գուցե կոպիտ լինեմ, բայց եթե ներկայացումը դիտեի մի այնպիսի ժամանակաշրջանում, որտեղ հանդիսատեսն իրապես կարող էր իր գնահատականը տալ դահլիճում, որտեղ հանդիսատեսն իրապես պատրաստ էր գնահատական տալու, ապա ես էլ իմ ձեռնոցը կնետեի` հիասթափությունս ու դժգոհությունս արտահայտելու համար: Նույնիսկ մի պահ մտքովս անցավ մասնակիցը դառնալ իմպրովիզացիայի. բարձրանալ բեմ ու գետնին նետված փոքր կտորով փակել դերասանուհու բերանը` այնտեղից ոչ մի ձայն չլսելու, նրա ոգին անխոս դարձնելու համար:
Ինչ վերաբերում է վերապահմանս, ապա վստահ եմ, որ եթե նույն մանրապատումը ներկայացնելու համար Կոստանյանն այլ խաղընկեր ընտրեր, միանգամայն այլ պատկեր էր ստացվելու: Ցավում եմ, սակայն, որ ընտրված լուծումով տաղանդավոր դերասանը խամրեցրեց իրեն:

16 November 2012

Լինում է, չի լինում, ի՞նչ է լինում...

«Ես արդեն մեծերի գործեր եմ անում» թոթով լեզվով բացատրում է Նանեն ու պատմում, որ օգնել է Նանային սուրճ պատրաստել. «Ջուրը լցնում եմ, հետո կոֆեն եմ լցնում, հետո շաքարավազ, ու խառնում եմ, որ չուռի-չթափի»:

Սրանք դեռ ի՞նչ են. Նանեն գորգ է լվանում, ավելին` կարգադրում հորաքրոջը, որ իրեն չուղորդի` ջրի հոսանքն ինչ ուղղությամբ ու ոնց պահի, վերմակ է կարում հորեղբոր համար, տորթ է թխում ու ի լուր աշխարհի հայտարարում, որ մեծանա ոչ թե բժիշկ, այլ սեղան գցող է դառնալու :)

Փոքրիկ հրաշքին հետևելը հրաշքների ականատես լինել է նշանակում: Նանեի հետ միասին նոր աչքերով ես նայում անգիր արած մուլտֆիլմերը` ուշադրույթուն դարձնելով մանրուքներին, որ միայն ինքը կարող է նկատել. «Իսկ պինգվինների մաման ու՞ր է», «Սրանք չար մարդիկ են, գողություն են անում», «Ես էլ եմ ջուր եռացնում, որ գայլի տուտուզը վառեմ»... Սինխրոն թարգմանություն անելիս էլ չես կարող բաց թողնել հնչած և ոչ մի բառ. «Բա հետո ի՞նչ ասեց Լոլո»:

Անսահման երևակայության շնորհիվ նա քեզ կվերապատմի լսած բոլոր հեքիաթները. «Հարսիկ տվի, տատա առա, տատա տվի, պապա առա, պապա տվի, մամա առա, մամա տվի, Նանե առա, Նանեին պահեցի ինձ»: Կտիպի, որ լարես երևակայությունդ, ու չլսված հեքիաթներ պատմես չար գայլի, աղվեսի ու նապաստակի, արջի քոթոթի ու աքլորի, մեծ խնձորի ծառի ու առյուծի, գանգուռ կարմիր մազեր ունեցող գառնուկի մասին: Ու թե հանկարծ որոշես խորամանկություն անել` հեքիաթդ համեմել մեկ այլի բովանդակությամբ, անմիջապես կընդհատի ու կհրամայի. «Լինումա, չի լինում մի խելոք Մանե ու չարաճճի Նանե է լինում: Հետո՞ Լոլո...»:

Երեկոյան լուռությամբ կհարգի մեծերի խոսակցությունները` մտքից մի վայրկյան իսկ չհանելով չար գայլին, երեք խոզուկներին, իր երևակայական ընկերուհիներ Մանեին ու Մարիին, չի մոռանա կերակրել իր աղջկան` տիկնիկ Սոնային: Հետո կգա, կնստի գիրկդ, մանր մատներով ու միայն իրեն հատուկ ուշադրությամբ զգուշորեն կառանձնացնի արևածաղկի` ճաք ունեցող սերմերը` կեղևը հեշտությամբ առանձնացնելու համար: Միևնույն ժամանակ իրեն հասանելիք մաքրած արևածաղկի սերմերի քանակով կորոշի սիրուդ չափը` «Պապա տես, Լոլոն ինչքաան շատա մաքրել»:

