Լուսանկարը` Լիլիան Գալստյանի |
Այն, որ տարին ամփոփում է առանց մի կոպեկի բան սովորելու, ամենևին էլ չի մտահոգում նրան: Իսկ կողքինների վախը, թե եթե այդպես շարունակի, կարող է նույնիսկ դուրս մնալ համալարանից, միայն ծիծաղ է հարուցում նրա դեմքին: Ավելին` քննությունը չհանձնած առարկաների տետրերը թերթելու փոխարեն, հերթով զանգում է բոլոր հնարավոր մտերիմերին` այս կամ այն դասախոսի ծանոթներին` քննությունը ստանալու համար «անհրաժեշտ պայմանները» ճշտելու:
Փաստորեն` նա ու նրա նման շատերը, վճարում են ոչ թե սովորելու, այլ հանգիստ խղճով չսովորելու համար: Եվ սա այն դեպքում, երբ ծանոթիս ծնողների նման շատերը, իրենց առողջության հաշվին աշխատելով, հազիվ ծայրը ծայրին կարողանում են տարեկան ուսման վարձը վճարել: Ու կրթության գինն իմացող մեր ծնողների թաքուն հավատը, որ մի օր զավակը ստացած կրթությամբ ավելին է վաստակելու, օրեցօր, իրենց կյանքի նման, մաշվում է:
Իսկ ծանոթիս համար առանց համապատասխան կրթություն ստանալու մասնագետ կոչվելը չէ, որ խնդիր է: Խնդիրն այն է, թե տարիներ անց ու՞մ է վճարելու կամ ի՞նչ ծանոթ է գտնելու, որ «մի լավ տեղ աշխատանքի դասավորի»:
Վստահաբար այս պատկերը արդյունք չէ կրթական ոլորտի կոռումպացված լինելու, ոչ էլ նրա, որ համապատասխան մասնագետներ չեն դասավանդում բուհերում կամ դասախոսների զգալի մասի` հանգստի անցելու ժամանակը, վաղուց է անցել: Նույնիսկ պատճառն այն չէ, որ բուհերը զինված չեն նորագույն տեխնելոգիաներով, ու շատ ու շատ առարկաներ ուսուցանվում են` առանց գործնական աշխատանքների: Ցավալի է, որ կրթության արժեզրկումն է հանգեցրել վերոնշյալ պատկերի ձևավորմանը: Առավել ցավալի է, որ տարեցտարի ուսման վարձերի բարձրացմամբ, կրթության վերարժևորումն ավելի ու ավելի անհնար է դարձել:
Հ.Գ. - Ամիսներ առաջ եղբորս համոզում էի պարապել ու մասնակցել այս տարվա ընդունելության քննություններին: Այն փաստարկները, թե ցածր գնահատականներով կարող է ուսանող դառնալ, իսկ լավ պարապելու դեպքում նույնիսկ հնարավորություն ունի անվճար սովորելու, չհամոզեցին նրան: Չփրկեց նաև կրթության միջոցով ինչ-որ բանի հասած լինելու սեփական օրինակս:
«Այստեղ ուսուցումն ապագա չունի» եղբորս համոզումն ավելի զորեղ գտնվեց...