30 September 2011

Շրջանակից դուրս

Կարծես առաջին անգամ էի թատրոնում: Վախի ու անսահման հետաքրքրության զգացողությունը պատել էր ինձ երեկ Երևանի Մնջախաղի պետական թատրոնում` ինձ համար անծանոթ այս ներկայացման սկսելուն սպասելիս: Իմպրովիզացիայի ժանրում բեմադրված «Շրջանակից դուրս» ներկայացումն, անշուշտ, անակնկալ էր լինելու նույնիսկ նրա համար, ով առաջին անգամը չէր, որ դիտելու էր այն: Սակայն, ես առավել անհանգիստ էի, որովհետև նախկինում տեսել էի թե´ բեմադրիչ ռեժիսորի` Յուրի Կոստանյանի խաղացած այլ դերերից, և թե´ նրա բեմադրած նախկին ներկայացումներից («Դևը»):

Չնայած պարզ թվացող դեկորացիային, բեմում ամեն ինչ անհասկանալի էր առաջին րոպեներին: Հետո հետզհետե սկսեցի դուրս գալ այդ շրջանակից` բեմի սահմաններից, ու ասես ամեն ինչ իր տեղն ընկավ: Հենց այդ պահին էլ հայտնվեց երկնային մի արարած` հրեշտակ (դերասանուհի Նարինե Գրիգորյան), ով երկրի սահմաններում ստեղծված մարդու հետ սկսեց անբառ ու բոլորին հասկանալի լեզվով ցույց տալ երկնայինի ու երկրայինի հարաբերությունը:
Մարդկային ու մարդ-Աստված հարաբերությունների, ավանդույթների, պաշտոնական ու ցուցադրական իրավիճակների արանքում պարզ ու հասարակ կերպով դերասանները պարբերաբար հիշեցնում էին, որ երկնայինն ու երկրայինը ներդաշնակություն են ստեղծում միայն ու միայն սիրո շնորհիվ, որ սիրո առկայությունն է ամեն ինչ դարձնում խաղաղ, ազնիվ ու բոլորի կողմից ընդունելի...
 
Չգիտեմ, թե ներկայացման ավարտից հետո ով քանի շրջանակ կոտրեց իր ներսում կամ եղածներից քանիսն ամրապնդեց, ով ինչպիսի զգացողություններ ապրեց կամ վերապրեց, բայց իմ հոգու համար այն իսկական կատարսիս էր: Ներսս միանգամից մաքրվեց, ստացավ իրեն հուզող հարցերի պատասխանները, ծիծաղեց բոլոր կարծրատիպերի, սերը սահմանափակող շրջանակնների վրա, սիրով ու խաղաղությամբ լցվեց, գունավորվեց, բարիացավ...
 
Ներկայացման ավարտից հետո ինձ համար բոլոր անակնկալներն անհետացան: Մնաց այն նույն համոզումը, որ այս թատրոնում ցանկացած ներկայացումից հետո գունավորվում է նաև աշխարհը, շրջապատող մարդիկ դառնում են գեղեցիկ, ընկճվածության ու հուսահատության զգացողությունը վերանում է, և ներսդ լցվում է մի այնպիսի էներգիայով, որն ունակ է անսահման սիրելու, արարելու, անվերջ ժպտալու և լիարժեք երջանկություն վայելելու:

Ավելին` այս թատորնի ներկայացումները ոչ միայն ստիպում են հոգուդ խորքերից հարցեր դուրս բերել ջրի երես, այլև շատ կարճ ժամանակահատվածում` մինչև ներկայացման ավարտը, ստիպում են հոգուցդ հանել նույն հարցերի պատասխանները, իրերին տալ իրենց անունները, համակարգել դրանք ու ամենայն հոգատարությամբ դասավորել իրենց համար նախատեսված դարակներում: Այս թատրոնում բեմադրված ներկայացումներն արվեստի յուրօրինակ նմուշներ են, որոնք ամեն անգամ, նորից ու նորից մաքրում ու լուսավորում են...

Իսկ երբ հեռանում ես Մնջախաղի թատրոնի սահմաններից, կարծես քայլերդ ոչ թե երկրի` այլ երկնքի վրա ես դնում: Ու նորից երկինք վերադառնալու ցանկությունն էլ ժամանակ առ ժամանակ քեզ բերում է այս նույն սահմանը, որտեղ անխոս ու առանց սահմանների խոսում են հոգուդ հետ...

Հ.Գ. - Հատուկ շնորհակալություն Երևանի Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին, թատրոնի դերասան Յուրի Կոստանյանին և դերասանուհի Նարինե Գրիգորյանին` անմոռանալի ու անկրկնելի երեկոյի համար:


Լուսանկարները` Երևանի Մնջախաղի պետքական թատրոնի ֆեյսբուքյան էջից են ;)

1 comment:

  1. Հ.Գ. 2 - Նշեմ, որ այս ներկայացումը բեմադրվել է Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում և կրել է «Սոնետ n90» վերնագիրը: Ստերև նաև Շեքսպիրի նույնանուն ստեղծագործությունը.

    «Ուրեմն՝ ատի՛ր, թե պիտի ատես, ատի՛ր հենց հիմա,
    Հիմա, երբ աշխարհն հակառակվել է իմ արարքներին,
    Ձեռք-ձեռքի տված հոռի բախտի հետ՝ ծնկի՛ր ինձ հիմա
    Եվ մի՛ այցելիր՝ մխիթարելու իմ սիրտը կրկին:
    Ա՜խ, պետք չէ՛, չգա՛ս, երբ անցած լինեն օրերս ցավոտ,
    Ու չհայտնվես անցած-գնացած վշտի ետևից,
    Իմ փոթորկաշունչ գիշերվան չտաս տամուկ առավոտ՝
    Հետաձգելու իմ հոժարակամ վախճանը նորից:
    Թե պիտի լքես, թո՛ղ որ չլինեմ երբեք վերջինը
    Եվ չտառապեմ չնչին ցավերից ես գիշեր ու զօր.
    Հենց հիմա՛ լքիր, որ չզգամ նրա ցավաբեր գինը,
    Այլ միանգամի՛ց ճաշակեմ բախտի հարվածը հզոր,
    Եվ այն վիշտը խոր, որ հիմա միայն ինձ թվում է վիշտ,
    Քո կորստի հետ համեմատվելիս՝ կչքվի՜ ընդմիշտ»:

    ReplyDelete