22 March 2012

Լավրովը հայ է, սակայն «լավը» չէ. Վան Բայբուրդ

Հոդվածը հրապարակվել է 2011 թ-ի դեկտեմբերի 14-ին HayNews.am լրատվական կայքում
Հայ-վրացական հարբերությունների, առկա խնդիրների, զարգացումների, համագործակցության հեռանկարների, ինչպես նաև վերջին իրադարձությունների մասին HayNews.am-ը զրուցեց Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրդյանի հետ: Հարկ է նշել սակայն, որ Բայբուրդի խնդրանքով` հարցազրույցում արտահայտված մտքերը ոչ թե պաշտոնական, այլ իր անձնական տեսակետներն են արտահայտում:

- Թերևս սկսենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած այցից: Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի նախագահի այցը:

- Հայաստանը միշտ էլ լավ հարաբերություններ է ունեցել Վրաստանի հետ, Հայաստանի բոլոր նախագահներն էլ լավ հարաբերություններ են պահպանել, սակայն վրաց-հայկական հարաբերությունները երբեք չեն եղել այս մակարդակի վրա. Սերժ Սարգսյանի և Վրաստանի նախագահ Միխաիլ Սաակաշվիլու փոխայցերը, և հատկապես, ՀՀ նախագահի վերջին այցը ցույց տվեց, որ մեր երկրների միջև առաջին անգամ իսկապես անկեղծ և եղբայրական հարաբերություններ են: Այսպիսի հարաբերություններ երևի եղել են միջնադարում` հայ և վրաց թագավորների օրոք:

- Նախագահ Սերժ Սարգսյանի այցի ժամանակ տնտեսական հարցեր ևս քննարկվեցին: Ի՞նչ հեռանկարներ կան:

- Տնտեսական համագործակցության առումով հայ-վրացական հարաբերությունները ևս վերելք են ապրում: Հայաստանի համար կարևոր են Վրաստանով անցող ճանապարհները, որոնք Հայաստանին կապում են աշխարհի հետ, հատկապես այն պարագայում, որ հիմա Հայաստանի մյուս հարևան Իրանի շուրջ անհասկանալի խմորումներ են առաջանում:
Այս առումով, ևս հույս ունեմ, որ կգա մի օր, երբ Հայաստանը նույնպիսի դրական հարաբերություններ էլ կունենա Թուրքիայի հետ: Ես գտնում եմ, որ Էրդողանի վարչախումբը ձգտում է, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն: Իմ կարծիքով` Էրդողանի քայլերը ցույց են տալիս, որ նա միտված է փոխել թուրքական միջնադարյան մտածողությունը ու նոր մտածողություն բերել: Սրա մասին է վկայում ինչպես հայկական եկեղեցիների վերանորոգությունը Թուրքիայում, օրինակ Վանում Ս. Խաչը, այնպես էլ Դերսիմում տեղի ունեցած ջարդերի համար ներողություն խնդրելը:
Ես հույս ունեմ, որ կգա ժամանակ, երբ Հայաստանը նորմալ հարաբերություններ կունենա նաև Ադրբեջանի հետ, որովհետև այսպես չի կարող երկար շարունակվել: Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցելու առումով Վրաստանը շատ յուրահատուկ մոդել է, որտեղ կողք-կողքի, լավ հարաբերություններով ապրում են հայը, վրացին, թուրքը, ադրբեջանցին, մյուսը, մյուսը: Այսօրվա ժամանակակից աշխարհը շատ լավ հասկանում է, որ ապրել միայն անցյալով` նշանակում է քեզ ինչ-որ բաներով սահմանափակել: Սա, իհարկե, իր հերթին չի նշանակում, որ որևէ մեկը մոռանում է անցյալը:
Ես հաճախ իմ գաղափարների պատճառով հայտնվում եմ «բուտերբրոդի» կարգավիճակում. ես ասես պանիր լինեմ բուտերբրոդի մեջ, ում մի կողմից հայ որոշ կուսակցականներ են քննադատում` կոչելով վրացի, ազգի դավաճան, մյուս կողմից էլ վրաց ազգայնականներն են քննադատում` կոչելով հայ, Վրաստանում հայկական լրտես:

- Նոր ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ, սակայն, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է, որ Հայաստան-Աջարիա ուղիղ մայրուղու կառուցումը վտանգ է ներկայացնում Աջարիայի համար: Նա նշել էր, որ ճանապարհը հարկավոր է միայն հայերին և նրանց համար է կառուցվում, ինչպես նաև ընդգծել էր, որ այն կփոխվի Աջարիայի ժողովրդագրական կառուցվածքը, և տարածքը կբնակեցվի հայերով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

