Մայրիկս շատ է սիրում սենյակային բույսեր ու ծաղիկներ աճեցնել: Նա այնքան է ոգևորվում իր ծաղիկներով, որ երբեմն կատակում ենք. եթե ցանկանում եք վատություն անել մայրիկիս, կարող եք գողանալ նրա ծաղիկները:
Կան բույսեր, որոնց մայրս առանձնակի է վերաբերում, քանի որ վստահ է` դրանցից միայն ինքն է կարողանում աճեցնել և ինքն է, որ բաժանում է մյուսներին: Հենց այդ հազվագյուտ բույսերը, սովորաբար ամենապահանջվածն էլ լինում են մորս շրջապատի ու բույսեր սիրող հարազատների կողմից:
Սա մայրիկիս մասին: Հիմա անցնենք անտառներին, մասնավորապես Բրիստոլի անտառներին: Չգիտեմ հստակ, թե քանի անտառ ունի Բրիստոլը, բայց երկուսի հետ անձամբ ծանոթ եմ: Բացի այն, որ ապշեցուցիչ է այս անտառներում տիրող խաղաղությունն ու մաքրությունը, որ այստեղ մարդիկ վայելում են թարմ օդ` ոչինչ չխաթարելով, որ այստեղ անտառի բնակիչները չեն խորշում մարդկանցից, այստեղ նաև կարելի է տարատեսակ բույսերի հանդիպել:
Վերադառնալով նախորդ մտքիս` նշեմ, որ անձամբ այնքան էլ շատ չեմ սիրում ծաղիկներ մշակելու գործընթացը, սակայն մորս ոգևորությունը միշտ էլ ստիպում է տեղյակ լինել, թե նրա որ բույսն ինչպես է աճում և որ ծաղիկն ինչպես է ծաղկում: Հենց այդ պատճառով է, որ երբ Բրիստոլի անտառներում մի քանի ծառերի հանդիպեցի, ապշեցի: Չէ՞ որ այդ նույն ծառերի մինի տեսակները` ծաղիկները, մորս պատուհանի էկզոտիկ զարդերն են ու դրանց ծաղիկը հենց այս նույն տեսքն ունի:
Անտառում տեսածս լուսանկարելուց հետո միանգամից երևակայեցի, թե ինչ կասի և ինչպես կարձագանքի մայրս, երբ տեսնի այս հսկա ծառերը:
Հավանաբար, նա փորձարկումներ կանի` իր ծաղիկները ծառերի վերափոխելու: Կամ սովորության համաձայն` համեստ կժպտա: Ամեն դեպքում, մայրս չի հուսահատվի, փոխարենը այժմ էլ բոլորին կասի, որ իր բույսից նույնիսկ Բրիստոլի անտառներում է աճում:
I love this artical, speccially u sharing story about ur sweet and tenderheared Mom who
ReplyDeletetook-care and grew flowers, it's refreshing story and good insight about exotic flowers and tree.
Thank you :)
ReplyDelete