14 October 2010

Նվիրում եմ Նանեին

Մի անգամ ծանոթներիցս մեկն ասաց. «Երբ ինչ-որ տեղ երեխա կա, մնացած ամեն ինչ երկրորդական է»: Մեր ընտանիքիում էլ Նանեի ծնունդով ամեն ինչ երկրորդական դարձավ և այդ փաստն օրեցօր` նրա մեծանալու հետ, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում:

Նանեի ծնվելու մասին լուրն ամենացանկալին էր, քանի որ հորեղբայրս` Հրաչյան, ու նրա կինը` Աննա, ովքեր ամուսնանալու մասին որոշում կայացրել էին բավականին հասուն տարիքում, օդ ու ջրի պես երեխայի կարիք ունեին, որն իմաստավորելու էր նրանց կյանքը, որը բարությամբ ու հաճելի հոգսով էր լցնելու նրանց հետագա օրերը:

Նանեն ծնվել է մի ամառային պայծառ օր: Թերևս պատահական չէր, որ նրա ծննդյան մասին լուրը ես ստացա երթուղային տաքսու մեջ` հենց այն պահին, երբ նոր էի ծանոթացել «Նանե» անունով մի լրագրողի հետ (սա չի նշանակում, թե ես եմ նրան անուն տվել. դեռ չծնված` հորեղբայրս պնդում էր, որ իր դստերը Նանե աստվածուհու անունով պետք է կոչի):

Փոքրիկ Նանեի յուրաքանչյուր նոր «արարք» ու «հմտություն» մեծ ցնծությամբ է ընդունվում մեր` նրա հարազատների կողմից: Մեր ընտանիքում, որտեղ երկար տարիներ բացակայել է երեխայի ճիչը, Նանեով բոլորը կարծես նոր են բացահայտում մարդու աճը, զարգացումն ու կայացումը:

Մեր հրաշք փոքրիկն այժմ որոշակի բառեր արտասանելուց, միայն իր համար հասկանալի երգեր ու զրույցներ վարելուց բացի այժմ քայլում է: Նրա կյանքում մի նոր փուլ է սկսվում, երբ ինքն է անձամբ որոշողը լինելու` ուր գնալ, ինչ վերցնել, որ դուռը բացել ...

Կարոտել եմ այս փոքրիկ հրաշքին, կարոտել եմ նրա անհոգ ծիծաղին, կարոտել եմ նրա հետաքրքրասեր ու խելացի հայացքին:


Հ.Գ. - Ես քեզ շատ եմ սիրում իմ գանձ` իմ փոքրիկ քույրիկ` իմ հոգևոր զավակ` ինձ համար ամենաթանկ` Նանե:

No comments:

Post a Comment