Ինձ հայտնի մյուս վայրերում մարտի կեսերին ձմեռն արդեն ավարտվել էր․ այստեղ գարնանը երկար են սպասում։ Այն ժամանակ չգիտեի՝ տարիներ հետո ինչ եմ հիշելու սառուցյալ Ֆինլանդիայից, բայց որ հիշելու էի, հենց թեկուզ նրա համար, որ իմ այցելած առաջին օտար երկիրն է, հաստատ։
Դեռ ինքնաթիռի պատուհանից ակնհայտ էր, որ այս երկիրը ոչ միայն ձյան ու սառույցի, այլև եղևնիների տիրակալ է․ վերևից կա՛մ սպիտակ տարածություններ, կա՛մ դեպի երկինք սլացող եղևնիներ էին միայն երևում։ Ասում են՝ ֆիները սառն են․ ինձ համար նրանք չափազանց սպիտակ են՝ սպիտակ մաշկով, սպիտակ մազերով, սպիտակ ժպիտով․․․Ձմեռ չեմ սիրում, գուցե դրանով է պայմանավորված, որ չէի ցանկանում լքել հյուրանոցի տաք համարը։ Չնայած դրան երբեմն քայլում էի սառցե փողոցներով, հասնում մոտակա պատկերասրահը կամ թանգարանը, անհամբերությամբ դուռը բացում, ու ավելի շատ մտածում էի ոչ թե տեսածիս մասին, այլ, որ կտաքանայի։ Հենց այս սառցե քաղաքում է, որ երկար կանգնեցի Պիկասոյի կտավների դիմաց, ու դեռ երկար ժամանակ բացականչում էի ու հպարտությամբ այստեղ֊այնտեղ պատմում, որ ես Պիկասո եմ տեսել :) Տրամվայների թանգարանում էլ ամեն ինչ մանրամասն նկարեցի, ու հաստատ Հելսինկիի շնորհիվ է, որ տրամվայ այդքան շատ եմ սիրում։
Հիշում եմ նաև կենտրոնական կայարանում հնչող երաժշտությունը՝ մի տեսակ աղոթքի նման էր, բայց այնքան մոնոտոն էր, որ դանդաղեցնում էր մտքիդ ընթացքը։ Հա, մեկ էլ հիշում եմ, թե ինչպես էինք հերթ կանգնում, տոմս գնում, ինչպես էինք տոմսը մետրո, տրամվայ կամ ավտոբուս մտնելուց ակտիվացնում, ու հիշում եմ մետրոյի մաքուր ու տաք վագոնները, ակարդիոն հիշեցնող ավտոբուսները․․․
Մեկ էլ հիշում եմ, թե ինչպես էինք իրար խառնվել, երբ Ուրարտուհին մեզ հրավիրել էր իրենց տուն․ այնքան էինք հուզվել, որ չգիտեինք ինչ պետք է անեինք։ Մտածում էինք՝ ինչ լավ կլիներ, որ մեզ մոտ որևէ բան լիներ Հայաստանից, բայց միակ բանը, որ պահպանվել էր, հայկական կոնյակն էր, որից էլ արդեն հասցրել էինք խմել :)
Այս բոլոր հիշողությունները հավաքած՝ երկրորդ անգամ նստեցի Հելսինկի մեկնող ինքնաթիռը։ Անհամբեր սպասում էի՝ երբ եմ տեսնելու երկինք բարձրացող եղևինները, երբ եմ ոտքերիս տակ փափուկ ձյունը զգալու, երբ եմ ձնեմարդ սարքելու, ու երբ եմ Ուրարտուհուն ու Թոմասին հանձնելու հենց իրենց համար նախատեսված կոնյակը :)
Աննկարագրելի էր Սաքի ու Արամեի ընդունելությունը․ մոյ֊մոյ֊մոյ գոռալով մեր գիրկն ընկան, ու մինչև ճամպրուկներս հավաքած չփակեցինք այդ տաք ու ջերմ տան դուռը, շարունակում էին իրենց մանկական մաքուր սրտի ուրախությամբ երջանկացնել մեզ։ Գուցե դժվար է պատկերացնել, բայց այս ընտանիքում մենք մեզ զգում էինք ինչպես տանը, ինչպես քրոջ ու եղբոր հետ, որոնց երկար ժամանակ չէինք տեսել, ու ոչ միայն վայելում էինք, այլև բարձր էինք գնահատում իրար հետ անցկացրած ամեն րոպեն։
Այստեղ էինք հանգստանալու համար, ոչ թե ծանոթանալու, բայց ֆիների երկիրը նորից մեզ պետք է ապշեցներ իր ժողովրդավարությամբ,
կենցաղավարությամբ, օրենքներով ու կարգ ու կանոնով։ Այստեղ է, որ հնարավոր է
բողոքել երկհարկանի հասարակական ավտոկայանից միայն նրա համար, որ «քիչ մը
նեղ է», բենզակայանից, որ գումարն ինքնուրույն վճարում ես, ինքնուրույն էլ
լիզքավորում ես մեքենան, տնտեսական ու մթերային խանութից, որ քո ցանկացած
ապրանքն արդեն վերջացել է, շենքի մուտքից, որը չնայած տան պես տաք է, բայց
դռան վրա ընդհանուր զանգ ու հեռակառավարվող փական չունի ։)
Այս անգամ հետս բերել եմ երկար ու նեղ, ամբողջությամբ սպիտակ փողոցները, մաքուր մայրուղիները, ձյան վրա ցանած ավազի հատիկները, անծայրածիր առևտրի կենտրոնները, արդեն փակված սառցե֊փաբն ու հարազատ թվացող Molly Malone's իռլանդական գարեջրատունը, Ֆլամինգո Սպա կենտրոնն ու տաք կաթով լուծվող սուրճը․․․ հա ու մեկ էլ՝ սփյուռքահայի զգացողությունը՝ հայրենիքը կարոտածների շրջապատում, եվրոպահայկական Սուրբ Ծնունդը, ոչ ավանդական՝ «Տիգրանակերտ»֊ով, Լիլիթի «Րյոստի»֊ով ու Ուրարտուհու «Բաբաղանուջ»֊ով ամանորյա սեղանը, ձմեռ պապիկի՝ տոնածառի տակ դրված նվերները, ու մեկ էլ՝ Արամեի «Ալե դին֊դին»֊ն ու «գրկի՜»֊ն, Սաքի «ես iPad եմ ուզու՜մ»֊ն ու փորձառությունը, թե ինչպես կարելի է ընդամենը գլուխը շոյելով քնացնել երգող Արամեին :)Հ․Գ․ ֊ Ասում են Հելսինկին հատկապես գեղեցիկ ու կանաչ է ամռանը։
Հ․Գ․ 2 ֊ Մի անգամ գալու եմ, որ կանաչ ու արևոտ Հելսինկի տեսնեմ, մի անգամ էլ, որ վերջապես ոտքերը վերև տնկած ձնեմարդ սարքեմ ու ձնագնդի խաղամ :)
No comments:
Post a Comment