14 November 2010

Ավտոբուսային պատմություն

Նախաբան. Մտածում էի ինչ-որ հետաքրքիր վերնագիր դնել գրածիս համար, բայց հասկացա, որ ինչ էլ դնեմ` Լիլիթի վերնագրերից դիպուկ չի լինի, ու որոշեցի բավարարվել համեստ վերնագրով:

Ուրեմն` հոգնած, Անգլիայում իմ վերջին աշխատանքային օրվանից հետո, նստել էի ավտոբուս ու լուսամուտի` իրար միացող ու վար գլորվող անձրևի կաթիլներով զմայլվելով ու մտամոլոր ինչ-որ բան երազելով` գալիս էի հյուրանոց: Այդ պահին իմ ուշադրությունը գրավեց մի մարդ, որը ծանր ուսապարկը ուսին` բարձրացավ ավտոբուս: Համեստորեն վարորդից տոմս խնդրեց, վճարեց և ժպտալով քայլեց իմ կողմ:

Հիսունն անց այդ տղամարդը գրավեց իմ ուշադրությունը հնարավոր է իր կովբոյի կաշվե գլխարկի պատճառով, թեպետ գլխարկի տակ հնարավոր չէր չնկատել փոքր-ինչ կնճռոտ, տիպիկ անգլիացու դեմքը: Առաջանալով նա կանգնեց ինձանից երկու նստարան առաջ. դրեց ուսապարկը մի նստատեղին, իսկ ինքը տեղավերվեց մյուսին: Նա հանեց կովբոյի գլխարկը, մատներով փորձեց ուղղել երկար, շագանակագույն մազերը` դրանք ավելի խառնելով, և տեղավորեց գլխարկն ուսապարկի վրա:

Անմիջապես նրա հետևից ավտոբուս բարձրացավ մի տարեց կին, որը կրում էր անգլիական ոճով ձեռագործ  գլխարկ և շատ էր հիշեցնում Ելիզավետա թագուհուն: Երբ նա գնեց տոմսն ու շարժվեց դեպի նստատեղերը, տղամարդը, ժպտալով նրան, առաջարկեց նստել իր կողքի նստատեղին: Կինը, համեստ ժպտալով, հրաժարվեց` ի զարմանս տղամարդու: Այնինչ, ավտոբուսի մնացած ուղևորների համար դա բնական ռեակցիա էր կնոջ կողմից` հաշվի առնելով առաջարկվող տեղը պինդ զբաղեցրած մեծ ուսապարկը, որը հնարավոր չէր չնկատել: Կինը նստեց իմ դիմացի նստատեղին և հոգոց հանեց:

Տղամարդը շրջվեց դեպի նա և սկսեց ինչ-որ բան խոսել: Չգիտեմ` ինչ, որովհետև սովորություն չունեմ մարդկանց խոսակցություններին ականջ դնել, եթե իհարկե դրանք չեն ստանում բուռն զարգացումներ, ինչպես այս դեպքում կատարվեց փոքր-ինչ անց: Սկզբում ես մտածեցի, թե նրանք ուղղակի ծանոթներ են, և դա էր տղամարդու կողմից կնոջը տեղ առաջարկելու, իսկ հետո խոսակցություն սկսելու պատճառը: Սակայն ընթացքում հասկացա, որ կնոջն այնքան էլ չի հետաքրքրում տղամարդու պատմածները, այնինչ դրանք սկսեցին ինձ հետաքրքրել:

Այսպես` նա պատմում էր մոտ օրերս տեղի ունեցած պատմություն: Բերանի տարօրինակ շարժումներն ու անգլիական խիստ ակցենտը չէին թողնում ամբողջությամբ ըմբռնել նրա ասածները, բայցևայնպես, իմաստը հետևյալն էր: Նա վերջերս մտել է մի փաբ և խնդրել բարմենից մեկ պինտ (568 մլ) լավագույն գարեջուր: Մեկ պինտը բազմապատկվել է հինգ և ավելիով և, ինչպես տղամարդն էր վկայում, թե´ իր պատմելով, թե´ իր շարժուձևով, դա հաճախակի երևույթ էր նրա համար:

