6 February 2011

«Սանկտում»` մեծ գումարներ` առանց սյուժե

Ուրբաթ օրվանից` փետրվարի 4-ից, Անգլիայի կինոթատրոններում ցուցադրվում է «Sanctum» (բառացի թարգմանությամբ` «Սրբավայր») ֆիլմը: Անգլիական հեռուսատաընկերությունները ֆիլմի մասին գովազդներում հիմնական շեշտը դնում էին այն փաստի վրա, որ այս ֆիլմը աշխարհահռչակ «Տիտանիկ» և «Ավատար» ֆիլմերի ռեժիսոր Ջեյմս Կամերոնի վերջին աշխատանքն է: Եվ իզուր չէ ...

Պրեմիերային ներկա գտնվելու ցանկությունը, սակայն, մեզ մոտ պայմանավորված էր ոչ թե գովազդվող փաստով, այլ այն հանգամանքով, որ այս ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել հսկայական քարանձավում: Եթե դուք էլ առաջնորդվեք այս մղումով, ապա կինոթատրոնից դուրս գալուց հետո կկարողանաք ֆիլմը նայելու գոնե մեկ դրդապատճառ կամ արդարացում գտնել, այն է, որ ֆիլմի շնորհիվ կարող եք տեսնել հսկայական քարանձավը: Ավելին չակնկալեք, քանի որ ուրիշ ոչինչ ֆիլմից չեք ստանա ...

Որպեսզի չթվա, թե չափազանցնում եմ, ասեմ, որ ֆիլմի սյուժեի համաձայն` ստորգետնյա լողորդների խումբը ուսումնասիրություններ է կատարում Խաղաղ Օվկիանոսի հարավում գտնվող Պապուա-Նոր Գվինեայի Էսա-Ալլա քարանձավում: Ֆրենկի գլխավորությամբ իրականացվող ուսումնասիրությունների նպատակն է գտնել քարանձավից դեպի օվկիանոս դուրս բերող ելք: Այդ ուսումնասիրությունները հովանավորվում են մեծահարուստ Կարլի կողմից, ով ցանկանում է, քարանձավը զբոսաշրջության կենտրոն դարձնելով, բազմապատկել իր բյուջեն: Մինչդեռ, ուսումնասիրությունները կատարող խմբի մի շարք անդամները հեղեղի պատճառով փակվում են քարանձավում, և ստիպված են լինում կյանքի գնով գտնել քարանձավի չբացահայտված ուղին:

Բնականաբար, միայն ֆիլմում ցուցադրվող քարանձավը տեսնելու համար չարժե ժամանակ ծախսել: Բայց եթե, այնուամենայնիվ, դուք էլ եք քարանձավերի սիրահար և ձեզ էլ է հետաքրքիր տեսնելը, թե ինչպիսին է ստորգետնյա աշխարհը, ապա շտապեք ոչ թե ֆիլմը նայելու, այլ Հայաստանում գտնվող քարանձավերից որևէ մեկում լինելու: Հավաստիացնում եմ` որքան էլ գայթակղիչ լինի 3D ձևաչափով նկարահանված պատկերը, միևնույն է, երբեք էլ չի փոխանցի այն զգացողությունների թեկուզ 10 տոկոսը, որը կապրեք, երբ շնչեք արևի ճառագայթներից հեռու գտնվող թաց օդի հատիկները, ոչ մի օպերատորական հնարք չի փոխարինի այն տեսարանը, որը ձեր աչքի առաջ կբացի ձեր իսկ ձեռքի լուսատուն, ու քարանձավերին բնորոշ այն վախը, թե գուցե դուրս չգաք Երկրի այս մեծ երախից, միայն քարանձավում գտնվելու ժամանակ կօգնի հեշտությամբ գտնել ուղին և առավել գնահատել կյանքը:

Բացի այդ, վստահ եմ, որ քարանձավում գտնվելու ժամանակ յուրաքանչյուրի հոգում զարգացող սյուժեն շատ ավելի հետաքրքիրն է, քան այն, ինչ շուրջ 2 ժամվա ընթացքում փորձում է պատմել Ջեյմս Կամերոնը: Մինչդեռ հարկ է նկատել, որ նա չեղած սյուժեի վրա միլիոններ (դոլարով) է ծախսել, իսկ դուք անգերազանցելի տպավորություններ կստանաք 1000-ների (դրամով) օգնությամբ:


Հ.Գ. - «Սանկտում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել փետրվարի 3-ին: Ֆիլմի բյուջն կազմել է 30 միլիոն ամերիկյան դոլար:

3 February 2011

Արցախը ևս Ազգային պատկերասրահ կունենա

Լուսանկարը` Լիլիան Գալստյանի
«Յուրաքանչյուր երկրի մայրաքաղաքը սկսվում է Ազգային պատկերասրահով» համոզմունքը մեր մի շարք հայրենակիցներին ստիպել է մտածել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ևս Ազգային պատկերասրահ հիմնելու մասին:

«Երբ երկիրը բացում է պատկերասրահ, նշանակում է, որ այդ երկիրը խաղաղություն չի ստեղծում մեկ օրվա համար, այլ ստեղծում է հավերժ խաղաղություն` այնպես, ինչպես մշակույթն է հավերժ և Երկիր մոլորակն է հավերժ»,- այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է մոսկվաբնակ մեր հայրենակից, երկրաբան, ակադեմիկոս Գրիգոր Գաբրիելյանցը, ում և պատկանում է Արցախում Ազգային պատկերասրահ հիմնելու գաղափարը:

Գ. Գաբրիելյանցի խոսքերով` իր գաղափարը լայն արձագանք է գտել: Արցախի ապագա պատկերասրահի համար արդեն Մոսկվայում ձևավորվել է շուրջ 150 աշխատանք պարունակող մի հավաքածու, որը մի շարք բարերարների և նկարիչների նվիրատվությունն է: Ապագա պատկերասրահին նվիրելով իր անձնական հավաքածուն ևս` Գ. Գաբրիելյանցը հիմք է դրել մի նոր սկզբունքի. Արցախի Ազգային պատկերասրահի հավաքածուն հավաքագրվելու է միայն նվիրատվությունների արդյունքում:

«Եթե պատկերասրահը ստեղծվում է միայն նվիրատվությունների արդյունքում, այն միանգամայն այլ արժեք է ունենում: Հասարակ մարդիկ, ովքեր գալու են այս պատկերասրահ, գիտակցելու են, որ պատկերասրահն իրենց նվեր է արված, որ ինչ-որ մարդիկ բարին են ցանկացել իրենց»,- ընդգծեց ակադեմիկոսը:

Բացի այդ, ըստ Գ. Գաբրիելյանցի` այս պատկերասրահը նաև ուսուցողական բնույթ է ունենալու, քանի որ ներկայացվելիք հավաքածուն պարունակում է Ռուսաստանում, Մոնղոլիայում, Մեքսիկայում, Թուրքմենիայում, Ուզբեկստանում, Ղազախստանում, ԱՄՆ-ում, Եգիպտոսում, Ֆրանսիայում և մի շարք այլ երկրներում ստեղծագործող անվանի նկարիչների աշխատանքներ:

Իր հերթին ասուլիսին ներկա Հայաստանի Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հայտնեց, որ Նկարիչների միությունը վաղը` փետրվարի 4-ին բացում է նոր ցուցադրություն, որի ընթացքում ներկայացվելու են Հայաստանի` Արցախի ապագա պատկերասրահին նվիրած աշխատանքները:

«Ցուցահանդեսին կներկայացվեն շուրջ 100 աշխատանք` ինչպես խորհրդային տարիների, այնպես էլ ժամանակակից նկարիչների: Նկարների մի մասը Նկարիչների միության պահոցից է, մյուս մասը նվիրել է Հայաստանի մշակույթի նախարարությունն` իր պահոցից»,- հայտնեց Կ. Աղամյանն ու ավելացրեց, որ հավաքածուի հավաքագրումը շարունակվում է, քանի որ շատերը նոր են տեղեկացել այդ մասին:

Նկարիչների միության նախագահի համոզմամբ` Հայաստանում կհավաքագրվի առնվազն 200 հավաքածու: Նա նշեց, որ Հայաստանում գործող մի շարք պատկերասրահներ, անհատ նկարիչներ ևս պատրաստակամություն են հայտնել նվիրատվություններ կատարել:

Այժմ ճշտվում են ապագա պատկերասրահի շենքային հարցերը: Գրիգոր Գաբրիելյանցի խոսքերով` նախքան նկարների հավաքագրումը, իրենք հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, ով տեղեկանալով նախաձեռնության մասին, հավաստիացրել է, որ կխրախուսի բարերարներին և կաջակցի լուծել պատկերասրահի շենքային խնդիրները: Հենց այս առիթով նախաձեռնող խումբը Հայաստանում տեղի ունենալիք ցուցահանդեսից հետո կմեկնի Արցախ` անձամբ զննելու այն 2 շենքերը, որոնք արդեն առաջարկվել են Արցախի Հանրապետության կողմից:

Նշենք նաև, որ նախնական տվյալներով` Արցախի Ազգային պատկերասրահի բացումը տեղի կունենա սույն թվականի օգոստոսին:

1 February 2011

Չծխե´լ ... շնորհակալություն

Բրիստոլում բոլորը ծխում են: Դժվար չէ նման կարծիք կազմել, եթե նոր ես ոտք դրել այս քաղաք ու փողոցով քայլելիս մարդկանց ուշադրություն ես դարձնում: Այնպիսի տպավորություն է, թե բոլորն են ծխում` և´ կանայք, և´ տղամարդիկ, և´ ահելներն ու ջահելները:

Բայց ... այստեղ պարզապես բոլորը ծխում են փողոցում` իրենց իսկ աշխատանքի վայրի մուտքի մոտ, փաբերի ու սրճարանների դիմաց` գարեջրի բաժակը կամ շիշը ձեռքին, տուն գնալու ճանապարհին...

Բանը նրանում է, որ այստեղ ռեստորաններում կամ սրճարաններում և մյուս հասարակական վայրերում ծխելը բոլորի համար է արգելված, հետն էլ այսպիսի ցուցանակներով:
Ոգևորվել էի: Մտածում էի, չէ՞ որ մեզ մոտ էլ է օրենքով արգելվում հասարակական վայրերում ծխելը, այդ դեպքում ինչու՞ որոշ սրճարաններում ծխելն առհասարակ չի արգելվում, իսկ որոշներում էլ` կան ծխողների և չծխողների բաժիններ:

Հենց այս մասին էի ցանկանում գրել նախքան «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը կկարդայի: Պարզվում է, որ  սրճարանների, ռեստորանների և հանրային սննդի այլ վայրերում չծխելու սահմանափակումն այնքան էլ խիստ չէ: Ըստ օրենքի` վերոնշյալ վայրերում «ծխելու համար կարող են լինել առանձնացված տարածքներ, հատվածներ, գոտիներ»:

Լա´վ, հասկացանք, օրենքը թույլ է տալիս: Այդ դեպքում` ինչու՞ շատ սրճարաններում, բարերում ու փաբերում կան ոչ թե այդ «տարածքներ, հատվածներ, գոտիներ»-ը, այլ առհասարակ չկան չծխողների համար առանձնացված տարածքներ, եղածի դեպքում էլ` խիստ սահմանափակ տեղերով ... Մի՞գուցե օրենքը հստակեցում է պահանջում ...

Հակառակ դեպքում ստացվում է, որ մենք` չծխողներս, չենք կարող դժգոհել, առավել ևս` բողոքել, եթե սննդի մի պատառի հետ կուլ ենք տալիս նաև նիկոտինով հարուստ օդ: Մեզ մնում է միայն քաղցը հագեցնելուց առաջ խոհեմ գտնվել և ճշտել`  արդյո՞ք տվյալ վայրում մեզ` չծխողներիս, համար հատկացված հատուկ տեղեր կան:

Հ.Գ. - Հիմա համոզված եմ. «Բրիստոլում բոլորը պայմանները ստեղծված են ի օգուտ չծխողների» ... :)