27 September 2011

Ջերմուկ. ո՞րն է հայրենիքիս իրական ջուրը

Հայրս հանքային ջրի սիրահար է, և որքան ինձ հիշում եմ,  մեր սեղանից անպակաս է Ջերմուկի Մայր գործարանի արտադրության հանքային ջուրը: Իսկ «Բջնին էլ վատ Ջերմուկ չի» ժամանակին հայտնի անեկդոտն ինձ համար էր, քանի որ ես, հանքային ջուր ասելով, միայն «Ջերմուկ» էի հասկանում, ու ինձ համար անհասկանալի և անընդունելի էին մյուս բոլոր հանքային ջրերը:
Չնայած ունեցածս խիստ վերաբերմունքին, երբեք չեմ հասկացել, թե ինչով են հանքային ջրերը տարբերվում իրարից (մանավանդ միևնույն վայրում արտադրվող), մինչև չտեսա սեփական աչքովս: Հիմա արդեն կարծիքս հիմնավորված է: Ուրեմն ....

Այս տարի որոշեցինք մեր հանգիստն անցկացնել հայրենիքում, և ընտրեցինք Ջերմուկը: Հանգստի ժամանակ էլ հնարավորություն ստացանք այցելել «Ջերմուկ» հանքային ջրի Մայր գործարան և ներսից ծանոթանալ արտադրության ու հանքային ջրի ստացման ողջ գործընթացին: Քանի որ էքսկուրսավարը գործարանի աշխատակիցն ու հայրիկիս մանկության ընկերն էր, ապա վստահաբար կարող եմ ասել, որ ստացել ենք հավաստի ու առանց չափազանցությունների տեղեկատվություն:

Այսպես` նախ մեզ ցույց տվեցին այն հանքավայրը, որտեղից գործարանը դուրս է բերում հանքային ջուրը: Բացատրեցին, թե  բարձր ջերմաստիճանում գետնի տակից դուրս եկող ջուրը ինչպես և ինչ ճանապարհով է հասնում գործարան` սառը ջրի խողովակների միջով անցնելով` կորցնելով սկզբնական ջերմությունը: Ապա այն վայրերը, որտեղ ջուրը ֆիլտրվում է, սառեցվում և գազավորվում:

Անչափ գրավիչ էր շշալցման գործընթացը, երբ աչքիդ առաջ փոքրիկ մետաղապլաստե տարրան դառնում էր շիշ, լցվում ջրով, պիտակավորվում, փակվում, պիտանելիության ժամկետ ստանում ու փաթեթավորվում: Այստեղ մարդկային գործոնը միայն վերահսկումն իրականացնելու համար է, մնացած ամեն ինչը կատարում են ժամանակակից սարքավորումները:
Հիմա անցնեմ ամենագլխավորին: Ինչու՞մն է  Մայր գործարանի առավելությունը:

Ի տարբերություն որոշ հանքային ջուր արտադրողների, այն վերցվում է մի հանքավայրից, որտեղից դուրս եկած ջուրն իրապես համապատասխանում է միջազգային չափանիշներին, առողջարար է և զերծ վնասակար տարրերից: Բացի այդ, Մայր գործարանը ջուրը գազավորում է դարձյալ հանքավայրից ստացած բնական գազով, այն պարագայում, երբ այլ ընկերություններ շատ հաճախ CO2-ը ստանում են արհեստական ճանապարհով (հիմնականում ծխից): Մայր գործարանը հատուկ սարքով հանքավայրից վակումի միջոցով դուրս է բերում բնական գազը և համապատասխան խտությամբ նորից վերադարձնում ջրին:

Սակայն գովեստի արժանի այս ընկերության աշխատանքն ու արտադրանքը չի գովազդվում, ավելին` շատ ու շատ հանրախանութներում նույնիսկ չի վաճառվում: Պատճառը անշուշտ Հայաստանում իշխող տնտեսական մրցակցության «արդարացի» պայմաններն են, որոնց թելադրանքով հանքային ջրի ստացման իրական գործընթացն էլ աղավաղվում է ու ներկայացվում շատերին:

Այս բացահայտումից հետո ինձ համար պարզ դարձավ, թե ինչու՞ բուժող հանքային ջուրը ոչ մի օգուտ չի տալիս, և հասկանալի շատերի` «առաջվա ջուրն ուրիշ էր»  դժգությունը: Հուսով եմ գրառումս կօգնի Ձեզ ևս ստանալ այդ հարցերի պատասխանն ու վստահ լինել, որ կա ընկերություն, որը 1951 թ-ից սկսած արտադրում է նույն որակյալ հանքային ջուրը:

Հ.Գ. - Որպեսզի հեշտությամբ տարբերեք իրական Ջերմուկը, տարրայի վրա փնտրեք տարբերանշանը` եղնիկի գլխով, կամ պարզապես ճշտեք` արդյո՞ք Ձեր գնածը հենց Մայր գործարանի արտադրությունն է:

2 comments:

  1. Great article. We need to be informed about Armenian products like this. Nice to read about how this product is made. Shad enk sirum Jermuk

    ReplyDelete
  2. Thank you very much for your warm words! :)

    ReplyDelete