2 November 2010

Ժպտացող մահ` միայն Հելոուինին

Փորձեք մտաբերել ամենասարսափելի ֆիլմի հերոսին, կամ փորձեք պատկերացնել մարդանման էակի, ով կարող է ձեզ մահու չափ վախեցնել, ու այդժամ միայն կհասկանաք, թե ինչպես է նշվում Հելոուինն Անգլիայում:

Առաջին անգամ անգլերենի դպրոցական դասագրքից ինձ ծանոթ այս տոնն այնքան վաղեմի պատմություն ունի, որ նույնիսկ տոնի հիմնադիրները` անգլիացիները, չեն հիշում, թե այն երբ է սկիզբ առել: Ինչևէ, տարիների ընթացքում տոնը փոխել է ինչպես իր բովանդակությունը, այնպես էլ` «իրագործումը»:

Այսօր Անգլիայում տոնին սկսում են նախապատրաստվել շաբաթներ առաջ: Այդ առիթով հագուստի բոլոր խանութներում հայտարարվում են զեղչեր: Բացի այդ` բոլոր խանութներում հայտնվում են նոր վահանակներ, որտեղից կարելի է գնել «ամեն ինչ Հելոուինի համար»` կոնֆետներ, դիմակներ, ներկանյութեր, գլխարկներ, լույսեր, աքսեսուարներ և այլն:

Հելոուինը սկսում են նշել հոկտեմբերի 30-ից: Երեկոյան ժամերին Անգլիայի քաղաքների կենտրոնական փողոցներում, որտեղ տեղակայված են զվարճանքի ու հանգստի վայրերը, կարելի է հանդիպել ամենահետաքրքիր, ամենասիրելի ու ամենասարսափելի հերոսներին: Երիտասարդներից ոմանք էլ նախընտրում են օրը նշել տոնական տեսքով և երեկոյան զգեստներով են փողոց դուրս գալիս:

Այս ժամերին հերթեր են գոյանում բարերի, սրճարանների ու պարասրահների մուտքերի մոտ, որտեղ անվտանգության աշխատակիցները ևս անմասն չեն մնացել տոնից:
Հերթեր են գոյանում նույնիսկ բանկոմատների առջև: Չէ՞ որ գումար պետք է անգամ վհուկներին` լավ գարեջուր պատվիրելու համար:
Չնայած ժամեր անց արդեն դժվար է գտնել մեկին` տղա, թե աղջիկ, ով գինովցած չէ,ում մարմնի վրա արյուն հիշեցնող կարմիր հետքեր չկան, սակայն նույնիսկ հարբած վիճակում տոնի հերոսները ժպտում են բոլորին և վախեցնելու ու քաղցրավենիք պահանջելու փոխարեն` համաձայնվում են անմահանալ մեր ֆոտոխցիկում:

No comments:

Post a Comment