21 September 2011

20-ամյա, բայց հասուն Հայաստան

Լուսանկարը` Լիլիան Գալստյանի
Երբ ես էի դառնում 20 տարեկան, «ի՞նչ եմ անելու», «ու՞ր եմ գնալու», «ո՞վ եմ դառնալու», «ի՞նչ գաղափարախոսության կրողն եմ լինելու» և այլ նմանօրինակ հարցեր ամիսներ շարունակ մտատանջում էին ինձ: Կարծես  ամփոփում էի մի փուլ և ոտք էի դնում մեկ ուրիշը, որտեղ պատասխանատվությունն ու ինքնուրույնությունն ավելանում էին, որտեղ ժամանակն էր մեծանալու...

Պատմական արհավիրքների ու պատերազմի բովով անցած Հայաստանի Հանրապետությունը, բնականաբար, շատ ավելի հասուն է 20-ամյա երիտասարդից: Սակայն այսօր, երբ տոնում ենք մեր անկախ Հայաստանի 20-ամյակը, կցանկանայի, որ նա էլ որոշած լիներ, թե ու՞ր է գնում, ի՞նչ է անելու, ի՞նչ գաղափարախոսության կրող է և ինչպիսի՞ ապագա է կերտելու:

Կուզենայի, որ ռազմական շարասյան նման ամուր ու անկոտրուն, միջազգային չափանիշներին համապատասխան մշակութային արժեքներ ունենայինք այսօր ցուցադրելու: Կուզենայի պետական այրերի կողքին տեսնել բոլորիս կողմից սիրված ու հարգված, հասարակական ու մշակութային գործիչների: Կուզենայի օրինակելի հերոսներ ունենայիք, որոնց առկայությամբ կզգայինք իսկական պաշտպանվածություն, հերոսներ, որոնց ներկայությունն է փաստում մեր վաղվա ապագան:

Կուզենայի, որ Հայաստանի դարավոր պատմությունը հիմք ծառայեր ամուր ապագա ստեղծելու համար: Կուզենայի, որ յուրաքանչյուր հայ իսկապես կրողը լիներ մեր բազմադարյան մշակույթի: Կուզենայի, որ հայրենիքիս պատմական անցյալը տեսանելի լիներ ամեն քայլափոխի ու յուրաքանչյուրին: Կուզենայի, որ հինը երբեք չքանդվեր նորը կառուցելու համար:

Կուզենայի, որ առաքինությունն ու ազնվությունը վեհ լինեին ցանկացած արժեքներից: Կուզենայի, որ հասարակ քաղաքացին իրապես զգար, որ ինքն է Հայաստանը, որ Հայաստանն անկախ է իր շահերը պաշտպանելու համար: Կուզենայի, որ դպրոցականն ու ուսանողը վստահ լինեին, որ ուսումն է գերակա, որ իրենց անկախ Հանրապետությանը պետք են միմիայն կրթված ու բարձրակարգ մասնագետներ:

Կուզենայի, որ ամեն առավոտ շնորհավորեի Հայստանիս անկախ լինելու համար, հաղթանակած Հանրապետություն լինելու համար, ու ամեն առավոտ նոր նպատակներ ու երազանքներ կապերի անկախ երկրիս ապագայի հետ: Կուզենայի, որ իմ ու հայրենիքիս ապագաները միևնույն տեղում կերտվեին...

Հ.Գ. - Տոնդ շնորհովոր իմ անկախ Հայաստան...

No comments:

Post a Comment