16 November 2012

Լինում է, չի լինում, ի՞նչ է լինում...

«Ես արդեն մեծերի գործեր եմ անում» թոթով լեզվով բացատրում է Նանեն ու պատմում, որ օգնել է Նանային սուրճ պատրաստել. «Ջուրը լցնում եմ, հետո կոֆեն եմ լցնում, հետո շաքարավազ, ու խառնում եմ, որ չուռի-չթափի»:

Սրանք դեռ ի՞նչ են. Նանեն գորգ է լվանում, ավելին` կարգադրում հորաքրոջը, որ իրեն չուղորդի` ջրի հոսանքն ինչ ուղղությամբ ու ոնց պահի, վերմակ է կարում հորեղբոր համար, տորթ է թխում ու ի լուր աշխարհի հայտարարում, որ մեծանա ոչ թե բժիշկ, այլ սեղան գցող է դառնալու :)

Փոքրիկ հրաշքին հետևելը հրաշքների ականատես լինել է նշանակում: Նանեի հետ միասին նոր աչքերով ես նայում անգիր արած մուլտֆիլմերը` ուշադրույթուն դարձնելով մանրուքներին, որ միայն ինքը կարող է նկատել. «Իսկ պինգվինների մաման ու՞ր է», «Սրանք չար մարդիկ են, գողություն են անում», «Ես էլ եմ ջուր եռացնում, որ գայլի տուտուզը վառեմ»... Սինխրոն թարգմանություն անելիս էլ չես կարող բաց թողնել հնչած և ոչ մի բառ. «Բա հետո ի՞նչ ասեց Լոլո»:

Անսահման երևակայության շնորհիվ նա քեզ կվերապատմի լսած բոլոր հեքիաթները. «Հարսիկ տվի, տատա առա, տատա տվի, պապա առա, պապա տվի, մամա առա, մամա տվի, Նանե առա, Նանեին պահեցի ինձ»: Կտիպի, որ լարես երևակայությունդ, ու չլսված հեքիաթներ պատմես չար գայլի, աղվեսի ու նապաստակի, արջի քոթոթի ու աքլորի, մեծ խնձորի ծառի ու առյուծի, գանգուռ կարմիր մազեր ունեցող գառնուկի մասին: Ու թե հանկարծ որոշես խորամանկություն անել` հեքիաթդ համեմել մեկ այլի բովանդակությամբ, անմիջապես կընդհատի ու կհրամայի. «Լինումա, չի լինում մի խելոք Մանե ու չարաճճի Նանե է լինում: Հետո՞ Լոլո...»:

Երեկոյան լուռությամբ կհարգի մեծերի խոսակցությունները` մտքից մի վայրկյան իսկ չհանելով չար գայլին, երեք խոզուկներին, իր երևակայական ընկերուհիներ Մանեին ու Մարիին, չի մոռանա կերակրել իր աղջկան` տիկնիկ Սոնային: Հետո կգա, կնստի գիրկդ, մանր մատներով ու միայն իրեն հատուկ ուշադրությամբ զգուշորեն կառանձնացնի արևածաղկի` ճաք ունեցող սերմերը` կեղևը հեշտությամբ առանձնացնելու համար: Միևնույն ժամանակ իրեն հասանելիք մաքրած արևածաղկի սերմերի քանակով կորոշի սիրուդ չափը` «Պապա տես, Լոլոն ինչքաան շատա մաքրել»:

Ինքն իր հետ լուռ խաղացող, ավելորդ հոգսեր չպատճառող այս փոքրիկ հրեշտակը, մեկ-մեկ կստիպի իր հետ գժանալ, «սամալյոտ» անել, կառուսելի պես օդում պտտվել, գզել ու գզվռտվել: Կստիպի, որ իր հետ խանութ գնաս, ճաշ եփես, քարից տուն սարքես, վագրին քարերով խփես, փուչիկներ փայթացնես, հիվանդ ձևանաս, բժիշկ կանչես, առանց դժգոհելու դեղեր ընդունես, պարես, եթե հարկ կա, երգես, սիրուն շորեր հագնես, որ իր հետ քեզ պարահանդես տանի:

Հետո ամեն ինչ կանի, որ երկար իր հետ խաղաս, որ չգնաս, բայց առանց կամակորությամբ հրաժեշտ կտա, եթե համոզվի, որ անհետաձգելի գործեր ունես, կամ գնալու ես` քնես, հանգստանաս: Այդժամ միայն թույլ կտա, որ թուշիկը պաչես, ու չի մոռանա պայմանավորվել` «Վաղն էլ ես չէ՞ գալու: Ուշ ես չէ՞ գնալու»...

No comments:

Post a Comment