22 February 2013

Իմ Փելեշյանը


Երկրորդ հարկի միջանցքի վերջում թաքնված լսարանը մեզ համար բացահայտել էր «Կինոյի ու թատրոնի» պատմության դասախոս տիկին Շիրինյանը: Իր դասաժամին մեր կողմից ցուցաբերած աշխատասիրությանն ու հետաքրքրությանն ի պատասխան` նա պայմանավորվածություն էր ձեռք բերել կինոյի և լրագրության ամբիոնի հետ, և մենք հնարավորություն էինք ստացել շաբաթ օրերին ևս գալ համալսարան` կինոդիտումների:

Այս ռեժիսորական լսարանն ուսանողների շրջանում հայտնի էր` որպես կարմիր սենյակ: Ձայնամեկուսացման համար պատերին կարմիր կարպետ էր փակցված, պատուհանները փակված էին ու միայն մի նեղ ու բարձր ապակի կար, որը լսարանը կապում էր ռեժիսորների փոքրիկ արհեստանոց-արխիվի հետ: Այստեղ տեղադրված փոքր էկրանը խոչընդոտ չէր հանդիսանում մեծ կինոդիտումներ կազմակերպելու համար: Անտեսելով լսարանի տեսուչի դժգոհությունները, թե շաբաթ օրերին ինքը ստիպված է լրացուցիչ 2 ժամ աշխատանքի վայրում լինել, ամեն շաբաթ լրացված կազմով էինք ներկայանում կինոդիտումներին: Մեր համալսարանական ընկերները, հարազատներն ու կինոսիրող ծանոթները դարձել էին այս լսարանի մշտական այցելուները:

Հենց այս կարմիր պատերից ներս է, որ առաջին անգամ դիտեցի Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը: Այս լսարանի շնորհիվ է, որ «Մենք»-ն ու «Տարվա եղանակները» առհավետ իմը դարձան, այս լսարանում է, որ մեզանից յուրաքանչյուրն իր համար բացահայտեց իր Փելեշյանին:

Սև ու սպիտակ տեսարանները, հայ մարդն ու նրա կենցաղը իր դարն ապրած, երբեմն թրթռացող տեսաժապավենից թափանցում էին մեր հոգիներ, ստիպում, որ համակ ուշադրությամբ ու առանց շշուկի վայելենք փելեշյանական աշխարհը: Այս ֆիլմերից ստացած մտքերի հեղեղը հօդս էին ցնդեցնում ցանկացած քննարկում. մեզանից յուրաքանչյուրը կարողանում էր խորը լռությունից արտաբերել միայն` հիրավի հանճարեղ է:

Հենց այդ տարիներին էր, որ Փելեշյանը հրավիրվեց մասնակցելու «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին: Մեծ ռեժիսորի այցով էր, ըստ իս, պայմանավորված երևանյան կինոփառատոնի համաշխարհային ճանաչման ու աշխարհագրության ընդլայնումը: Հիշում եմ, որ փառատոնի շրջանակում կար հատուկ ծրագիր` նվիրված Փելեշյանի ֆիլմերի հետհայաց ցուցադրությանը: Հպարտությամբ եմ հիշում, որ վարպետի ֆիլմերի ցուցադրություններին երիտասարդները համաձայնում էին տոմս գնել` նույնիսկ հատակին նստած ֆիլմերը նայելու համար, ու այդ ցուցադրություններին անգամ հատակին ազատ տեղ չկար:

Ծնունդդ շնորհավոր, հանճա'ր, ծնունդդ շնորհավոր իսկական հայ: Ու չնայած ստեղծածդ արդեն բավարար է քեզ անմնացորդ սիրելու ու գնահատելու, քեզ ընդմիշտ երախտապարտ լինելու համար, բայց ես էլ, շատերի նման, հավատում եմ, որ դեռ մեզ զարմացնելու ես նոր աշխարհներով...

No comments:

Post a Comment