Ըստ իր պատմածի` այնուհետև նա խնդրել է բարմենին պատրաստել կոկտեյլ` հատուկ իր մշակած ռեցեպտով և սկսել է թելադրել բարմենին բոլոր պարագաները և չափաբաժինները, որոնք անհրաժեշտ են «կոկտեյլը» պատրաստելու համար: Թվարկում եմ նրանք, ինչ հասցրեցի ըմբռնել նրա` կնոջը պատմած ցուցակից. կիտրոնի հյութ, փոքր-ինչ էլլ (Ale)` համ ու հոտի համար, Ջեք Դենիելս վիսկի, էլի ինչ-որ տարօրինակ խմիչքներ, որոնց անունները չեմ հիշում, ու ամենակարևորը, վերջում ավելացնել բարակ կտրած լիմոն մեկ պինտանոց բաժակի կողքին, որը, ինչպես հասկացա, ամբողջությամբ լի էր կոկտեյլը պատրաստելուց հետո:

Մի պահ ես շեղվեցի` տղամարդու պատմության և այն ուշադրությամբ լսող կնոջ վրա կողքինների ծիծաղով և երբ վերադարձա մեր հերոսին, լսեցի թե նա ինչպես է պատմում իր առաջին հիշողությունները հիվանդանոցից, որտեղ հայտնվել էր հավանաբար այդ երեկոյից հետո:

Նա պատմում էր իր մարմնի տարբեր մասերից, հիմնականում, թևերից երակների մեջ մտցրած խողովակների մասին, որոնցից ոմանցով հոսում էր իր արյունը, իսկ որոշներով էլ ինչ-որ անգույն հեղուկ: Նա պատմում էր այդ տեսարանը շատ ոգևորված ու բուռն էմոցիաներով, ու ասում էր, որ էժան է պրծել, որ իրեն` արյան մաքրման ու օրագնիզմի լվացման, շուտ են տարել:

Կցանկանայի, իհարկե, այդ պահին տեսնել կնոջ ահասարսուռ դեմքը, բայց նա ինձ մեջքով էր նստած ու ես լսեցի միայն նրա վախեցած ձայնով բարի խորհուրդը` շատախոս տղամարդուն, որը մոտավորապես հետևյալն էր` լինել ուշադիր, որովհետև դա շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ, և ինչ լավ է, որ նա լավ է պրծել այդ ամեն ինչից: Ինչին տղամարդը պատասխանեց, որ նա դեռ պինդ է ու հաղթահարել է այդ փորձությունը …

Ավտոբուսը կանգնեց: Կինը դուրս եկավ, իսկ նրա հետևից էլ` տղամարդը` գցելով ծանր ուսապարկը մեջքին և դնելով կաշվե գլխարկը: Դրսում տղամարդը ձեռքով արեց կնոջը, հավանաբար ցտեսություն և շնորհակալություն մաղթելով բարի խորհուրդների և զրույցի համար և մի տեսակ տխուր դեմք ընդունեց, կարծես` ևս մեկ անգամ վերհիշելով իր ապրած ահասարսուռ օրը և հրաշքով փրկվելը: Ապա շրջվեց դեմքով դեպի կանգառի հետևում գտնվող շինությունը և շտապող քայլերով բարձրացավ մի քանի աստիճաններով, բացեց փաբի դուռը և մտավ ներս:

Հ. Գ. -  Ինչպես ապացուցում է անձնական փորձս, թե´ ֆիները, թե´ գերմանացիները և թե´ անգլիացիները անում են այն, ինչ մենք սովորաբար վերագրում ենք մեր հարևան ռուսներին: Այս երկրներում ևս անշլագներ են փաբերում` ուրբաթից մինչև կիրակի, կանգառներում` դատարկ գարեջրի շշերի կույտեր, իրենց հոգին առաջին իսկ պատահածին բացող մարդիկ` ավտոբուսներում:

Հեղինակ` Տիգրան Տերտերյան

No comments:

Post a Comment