10 November 2010

London is the capital of Great Britain - Մաս 1-ին

Լոնդոնն իսկապես մայրաքաղաք է: Ավելին` այն թագավորական մայրաքաղաք է, ինչի մասին բարձրաձայնում է ցանկացած շենք, ցանկացած սյուն ու ցանկացած հուշարձան: Այդ են փաստում նաև օդի թաց թարմությունը, քաղաքի չշտապող արագ ընթացքը, կարմիր ավտոբուսներն ու ֆիլմերից պոկված հեռախոսախցիկները, անծայրածիր զբոսայգիներն ու հիացած զբոսաշրջիկները:

Հայդ Պարկ

«Այնքան շատ եմ ուզում Լոնդոնի մասին գրել, որ չգիտեմ, թե որտեղից սկսեմ»
Երբ այս տողերը գրեցի Facebook-ում Նովստի-Արմենիա և Պանարմենիան լրատվական գործակալության լրագրողներ Շողիկ Վարդանյանն ու Եկատերինա Պողոսյանն այն շատ լավ սկիզբ որակեցին, ինչն էլ, թերևս, ստիպեց, որ շարունակեմ:

Ուրեմն, հատուկ Դայանայի համար, ով ինձանից առավելագույն նկարագիր է ակնկալում, ասեմ, որ Լոնդոնը տեսել եմ վազելով: Ինչու՞ ... որովհետև որոշել էինք մեկ օրում տեսնել քաղաքի հիմնական «տեսարժան» վայրերը, ու նորից վերդառնալ Բրիստոլ, որպեսզի ստիպված չլինենք հիմա էլ Լոնդոնում մնալու ճար անել:

Ժամանակն արդյունավետ ու օրը պլանավորված անցկացնելու նպատակով էլ մեր մեկնելու նախօրեին Լոնդոնի քարտեզի վրա շրջանակի մեջ առանք բոլոր այն վայրերն ու շենքերը, որոնք անհրաժեշտ ու ցանկալի էր տեսնել: Ընտրեցինք քաղաքի կենտրոնին ամենամոտ գտնվող գնացքի կայարանն ու ... մնում էր արթնանալ:

Մեկ ու կես ժամ գնացքում անցկացնելուց և Պադդինգտոն (Paddington) կայանից դուրս գալուց հետո ոտք դրեցինք Լոնդոնի կենտրոնական զբոսայգիներից մեկը` Հայդ Պարկը (Hyde Park), ու լուսանկարչական ապարատով զինված` վազեցինք «վազող» Լոնդոնի ետևից:
Մեր քարտեզի համաձայն` առաջին բանը, որ պետք է տեսնեինք Հայդ Պարկում, Դիաննա թագուհու անունը կրող մանկական այգին էր: Սակայն ոչ միայն թագուհու անունը կրող այգին, այլև հենց հեկտարներով ձգվող Հայդ Պարկն իսկապես (իմ, քո ու նրա նման)  մանուկների համար է. ազատ ու հանգիստ տարածություն, մաքուր ու կանաչ խոտ, որքան ուզում ես վազիր, որքան ուզում ես սայթաքիր:

Այստեղ` Հայդ Պարկում, ասես, երկնքից, մեր առջև բուսնեց Ալբերտ թագավորի հուշարձանը (Albert Memorial): Ոսկեձույլ այս արձանը մագնիսի ուժով դեպի իրեն ձգեց: Յուրքանչյուր քայլի հետ ավելի հսկա թվացող հուշարձանը հնդկական ոճի քանդակներով ու նախշերով է պատված: Սա, թերևս այն պատճառով, որ Ալբերտի թագավորության ընթացքում նրա կինը` Վիկտորիա թագուհին, եղել է Հնդկաստանի կայսրուհին:
Վիկտորիա թագուհուն, անշուշտ, իր հերթին կանդրադառնամ: Նշեմ նաև, որ Ալբերտի հուշարձանը դեմքով նայում է Ալբերտ-հոլլ-ին (Albert-Hall of Arts and Sciences): Արվեստին ու գիտությանը, հատկապես երաժշտությանը նվիրված այս հաստատությունն էլ լուռ պատմում է Ալբերտ թագավորի նախասիրությունների, մշակույթի, կրթությանն ու հասարակության զարգացմանն ուղղված իր ծրագրերի, կատարած աշխատանքի ու այս ոլորտներում ունեցած ներդրումների մասին:
Ասում են, որ առ այսօր էլ Անգլիայում գործում են բազմաթիվ կրթական ու մշակութային հաստատություններ, ինչպես նաև առողջարաններ ու հիվանդանոցներ, որոնք  կրում են Ալբերտ թագավորի անունը:

Վերջում նշեմ, որ իմ տպավորությամբ, Լոնդոնում շատերն են վազում: Խոսքը ոչ միայն այգիների երկայնքով կամ հենց այգիների կենտրոնական հատվածներում հանդիպող բազվաթիվ վազողների կամ, ավելի ճիշտ է ասել, առողջ ապրելակերպի ջատագովների մասին է: Այստեղ շատ են նաև մեզ պես «վազող» զբոսաշրջիկները: Նրանցից ոմանք էլ նախընտրում են վազել անիվների վրա, այդ նպատակով էլ հեծանիվներ են վարձում:


Հ. Գ. - Չնայած, որ «վազում» էինք և ընտրել էինք Հայդ Պարկից դուրս գալու ամենակարճ ճանապարհը, բայց ժամեր պահանջվեց դրա համար: Մի պահ մտածեցի, եթե, ասենք, Երևանի կենտրոնում ցանկանան նմանօրինակ, լա'վ, 10 անգամ փոքր ծավալով այգի կառուցել, այն որտե՞ղ են տեղավորելու: Երևի, հենց տեղ չունենալու պատճառով է, որ մենք առանց սրճարանների այգիներ չունենք, իսկ միակ եղածն էլ 1 րոպեում կարելի է շրջանցել ...

Շարունակելի ...

3 comments:

  1. vonc gam London.. finans@ harc chi,, uxxaki cevern aseq..

    ReplyDelete
  2. es min 2 3 shabatov em uzum,, ete aseq es ceznic shat-shat shnorhakal klinem,, uxxaki aseq te vonc.. greq im e-mail-in...

    ReplyDelete
  3. Հարգելի Գոռ
    Քանր որ Դուք նույն խնդրանը գրել եք երկու գրառման տակ էլ, ես ստիպված կրկնելու եմ այն, ինչ արդեն գրեցի: :)))
    Բանը նրանում է, որ մենք Անգիա ենք գնացել գործուղման և փաստաթղթերի պատրաստման հարցերով զբաղվել է աշխատավայրը: Մի՞գուցե դիմեք զբոսաշրջության որևէ գործակալության, նրանք Ձեզ ավելի հստակ տեղեկատվություն կտրամադրեն: :))

    ReplyDelete