13 October 2010

Ո՞վ չի սիրում ծաղիկներ

Թերևս չկա մեկը, ով չսիրի ծաղիկներ, ով չգնահատի դրանց դրական ազդեցությունը մարդու տրամադրության ու շրջապատի գեղեցկության վրա: Բրիստոլում, հավանաբար, նույնպես շատ են սիրում ծաղիկներ ու այդ սերը բավարարելու համար այստեղ ստեղծված են բոլոր պայմանները:

Այսպես` ծաղիկներ այստեղ կարելի է գնել ինչպես ծաղկի վաճառակետերում, այնպես էլ գրեթե բոլոր հանրախանութներում` ի թիվս մթերքի ու տնտեսական ապրանքների: Հանրախանութներում ծաղիկները դրված են դույլերի մեջ` բանջարեղենի կողքին, և գնորդը կարող է վերցնել իրեն դուր եկած փունջն ու մոտենալ դրամարկղին:

Վաճառվող ամենատարբեր ծաղիկները պարզ ու հասարակ փաթեթավորմամբ են: Խուսափելով ավելորդ աքսեսուարներից, փայլերից ու զարդերից` ծաղկեփնջի ողջ գեղեցկությունը վերապահված է միայն գույնզգույն ծաղիկներին:

Նկատենք նաև, որ ծաղիկների հետ վաճառում են բացիկներ` ցանկություն կամ երկտող գրելու համար, որոնք գնորդին օգնում են` առավել հեշտ ու պատկերավոր փոխանցել ասելիքը:


Այստեղ ծաղիկներ կարելի է հանդիպել նաև փողոցներում` մայթեզրերին, շենքերի վրա ու խանութների դիմաց, ինչպես և զբոսայգիներում: Ու այդ ծաղիկներն այնքան ներդաշնակ ու բնական են տեղակայված, որ թվում է` ողջ տարին Բրիստոլը ծաղկում է` դրական լիցքեր հաղորդելով քաղաքի բնակիչներին ու այցելուներին:

No comments:

Post a Comment