4 November 2010

Կամրջի գաղտնիքը

Որպեսզի համոզվեք, որ Բրիստոլն իրավամբ թագավորական քաղաք է, բավական է քաղաքին նայել Կլիֆտոնյան կախովի կամրջից (Clifton Suspension Bridge): Այստեղից մի հրաշալի բնապատկեր է բացվում` Բրիստոլի Էյվոն գետով, անտառներով, քարանձավերով, հին ու նոր  շենքերով, օդում լողացող օդապարիկներով...
Կլիֆտոնյան կամուրջը, որը կառուցվել է 1836-1864 թվականների ընթացքում, համարվում է քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Այն իսկական գլուխգործոց է, և պատահական չէ, որ հենց այս կամուրջն է ճարտարապետ Իզամբարդ Կինգդոմ Բրյունելի առաջին անկախ նախագիծը:

Այս կամուրջն իր շուրջ հավաքում է ոչ միայն զբոսաշրջիկներին, ովքեր, քարտեզները ձեռքներին, շրջանցել են քաղաքը` այստեղ հասնելու համար, այլև Բրիստոլի քաղաքացիներին: Չորս կողմը տարածվող կանաչապատ զբոսայգին, որը, թերևս, շատերի համար է գերադասելի, խաղաղություն ու հանգստություն վայելելու համար անփոխարինելի մի վայր է:

Այստեղ մեծամասնություն են կազմում հատկապես երիտասարդները, ովքեր պառկած են զբոսայգու կանաչ խոտերի վրա, կամ մի աննկատ տեղ հարմար տեղավորված` սպիտակ թղթի վրա անմահացնելու կամրջի չորս կողմը ծավալվող արքայական բնապատկերը:

Երբ քայլերդ ուղղում ես դեպի կամուրջ, հասկանալու, թե ինչպես է շուրջ 230 մետր երկարությամբ և Էյվոն գետից 190 մետր բարձրության վրա գտնվող այս կամուրջն անցել դարերով, հայտնվում ես երկնքում, որտեղից քաղաքն ասես բռիդ մեջ լինի: Մի այնպիսի զգացողություն է պատում, թե այս կամուրջն ու նրա վրա կանգնողներն են, որ ղեկավարում են Բրիստոլը` հիանալով դրանով:

No comments:

Post a Comment