12 November 2010

London is the capital of Great Britain - Մաս 2-րդ

Լոնդոնն իսկապես մայրաքաղաք է: Ավելին` այն թագավորական մայրաքաղաք է, ինչի մասին բարձրաձայնում է ցանկացած շենք, ցանկացած սյուն ու ցանկացած հուշարձան: Այդ են փաստում նաև օդի թաց թարմությունը, քաղաքի չշտապող արագ ընթացքը, կարմիր ավտոբուսներն ու ֆիլմերից պոկված հեռախոսախցիկները, անծայրածիր զբոսայգիներն ու հիացած զբոսաշրջիկները:

Բուքինգհեմյան պալատ

Ելիզավետա թագուհուն անպայման կբարևես ... Այս խնդրանք-հորդորը տալիս էին գրեթե բոլորը, ովքեր տեղեկանում էին, որ Անգլիա ենք մեկնելու:

Անշուշտ չէինք կարող չկատարել «մեծամասնության» պահանջը: Ու այս «պահաջն» ամենից լավ կատարելու տարբերակը` Լոնդոնում Բուքինգհեմյան պալատ` թագուհու նստավայր, այցելելն էր:
Հայդ Պարկի անմիջական հարևանությամբ է գտնվում Կանաչ պարտեզը (Green Park), որտեղ էլ տեղակայված է թագավորական պալատը: Այս պալատն իր արտաքին անթերի տեսքով ու սպիտակ մարմարից բխող հզորությամբ տեղավորվում է ցանկացած մահկանացուի` պալատի մասին ունեցած պատկերացումներում:

Նայելով պալատին` ակամա տեսնում ես թագավորական շքերթներ, պճնված կանանց, կոկիկ հագնված ու քաջարի տղամարդկանց, պալատական սպասավորների, ձիերի ու ձիավորների ... ու այն ամենն, ինչ անհրաժեշտ է պալատին, այն ամենն, ինչ ունենք Անգլիայի մասին մեր երևակայությունում:

Սա ասես հասարակ մարդկանց հասանելի և միևնուն ժամանակ` միայն միապետերին հասու մի շինություն է, որը վայելում է միապետի ներկայությունն ու իշխանությունը: Աշխարհի ամենատարբեր ծայրերից այստեղ ժամանած զբոսաշրջիկների քաոսի մեջ Բուքինգհեմյան պալատի հանգստությունը վկայում է, որ Անգլիական թագավորությունը հզոր հիմքերի վրա է ստեղծվել և դեռ երկար է անցնելու դարերով:

Տեղեկացնեմ, որ Բուքինգհեմյան պալատը հիմնադրվել է 1703 թ-ին և հանդիսացել է Բուքինգհեմ դքսի ամրոցը: 1762 թ-ին Գեորգի 3-րդ թագավորը գնել է այն` որպես միապետի անձնական նստավայր, իսկ 1837 թ-ին` Վիկտորիա թագուհու գահակալությամբ, այն հռչակվել է միապետության գլխավոր նստավայր:

Պալատը, որը հետագա տարիներին լրացվել է ենթաշենքերով, ունի 775 սենյակ, զբաղեցնում է  20 հեկտար տարածություն, որից 17 հեկտարն այգի է: Պալատի դիմաց էլ վեր է խոյանում Անգլիայի պատմության մեջ ամենաերկար` ավելի քան 63 տարի գահակալած Վիկտորյա թագուհու հուշարձանը:
Անգլիացիների կողմից սիրված ու անվերապահորեն ընդունված Վիկտորիա թագուհու 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Կանաչ այգու վերջնամասում կառուցված հրապարակն էլ` նախատեսված ձիերի մրցարշավների ու շքերթների համար, լրացնում է Բուքինգհեմյան պալատի համայնապատկերը:

Այստեղ է, որ հանդիպում ես անշարժ կանգնած ժամապահների ու ձիավորների: Այստեղ է, որ յուրաքանչյուրը, ով այցելել է Լոնդոն, անպայման ցանկանում է նկարվել այս շնչավոր «արձանների» հետ:
Հենց այս արքայական միջավայրում է, որ քեզ զգում ես  ամենաբարի սյուժեով ֆիլմի ամենաերջանիկ հերոսուհի, ով ազատ է անել մտքին փչածը` նկարվել ում և ինչի հետ ցանկանա, անհոգ ժպտալ ու բարձր գոռալ, որ սիրում է: Հերոսուհի, ով վայելում է իրեն ընդձեռված ցանկացած վայրկյանը, ով այդ վայրկյանների համար անսահման շնորհակալ է Բարձյալին, իր սիրեցյալին, ում շնորհիվ Լոնդոնում է և անգլիացիներին, որ աշխարհի մեջ Աշխարհ են ստեղծել:


Հ. Գ. - Բոլորի բարևներն` ուղղված Ելիզավետա թագուհուն, փոխանցված են:

Շարունակելի ...

No comments:

Post a Comment