- Ես կարող եմ ասել միայն մի բան` իհարկե Շևարդնաձեն ծերացել է: Ծերացել է, սակայն շատ լավ հիշողություն ունի: Նա կրկնեց ընդդիմադիրների միտքը, ինչը հնչել էր 2 տարի առաջ, երբ համաձայնություն էր ձեռքբերվում Ասիական բանկի հետ` ճանապարհը կառուցելու համար: Փոխարենը, ինչպես 2 տարի առաջ, այնպես էլ հիմա, ես հայտարարում եմ, որ նախ այս ճանապարհը հայկական նախագիծ չէ, և ապա` այդ ճանապարհի հարցը արդիական ու անհրաժեշտ է Վրաստանին: Այս առումով պետք է շնորհակալություն հայտնենք Ռուսաստանին: Երբ Ռուսաստանը սկսեց ռմբակոծել Գորին ու միակ ճանապարհը, որը Վրաստանի արևմտյան հատվածները կապում էր Թբիլիսիի հետ, Վրաստանը հայտնվել էր անելանելի վիճակում: Պատերազմի ժամանակ մարդիկ չէին կարողանում վերադառնալ արևմտյան շրջաններից, և շատերը, չնայած ճանապարհի անմխիթար վիճակին, ընտրեցին հենց այս ուղին` Աջարայից Ադիգենի, Ախալցխե, Ախալքալակ, Նինոծմինդա, Ծալկա ու նոր Թբիլիսի: Այս ուղին առաջին հերթին անհրաժեշտ է Վրաստանին, քանի որ հայաստանցին առանց այդ ճանապարհի էլ հանգիստ գնում է Բաթում և իր ամառային հանգիստն է վայելում, մի բան էլ ճանապարհին ցանկանում է մտնել Թբիլիսի և տեսնել Թբիլիսին: Մինչդեռ Վրաստանը կարիք ուներ մայրաքաղաքը մյուս շրջանների հետ կապող այլընտրանքային ճանապարհի:
Մյուս կողմից Վրաստանը նպատակ ունի Բաթումը դարձնել տարածաշրջանի զբոսաշրջության կենտրոն, իսկ զբոսաշրջության կենտրոնին անհրաժեշտ է միս, կաթ, բանջարեղեն և այլն, ինչը, այս կարճ ճանապարհի շնորհիվ, կմատակարարվի հենց Սամցխե-Ջավախքի գյուղատնտեսների կողմից: Բացի այդ` Աջարիայում տեղի ունեցած սողանքների պատճառով բազմաթիվ էկոէմիգրանտներ են բնակվում Ախլցխայում, Ադիգենում, Ասպինձայում, և նրանց համար էլ, իրենց հարազատ Աջարիային կապող միակ ուղին, այս ճանապարհն է:

- Լուրեր են շրջանառվում, թե Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազամուղը վրաց իշխանությունները ցանկանում են վաճառել: Որքանո՞վ են ճշմարտացի այդ տեղեկությունները:

- Այս հարցի պատասխանը ևս տրվել է ՀՀ նախագահի` Վրաստան կատարած այցի ժամանակ: Վրաստանն ասել է` ոչ, չկա նման բան և նման բան լինել չի կարող: Սա նուրբ հարց է, և Վրաստանի ղեկավարությունն էլ է սա հասկանում: Այո՛, Վրաստանը ունի չտեսնված լավ հարաբերություններ Ադրբեջանի հետ ևս, սակայն սա չի նշանակում, որ Վրաստանը կվաճառի գազամուղը:

- Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակը ի՞նչ փոփոխություններ կարող է բերել:

- Այդ կարգավիճակը ունեինք, թե չունեինք, մեր եկեղեցու գործունեության վրա որևէ ազդեցություն չկար: Մենք, չունենալով կարգավիճակ, եկեղեցի վերանորոգեցինք, կառուցեցինք մշակութային կենտրոն: Բացի մեզանից, կարգավիճակ չունենալով, եկեղեցիներ կառուցեցին նաև Վրաստանում գտնվող մյուս կրոնական կամակերպությունները` կաթոլիկները, մուսուլմանները և այլոք:
Պետք է ասեմ, որ այս կարգավիճակի հարցը Վրաստանում հակահայ տրամադրություններ առաջացրեց, քանի որ կարգավիճակի մասին միայն բարձրաձայնում էին հայերը, չնայած այն բանին, որ Վրաստանում կա կաթոլիկ եկեղեցի, կան մուսուլմաններ:

- Օրերս Թբիլիսիում տեղի ունեցած Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարեց Եվրամիությանն անդամակցելու ցանկության մասին` նշելով, որ ԵՄ-ի ու Վրաստանի միջև ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունների մեկնարկը կարելի է որակել` որպես ԵՄ-ին Վրաստանի անդամակցության մեկնարկ: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս քայլը տարածաշրջանում:

Նույն ազդեցությունը, ինչը տեղի ունեցավ Սաակաշվիլիի կառավարման 8 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումների արդյունքում: Այս բարեփոխումները վստահության մթնոլորտ ստեղծեցին Վրաստանի նկատմամբ, ինչի հետևանքով էլ ներդրումներ են կատարվում ոչ միայն Հայաստանից, այլև Եվորպայից, Արաբական երկրներից, Ամերիկայից և այլն:
Ինչ վերաբերում է Եվրամիության և Վրաստանի միջև ազատ առևտրային գոտուն, ապա սա նշանակում է, որ Վրաստանը դառնում է եվրոպական շուկայի մի մաս: Սա խրախուսող հանգամանք է ոչ միայն Վրաստանում գինի ու հանքային ջուր արտադրողների համար, այլև գյուղատնտեսությանն ու տնտեսության մյուս ճյուղերի զարգացման համար ևս, որոնք այսօր Վրաստանում կան, սակայն փոքր ծավալներով են գործում: Այս առումով ևս մեծ է Ռուսաստանի դերը. մեր առաջ փակելով բոլոր դռները` թե´ արտահանման և թե´ ներկրման համար, Ռուսաստանը մեզ սովորեցրեց սեփական արտադրանք ստեղծել ու ստեղծել բարձր որակի` եվրոպական չափանիշներին համապատասխան արտադրանք` սկսած գյուղատնտեսությունից ավարտած մինչև մետալուրգիական արտադրությունը:
Մյուս կողմից չի կարելի ռուսական շուկան համեմատել եվրոպական շուկայի հետ, քանի որ ռուսական շուկան «դմբրեցնող» է: Ռուսաստանում գործում է երկու արտաքին գործերի նախարարություն. մեկը հենց Արտաքին գործերի նախարարությունն է` Սերգեյ Լավրովի ղեկավարությամբ, մյուսը Ռուսաստանի Սննդի անվտանգությունն է` Գենադի Անիշենկոյի ղեկավարությամբ: Այն երկրները, որոնք բարիդրացիական հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, հեշտությամբ կարողանում են ցանկացած որակի ու տեսակի ապրանք արտահանել և վաճառել Ռուսաստանում, սակայն բավական է, որ այդ հարաբերությունները սրվեն, ինչպես Վրաստանի կամ Մոլդովայի պարագայում էր, որ Սննդի անվտանգության ղեկավարը հայտարարում է, որ դրանք վնասակար են առողջությանը, և չի կարելի վաճառք իրականացնել:
Մինչդեռ Եվրոպական շուկան այլ չափանիշներ է պահանջում, և Վրաստանին երկու տարի պահանջվեց, որպեսզի վրացական արտադրանքը համապատասխանեցնի եվրոպական շուկայի չափանիշներին: Այսօր արդեն Վրաստանն է արտադրում շինանյութեր, և իր սեփական արտադրանքով է քաղաքաշինություն իրականացնում: Իսկ ազատ առևտրային գոտին կնպաստի, որպեսզի տնտեսության բոլոր ճյուղերն էլ զարգացում ապրեն:

- Դուք միշտ հանդես եք եկել հայտարարություններով, որ Հարավային Օսիայի պատերազմը սկսվել Ռուսաստանի կողմից, ինչը, բնականաբար, ոչ միանշանակ գնահատական առաջացրեց նաև Հայաստանում:

Ինձ մեղադրում էին Հայաստանում այն զլմերը, որոնք ռուսամետ են: Այսօր կարող եմ ասել, որ Մեդվեդևը իսկապես հայտնեց, որ իրենք են սկսել պատերազմը: Այն, թե այսպես կոչված «օպերացիան» սկսվել էր, քանի որ Վրաստանը ցանկանում էր ՆԱՏՕ-ի անդամ դառնար, դրդապատճառներից մեկն էր, սակայն դա պատճառների 10 տոկոսն է: Մնացած 90 տոկոսը կայանում է նրանում, որ Ռուսաստանը չէր կարող հանդուրժել, որ իր հարևան երկրում ոստիկանական համակարգը, պետական ծառայողները, հարկային մարմինները կոռուպացված չլինեին: Հենց այս հանգամանքը, ու այն, որ Ռուսաստանում որպես դրական օրինակ էին բերվում Վրաստանի կարգերը, սկսեց ազդել ռուս իշխանությունների վրա, ինչն էլ պատերազմ սկսելու հիմնական դրդապատճառներից մեկը դարձավ:

- Որոշ քաղաքագետներ պնդում են, որ Հարավային Օսիայի պատերազմով Ռուսաստանը պատժեց Վրաստանին` ամերիկամետ քաղաքականության համար: Դուք համաձա՞յն եք այս դիտարկման հետ:

Իսկ Հայաստանը մի՞թե վատ հարաբերություններ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Այն ծրագրով, որով Վրաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ, նույն ծրագրով նաև Հայաստանն է համագործակցում Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Կա՞ ինչ-որ մեկը, որ կարծում է, թե Հայաստանի դիրքորոշումը դեպի ԱՄՆ-ն ավելի սառն է, քան դեպի Ռուսաստանը: Հայաստանը չտեսնված հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, միևնույն ժամանակ Հայաստանը չտեսնված հարաբերություններ ունի Եվրոպայի հետ, Ռուսաստանի հետ, սակայն սա Ռուսաստանին չի անհանգստացնում: Վրաստանում էլ, ոչ մեկ նախանձով չի նայում, թե ինչու՞ Հայաստանը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Այո´, կան ուժեր, որ վտանգ են տեսնում Հարավային Կովկասի համար` պայմանավորված Հայաստանում ռուսական ուժերի առկայությամբ: Իհարկե սա վտանգ է, քանի որ պատմությունը ցույց է տալիս, որ որտեղ կա ռուսական ռազմակայան, այնտեղ սպասիր սադրանքների:
Հայ-վրացական հարաբերություններում էլ, նախքան Ռուսաստանի մուտքը Հարավային Կովկաս` նախքան 1800 թ-ը, չեն եղել հակասություններ կամ խնդիրներ, բացի 5-րդ դարից,   երբ առանձնացան հայ-վրացական եկեղեցիները: Այդ պառակտումից հետո էր, որ Բյուզանդիան կարողացավ զավթել Վրաստանը, իսկ Պարսկաստանը` Հայաստանը: Այստեղից կարող ենք հանգել մի մտքի, որ երբ որ հայերն ու վրացիները իրար են ուտում, դրանից շահում են միայն մեր երկրների թշնամիները: Եթե մենք ընկալենք այս միտքը, մեր երկու պետությունները կլինեն կայուն: Պատահական չէր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած այցի ժամանակ Իլյա Բ Վրաց Պատրիարքը ընդգծեց, որ Հայաստանն ու Վրաստանը միասին օազիս են այս մուսուլմանական աշխարհում:

Խոսեցինք Ռուսաստանի մասին, Ռուսաստանի արտգործնախարարի մասին… Ի դեպ, դուք ասում եք, որ Սերգեյ Լավրովն ազգությամբ հայ է, ճի՞շտ է:

Թիֆլիսում մի հայտնի լրագրող կար` Ռեմ Դավիդով անունով: Նա պատմում էր, որ իր հայրը սովորել է Լավրովի հոր հետ` Թիֆլիսի երկաթգծային, ներկայիս` պոլիտեխնիկական ինստիտուտում: Նա պնդում էր, որ Լավրովի հայրը հայ է: Ավելին` Լավրովը շատ ազնվական ընտանիքից է սերում, քանի որ նրա պապը նույնիսկ եղել է Թիֆլիսի Ազգային ժողովի անդամ, և բարեկամ են եղել Ալեքսանդր Մելիք Փաշաևին, ով 1930-ականներից մինչև մահ եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի գլխավոր դիրիժորը:
Ես միշտ ասում եմ, որ այո´, Լավրովը հայ է, սակայն նա լավ հայ չէ, քանի որ լավ հայը չի կարող թշնամական սերմ ցանել հայերի և վրացիների միջև` ինչ երկրում էլ, ինչպիսի պաշտոն էլ զբաղեցնելիս լինի: Ի դեպ, նրա հոր ազգանունը Քալանթարով է:
Նշեմ, որ երբ Լավրովը դեռ մանկահասակ է եղել` 6, թե 8 տարեկան, ապրել է Թբիլիսիում, ծնողները ամուսնալուծվել են, և նա մոր հետ տեղափոխվել ու բնակություն է հաստատել Մոսկվայում: Եվ կա վարկած, որ նրա այս վերաբերմունքը գալիս է հենց մանկությունից. նա թշնամություն սերմանելով հայերի և վրացիների միջև, ասես ցանկանում է վրեժխնդիր լինել իրեն լքած հայ հորից: Գուցե հենց այդ պատճառով է, որ նա չի կրում հոր ազգանունը, չնայած, որ ինքն անձամբ ևս հայտարարում է, որ հայրը հայ է:

Լիլիթ Բունիաթյան

Հ. Գ. Ի դեպ, հարկ է նշել, որ HayNews.am-ի խմբագրությունը չի կիսում Վան Բայբուրդյանի մի շարք հայտարարություններ և պատրաստ է լուսաբանել նաև այն գործիչների կարծիքը, ովքեր համաձայն չեն նրա հետ:



No comments:

Post a Comment