2 November 2010
Ադրբեջանական կինոյի՞, թե՞ հիգիենայի օրեր
Հայաստանում անցկացվելիք` «Ադրբեջանական կինոյի օրեր» փառատոնը լուրջ ընդդիմություն է ստանում հայաստանյան որոշ լրատվամիջոցների, ինչպես նաև սոցիալական կայքերի շնորհիվ: Ու շատերի համար է պարզ, որ նմանօրինակ նախաձեռությամբ կարող էր հանդես գալ միայն «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հասարակական կազմակերպությունը` գլխավորությամբ հայտնի Գեորգի Վանյանի: Միջոցառման հովանավորն էլ պետք է լիներ մի այնպիսի կառույց, ինչպիսին Հայաստանում Ամերիկայի դեսպանատունն է:
Հիշեցնենք, որ երբ սոցիալական կայքերը սկսեցին դեմ արտահայտվել միջոցառմանը, ՀՀ մշակույթի նախարարությունն անմիջապես հանդես եկավ հայտարարությամբ ու հավաստիացրեց, որ նախարարությունը ոչ մի կապ չունի փառատոնի հետ: Այնուհետև բողոքի ալիքը հանգեցրեց նրան, որ փառատոնի կազմակերպիչները ստիպված եղան հետաձգել փառատոնի մեկնարկի օրը` նոյեմբերի 2-ը: Ու գրեթե ոչ մի ԶԼՄ-ի հայտնի չէ, թե ե՞րբ կկայանան կինոյի օրերը, կկայանան արդյո՞ք, թե՞ ոչ, կամ որտե՞ղ է անձամբ ինքը` Վանյանը:
Եթե ժամանակով հետ շարժվենք, ապա կհիշենք, որ 3 տարի առաջ` դեկտեմբերին, նույն Գ. Վանյանը` իր համախոհ Աշոտ Բլեյանի հետ, ադրբեջանական մշակույթի օրեր էր կազմակերպել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Ամենացավալին այն է, որ այդ առիթով կրթահամալիրի սաները շարադրություններ ու բաց նամակներ էին գրել իրենց ադրբեջանցի հասակակիցներին, ու այդ գրությունները վկայում էին, որ մատաղ սերնդի հոգիներում ավերածություններ ու ստի քարոզչություն է ծավալվում ... «հայ»-ի կողմից:
Ինչևէ, միջոցառման իրականացման առիթով նույնիսկ հյուրեր էին ժամանել ադրբեջանից, և նախաձեռնությանը միակ հակահարված տվողը, թերևս, բլոգերներն էին, ովքեր ադրբեջանական մշակույթի օրերի պաշտոնական բացման օրը ներխուժել են դահլիճ և հպարտ ճառասացին` Գ. Վանյանին, օճառներ են նվիրել` «գործը փափուկ կատարելու» մաղթանքով: Ա. Բլեյանն այդ օրն այնքան լկտիություն է ունեցել, որ միջադեպի վերաբերյալ լրագրողներին ասել է. «Կրթահամալիրը միշտ էլ հիգենիկ միջոցների կարիք ունի»:
Անցած տարի նույն Ա. Բլեյանը, խոսելով ժողովրդավարությունից, ժողովրդական արժեքներ սերմանելուց, լրագրողներին փորձում էր համոզել, թե մենք պետք է հանդուրժող լինենք մյուս ազգերի ու ժողովուրդների, այդ թվում` ադրբեջանցիների ու թուրքերի հանդեպ, թե մենք պետք է տարատեսակ միջոցառումներով երկխոսության գանք, այլ ոչ թե բանակցություններով կամ արձանագրություններով: Երբ Ա. Բլեյանին հարցրի, թե արդյո՞ք նա նորից միտք ունի ադրբեջանական մշակույթի օրեր հայտարարել Հայաստանում, նա, անշուշտ վրդովվեց, ավելին` ընդգծեց, որ հենց ինձ նմաններն են, որ իշխանությունների ցանկությունն են կատարում ու էլի նմանօրինակ բաներ (այդպես էլ չհասկացա` հարցս ի՞նչ կապ ուներ իշխանությունների ցանկության հետ):
Ամիսներ անց լրագրողների ուշադրության առջև հայտնվեց Գեորգի Վանյանն ու խնդրեց բոլորին տեղեկատվության տարածմամբ սատարել իրեն, քանի որ ինքն իր օտարերկրացի, ինչպես նաև` ադրբեջանցի համախոհների հետ, ցանկանում է մեր տարածաշրջանում ստեղծել մի տարածք` «հրապարակ», որտեղ տարածաշրջանի երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ու քննարկումներ կկազմակերպվեն, ինչպես նաև կնախաձեռնվեն մի շարք հասարակական ու մշակութային միջոցառումներ: Այս իրականացնելու համար, սակայն, Վանյանին ֆինանսներ կամ օճառներ էին հարկավոր, և հարկավոր էր, որ լայն հասարակությունը տեղեկացված լինի:
Իսկ գուցե փառատոնն հենց ա՞յս տարածքում է իրականացվելու ...
Այսօր Գ. Վանյանի նախաձեռնությանը հակահարված տվողների թիվն ավելացել է, ու հասկանալի և ընդունելի է բողոքի այս ալիքը, բոլոր նրանց վրդովմունքը, ովքեր անհանգստացած են այս միջոցառմամբ, ովքեր այս հարցում մեղավոր տեսնում են նաև «իշխանությունների լռությունը»:
Հասկանալի է նաև, որ բլոգերների ցանկությունը մարգարեական ուժ է ստացել: Փաստորեն, օճառներն իսկապես իրենց նշանակությունն ու դերը խաղացել են «փափուկ գործելու» առումով, և այսօր արդեն Գ. Վանյանն ու իր համախոհներն ավելի «փափուկ», ավելի մեծ ձեռնարկ` կինոփառատոն են իրականացնում:
Ու, փաստորեն, որքան էլ ընդդիմանանք, կարմիր կովն իր կաշին չի՞ փոխում ...
Հ. Գ. - Օգտակար հղումներ` Տիգրան Քոչարյանին` Pigh-ին, Aysor-ին, Haynews-ին, Նարեկ Գալստյան-ին, 7or-ին, Երկիր թերթ-ին:
Labels:
Հայաստան,
Օճառամանիա
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment