Ինչպես իմ բլոգի, այնպես էլ Այսօր-ի ընթերցողները կհիշեն ամիսներ առաջ հրապարակված «Milk` կա՞թ, թե՞ թան. Անդրամաբանական հարց» գրառումը, որում պատմվում էր, թե ինչպես լատվիացի ընկերս, «100 % natural pasterized milk» (թարգմ` 100% պաստերացված անարատ կաթ) մակագրությամբ շիշը գնելով, թան էր տուն տարել: Խոսքը վերաբերում էր «Բոնիլատ» կաթնամթերք արտադրող ընկերությանը, որի արտադրած թանի վրա անգլերեն լեզվով նշված չէր նույնիսկ, որ շշում թան է:
Հիշեցնենք սակայն, որ «Սպառողների իրավունքների պաշտպանության» ՀԿ-ից, ինչպես նաև Սննդի անվտանգության պետական ծառայությունից հավաստիացրեցին, որ չնայած սպառողների իրավունքի տեսանկյունից հստակ խախտվել է հայերեն չիմացող սպառողի իրավունքը, բայց ՀՀ օրենքի տեսանկյունից այն խախտում համարել չի կարելի, քանի որ օրենքը պահանջում է միայն հայերեն լեզվով մակնշման պարտադիր առկայություն:
Այնուամենայնիվ ուրախ ենք տեղեկացնելու, որ «Բոնիլատ» ընկերությունն արձագանքել է մեր գրառմանը, և ուղղել շշի վրայի օտարալեզու գրառումը: Այժմ շշի վրա ոչ միայն նշված է «Buttermilk»` թան, այլև ճշտված է «100 % natural pasterized milk» գրությունը` «Produced from 100 % natural milk»` «Արտադրված է 100 % բնական կաթից»:
Նախորդ հրապարակումներն այստեղ` «Milk` կա՞թ, թե՞ թան», «Milk` կա՞թ, թե՞ թան. Անդրամաբանական հարց»: