23 January 2013

Հնարավոր է դեպի ապահով Հայրենիք գնալ` վերևում Աստված կա

Մենք հեռուստացույց չունենք, դրա համար էլ ինձ համար նախագահական ընտրությունների քարոզարշավը սկսվում է փողոցում հանդիպող գովազդային վահանակներից և ավարտվում է ինտերնետային լրատվամիջոցներով ու սոցցանցերով: Հետևաբար գրառումս բացառապես ինձ հասած քարոզչության արտացոլումն է:

Արամ Հարությունյանին անդրադառնալը, թերևս, անտեղին է` իր թեկնածությունը հանելու մասին հայտարարությունից հետո: Արման Մելիքյանի մասին էլ չգիտեմ ինչ կարելի է գրել. գիտեմ միայն, որ մի ժամանակ նա Արցախի արտգործնախարարն է եղել:

Պարույր Հայրիկյանին հարգում եմ` ինչպես ոսկեղենիկ հայերենով մտածողի ու արտահայտվողի, ինչպես Խորհրդային Միության տարիներին ազատության համար պայքարողի, ինչպես քրիստոնյայի, ով պաս և ծոմ պահել գիտի: Որպես երկրի նախագահ նրան կուզեի տեսնել անկախություն հռչակելուց հետո, սակայն այսօր ձայնս չեմ կարող տալ մեկին, ով նախկինում ևս, նախագահի թեկնածու լինելով հանդերձ, իր տեղը զիջել է մեկ ուրիշին:

Հրանտ Բագրատյանի մասին որևէ բան գրելն անիմաստ են համարում, ինչպես անիմաստ եմ համարում բոլոր նրանց ջանքերը, ովքեր փորձում են ապացուցել, որ մութ ու ցուրտ տարիները հաղթանակի տարիներ էին, ովքեր փորձում են համոզել, որ լույս չկար, որովհետև պատերազմ էր: Միևնույն ժամանակ նախանձում եմ նրանց, ովքեր պատրաստվում են իրենց ձայնն այս թեկնածուին տալ: Ամենայն անկեղծությամբ` ես էլ կցանկանայի հիշողությունիցս իսպառ ջնջել 90-ականների բացասական ամեն բան, կցանկանայի միամիտի պես հավատալ, որ մեգատնտեսագետը պայմաններ կապահովի, որ մենք աշխատատեղեր ստեղծենք ոչ թե իր ղեկավարած տարիների նման` խոպաններում, այլ անկախ երկրիս սահմաններից ներս:

Հաջորդը մի ոմն Անդրեաս Ղուկասյան է, որ չգիտեմ` որտեղից հայտնվեց, ինչու՞ հայտարարեց, թե նախագահ է ուզում դառնալ, ու մեկ էլ հանկարծ որոշեց կարմիր քուրքը հագնել ու սոված գիտնականների շենքի դիմաց հացադուլ հայտարարել: Նրա մասին գիտեմ, որովհետև այս է որերորդ օրն է աշխատանքի գալիս` հանդիպում եմ «շինծու ընտրությունները» մերժող պաստառներին:

Վարդան Սեդրակյանին այնքան լուրջ չվերաբերվեցինք, որ նա ամենայն լրջությամբ նախագահի թեկնածու դարձավ: Ու եթե հիմա լուրջությամբ դատեմ, ապա ոչ այլ ինչ, գոնե զուտ քրիստոնեական սկզբունքներս թույլ չեն տա ընդունել նրան, էլ ուր մնաց ընտրել: Միտքս հասկանալի դարձնելու համար, կարծում եմ կարիք չկա «Սասնա ծռեր» էպոսը վերապատմելու, դրանում առկա բազմաթիվ դրույթների անընդունելիությունը մեկնաբանելու համար: Կարող ենք սահմանափակվել էպոսի սկզբով միայն, երբ «Ծովինարը աղբյուրից ջուր խմեց ու հղիացավ»: Այստեղ ինձ համար անհասկանալի է, թե ինչպես Աստծո գոյության մասին հիշած էպոսագետը, չի հիշում, որ քրիստոնյանների համար մի բան աներկբա է` միայն Մարիամն էր, որ կույս լինելով հանդերձ հղիացավ, այն էլ` Սուրբ հոգուց, ու այն էլ` Փրկչին լույս աշխարհ բերելու համար:

Պետք է խոստովանեմ, որ ինձ ամենից շատ հանդիպող քարոզչությունը Րաֆֆի Հովհաննիսյանի դեմքն է, որը հնարավոր է ժպտում է, հնարավոր է` ոչ: Հնարավոր է Րաֆֆին ինչ-որ բան է հասկացել հացադուլից հետո, որ «Տեր եմ» կոչերը փոխարինել է «Հնարավոր է»-ով: Վստահ եմ, որ «անհնար ոչինչ չկա», ու թերևս այս է պատճառը, որ անհնար եմ համարում ընտրել «հնարավորը»:

Ու ես այդպես էլ չհասկացա, թե ինչու՞ է վերընտրվել ցանկացող գործող նախագահը այցելություններ կատարում, այստեղ-այնտեղ դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհ ուրվագծում, երբ 5 տարի ուներ այդ ուղղությամբ քայլեր կատարելու համար: Գուցե հավատացինք, որ կփոխվի, բայց չեմ հավատում, որ գործող նախագահը կարող է վերընտրվելուց հետո փոխել իր քաղաքական կուրսը:

Ինչև, գուցե «Հնարավոր է» «Դեպի ապահով հայրենիք» գնալ, չէ՞ որ «Վերևում Աստված կա»:

No comments:

Post a Comment