Ինքն իր հետ լուռ խաղացող, ավելորդ հոգսեր չպատճառող այս փոքրիկ հրեշտակը, մեկ-մեկ կստիպի իր հետ գժանալ, «սամալյոտ» անել, կառուսելի պես օդում պտտվել, գզել ու գզվռտվել: Կստիպի, որ իր հետ խանութ գնաս, ճաշ եփես, քարից տուն սարքես, վագրին քարերով խփես, փուչիկներ փայթացնես, հիվանդ ձևանաս, բժիշկ կանչես, առանց դժգոհելու դեղեր ընդունես, պարես, եթե հարկ կա, երգես, սիրուն շորեր հագնես, որ իր հետ քեզ պարահանդես տանի:

Հետո ամեն ինչ կանի, որ երկար իր հետ խաղաս, որ չգնաս, բայց առանց կամակորությամբ հրաժեշտ կտա, եթե համոզվի, որ անհետաձգելի գործեր ունես, կամ գնալու ես` քնես, հանգստանաս: Այդժամ միայն թույլ կտա, որ թուշիկը պաչես, ու չի մոռանա պայմանավորվել` «Վաղն էլ ես չէ՞ գալու: Ուշ ես չէ՞ գնալու»...

15 November 2012

Լուռ քաղաքը

Մերկ սարերի արանքից ճանապարհը տանում է ուղիղ եղևնազարդ Ջերմուկ: Ընդառաջող  քաղաքը, որը թաքնված է բարձրադիր լեռների արանքում, չի խաթարում ողջ ճանապարհին քեզ ուղեկցող անդորրը: Համընդհանուր լռությունն էլ նպաստում է, որ միանգամից կտրվես առօրյա տեմպից, աշխարհիկ հոգսերից, ու սառն ու սուր օդի հետ ներսդ լցնես լիարժեք խաղաղությամբ:

Քաղաքին ծանոթանալու ընթացքում հայացքդ որքան էլ լարես` բնիկների փողոցներում դժվար հանդիպես (հատկապես ցուրտ օրերին): Երբեմն նույնիսկ մտածում ես, թե սա մի վայր է, որտեղ մարդիկ գալիս են ամեն ինչից կտրվելու, հանգստանալու ու հանքային ջրի բուժիչ հատկություններից օգտվելու համար միայն:

Ջերմուկն իր տեսարժան վայրերով չի զարմացնի, բայց կստիպի որ երկար կանգնես ջրվեժի առաջ ու լուռ հիանաս բնության հրաշքով: Այն քեզ չի  զբաղեցնի, փոխարենը հանգիստ կքնես, կզբոսնես մաքուր փողոցներով, կլսես միայն շինարարությանն ուղեկցող ձայներ, տաք ջրի տակ մատներդ կցողես, կհյուրասիրվես քեզ համար ցանկալի ջերմությամբ ջրով, կքայես լճի երկայնքով ու տուն կվերադառնաս: Ուզում ես` պառկիր, ուզում ես` կարդա, ուզում ես` օնլայն հետևիր քաղաքի տեմպով ապրող ընկերներիդ, ուզում ես` լուռ նստիր մի ծառի տակ ու երազիր, չես ուզում` նպատակներդ դասակարգիր, խորհիր անցած-գնացածի մասին կամ ժպտա գալիքի սպասումներով... այստեղ ոչինչ քեզ չի խանագարի:

Միմյանց հաջորդող օրերի նույնօրինակ գրաֆիկը, սակայն, զարմանալիորեն չի ձանձրացնում: Սովորականից ավել ազատ ժամանակ ունենալն ու դրա միանձնյա տնօրինումն էլ նպաստում է, որ մտքերդ մաղես, ներս նայես, մտածես ինքդ քո մասին, գնահատես այն, ինչ ունես, նորից արժևորես այն` հանուն ինչի ապրում ես: 

Պարզության հետ միասին Ջերմուկն իր գաղտնիքն ունի. սա այն վայրերից է, ուր վերգտնում ես բնության հետ ներդաշնակ քայլելու բանաձևը...