28 March 2012

Վրեժ Քասունի. Սա Սովետի ժամանակները չեն

Հոդվածը հրապարակվել է 2012 թ-ի փետրվարի 22ին HayNews.am լրատվական կայքում
Մաշտոցի այգում կրպակների գիշերային կառուցումից հետո երգիծանկարիչ Վրեժ Քասունին գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջին, որից հետո նամակներ է ստանում, թե ինքը երևանցի չէ և իրավունք չունի կարծիք հայտնելու Մաշտոցի այգու կառուցապատման վերաբերյալ: Այս մասին HayNews.am-ի հետ զրույցում հայտնեց երգիծանկարիչն ու հարցրեց. «Ես շատ զարմանում եմ, ո՞վ ինձ իրավունք ունի նման բան ասելու, ես արդեն 12 տարի ապրում ու աշխատում եմ Երևանում, հետո ի՞նչ, որ Հալեպում եմ ծնվել»:

«Հիշեցնեմ, որ ըստ ՀՀ Սահմանադրության, երբ մարդը 3 տարի ապրում է Հայաստանում, նա արդեն իրավունք ունի ձեռք բերելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, իսկ երբ մարդն 10 տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի, իրավունք ունի նույնիսկ առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու: Հիմա արդյոք 12 տարի Հայաստանում ապրող, աշխատող քաղաքացին իրավունք չունի կարծիք հայտնելու` քննադատելու կամ գովաբանելու, որ ինձ համարձակվում են նմանօրինակ նամակներ գրել»,- ընդգծեց Քասունին:

Թե ովքե՞ր են այգու համար պայքարող Քասունուն նմանօրինակ նամակներ գրում, մեր հարցին ի պատասխան էլ երգիծանկարիչը հայտնեց, որ ինքը չգիտի, բայց ամենայն հավանականությամբ մարդիկ են, ովքեր պաշտպանում ու սատարում են Տարոն Մարգարյանին: Այնուամենայնիվ` այսօրինակ նամակները չեն խոչընդոտի, որ Քասունին, ի թիվս մուսների, շարունակի պայքարել մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման համար. «Մենք կպայքարենք այնքան, որքան մեր ուժը կհերիքի, ու փառք Աստծո, մեր ուժն անսպառ է»:

«Գեղագիտական առումով էլ այստեղ խնդիր կա. թեկուզ ժամանակավոր են տաղավարները, բայց կարելի էր դրանք պատրաստել ավելի գեղեցիկ դիզայնով, եթե, օրինակ, փայտերով կամ փայտանման դիզայնով պատրաստվեին այդ կրպակները, ես, երբ հեռից նայեի, անտառային շունչ կզգայի, ու միգուցե մարդիկ էլ այն սիրով կընդունեին»,- մանրամասնեց Քասունին:

Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երեկվա հայտարարությանը, թե խնդիրը պետք է լուծել քաղաքակիրթ ձևով, Քասունին շեշտեց, որ հարցն ի սկզբանե պետք է քաղաքակիրթ ձևով դրվեր, այլ ոչ թե հիմա պահանջվեր քաղաքակրթություն: Նրա խոսքով` եթե կառուցապատում պետք է իրականացվեր մայրաքաղաքի կենտրոնում, այն էլ հանրային տարածքում, ապա քաղաքապետարանը պետք է այդ մասին հայտարարություն տարածեր ու հանրային քննարկումից հետո ստացված առաջարկների հիման վրա իրականացներ շինարարությունը:

«Ես արդեն ասել եմ, ու կկրկնեմ, որ Դուբայում կամ այլ երկրներում, որտեղ անապատ է, հարցն ուրիշ կերպ է դրվում. ձեռք են բերում ոչ կանաչապատ տարածքներ, անապատի մեջ կարմիր հող են տեղադրում, կանաչապատում են և օրական միլիոներ են ծախսում` կանաչ տարածքները պահպանելու ու իրենց եղանակը փոխելու համար: Այսինքն` եթե մեզ մոտ այդ տարածքը կանաչապատ չէ, ուրեմն կարելի՞ է այդպիսի տգեղ, հայկական ճարտարապետությանը հակասող բաներ կառուցել, չկա՞ր մեկը, ով ասեր` գոնե գեղեցիկ մի բան կառուցեք: Ես վրդովված եմ նաև դրանից, որ շատ չոր, կոպիտ շինություններ են, որ կարծես պոպ-կորնի բուտկաներ լինեն, որն արագ տեղադրում են ու վերջացնում: Ասում են` ժամանակավոր է, բայց չէ՞ որ այն քաղաքի կենտրոնում է»,- նշեց մեր զրուցակիցը:

Քասունու կարծիքով, քաղաքային իշխանությունները սովոր են, որ իրենց կատարածը «կանցնի կգնա», քանի որ նախկինում հասարակությունը պահանջատեր չի եղել:

«Սրանից հետո կհասկանան, որ սա Սովետի ժամանակները չեն, սա Սովետից հետո այն ժամանակներն էլ չեն, որ մարդիկ կենսական խնդիրներ ունեին և չէին պայքարում»,- շեշտեց Քասունին ու հիշեցրեց Ժամանակակից արվեստի թանգարանին հարող այգու կառուցապատումը, որն իրականացվել է Իգիթյան եղբայրների օրոք, և նպատակ է ունեցել` ստացված հասույթով դահլիճներ կառուցելու, ու հավելեց. «Արդյո՞ք կառուցվեցին այդ դահլիճները, շատ հարցեր կան, որոնցից հանրությունը տեղյակ չէ, սակայն այդ ժամանակներն արդեն անցել են»:

Ի պատասխան մեր դիտարկման, թե կարելի՞ է ասել, որ նոր փուլ ենք մտնում` քաղաքացիական հասարակություն ձևավորելու առումով, հակադարձեց. «Իհարկե, ամեն մարդ ինքն իր անձի հետ հաշվի է նստում և ամեն մարդ` որպես քաղաքացի, իր պարտականություններն է անում ու հաշվետվություն է պահանջում»:

Որպես խնդրի քաղաքակիրթ լուծում` Քասունին առաջարկում է կրպակները տեղափոխել ու կառուցել այգուն հարակից գետնանցումում, որն իր հերթին բարեկարգման կարիք ունի. «Եթե այդ կրպակները այդտեղ տեղադրվեն և գեղեցիկ բարեկարգեն անցումը, մարդիկ ներքև կիջնեն: Եվրոպայում շատերն ուրախանում են, որ անցումներով քայլելիս գնումներ են կատարում, իսկ մեզ մոտ ինչի՞ չեն ուզում, մի՞թե անցումները վարկաբեկում են կրպակների տերերին, չեմ հասկանում»:

«Կարծում եմ, որ այդ կրպակների տերերը սովից չեն մեռնում և կարող են իրենց կրպակները ներքև իջեցնել, ու այգին բարեկարգել, ու այգի կառուցելով` գովազդել իրենց կրպակները, ու այդպիսով հաստատ հաճախորդներ կշահեն` ներքևում»,- ամփոփեց Վրեժ Քասունին:


Լիլիթ Բունիաթյան


No comments:

Post a Comment