Չնայած արտերկրում հետաքրքիր է արտասովոր կերակրատեսակներ փորձելը, բայց մենք սովորաբար պատվիրում ենք այն, ինչի մասին գոնե փոքր-ինչ տեղեկություն ունենք: Ու փաստ է, որ կարող է տեղի ունենալ անսպասելին ...
Լոնդոնի ռեստորաններից մեկում մեր անսահման քաղցը հագեցնելու համար փորձեցինք վերծանել երկար ու բարակ մենյուն: Մեր պատվիրած երկու ուտեստներից մեկի մեջ ծանոթ արտահայտությունը «chicken»-ն էր, մյուսում` «becon»-ը:
Րոպեներ անց, երբ մատոցողուհին պատվիրված ուտեստը դրեց սեղանին, մի կերպ կարողացանք զարմանքներս թաքցնել: Նրա հեռանալուց հետո ես 5 րոպե անընդմեջ ծիծաղում էի և կարողանում էի միայն լուսանկարել այն, ինչ պետք է ուտեինք:
Վստահ եմ, որ եթե «ընտրությունն» ինձ մնար, երբևէ ցանկություն էլ չէի ունենա փորձելու այս խխունջներից: Սակայն մենք բավականին սոված էինք ու բավականին մարդաշատ վայրում, բացի այդ` հետաքրքրասիրություններս էլ բավականին մեծ էր: Այդ իսկ պատճառով, առանց որևէ արտասովոր միմիկայի` փորձառու գուրմանների պես, փոքրիկ խխունջների պարունակությունը մեր ստամոքս ուղարկեցինք:
Հյուրանոց վերադառնալուն պես թեյ խմեցինք: Չէ՞ որ, ով իմանա` ինչ ազդեցություն կարող են թողնել խխունջները:
Հ.Գ. - Մեր ընտրած ուտեստներից մյուսն իսկապես հավով էր:
26 October 2010
22 October 2010
Նախաճաշ
Արևի աշնանային, վառ ծիրանագույն ճառագայթները ստիպում են ամեն առավոտ արթնանալ, մոտենալ պատուհանին, ժպտալ ու նոր հույսերով լցվել: Պատուհանից այն կողմ տարածվող հրաշք քաղաքն էլ նպաստում է դեպի երկինք թռչելուն, հատկապես, որ այստեղ վաղ առավոտից ամեն ինչ հեքիաթային է:
Երիտասարդ պարոնն ու գեղեցիկ տիկինն առավոտյան, առանց նշանակված ժամից ուշանալու, դուրս են գալիս իրենց ննջարանից և քայլում դեպի ճաշարան: Ախորժաբեր հոտերի արանքից երևում է մատուցողի ժպիտը, ով ամեն առավոտ նույն ոգևորությամբ միևնույն հարցն է տալիս. «Դուք թե՞յ, թե՞ սուրճ կկամենաք: Իսկ թոստը սպիտա՞կ, թե՞ սև հացից»:
Տեղավորվելով պատուհանի մոտ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Էյվոն գետն ու մոտակա կառամատույցը, որտեղ փոքրիկ Պերոս կամրջի վրայով արագ քայլերով մեկը մյուսի հետևից անցնում են մեծ ու փոքր, ակամա կտրվում ես իրականությունից: Հեքիաթային քաղաքը, սպիտակ դաշնամուրից հնչող մեղմ ջազային մեղեդիները մի ակնթարթում տեղափոխում են քեզ դարերի հեռուն:
Այստեղ` Արքայազնի փողոցով, հեծանիվների փոխարեն կառքեր են անցնում, այստեղ սենյորներն ու սենյորիտաները ջինսերի փոխարեն դասական բաճկոններով ու կիպ կոճկած զգեստներով են: Այստեղ մարդիկ խոսում են ոչ թե ահաբեկչությունների կամ տնտեսական ճգնաժամի մասին, այլ` քննարկում են սերունդներն ավելի կրթված ու բանիմաց, ներկա պայմաններն ավելի բարեկեցիկ ու հարմարավետ դարձնելու խնդիրները: Այստեղ խոսում են խաղաղությունը պահպանելու, այլ ոչ թե միջուկային զենքի արտադրությամբ աշխարհին սեփական ասելիքը թելադրելու մասին:
Ժամանակով ընթանում եմ առաջ. հայտնվում եմ նույն հյուրանոցում, որտեղ ամեն առավոտ տապակած խոզապուխտ ճաշակելուց հետո միրգ եմ վայելելու: Այստեղ որքան էլ վերանամ իրականությունից` միևնույն է` իրականության մեջ եմ փորձելու խաղաղության ու ներդաշնակության ձգտող իմ աշխարհի սահմանները գծել:
21 October 2010
Մայրիկիս սենյակային բույսերն` անտառներում
Մայրիկս շատ է սիրում սենյակային բույսեր ու ծաղիկներ աճեցնել: Նա այնքան է ոգևորվում իր ծաղիկներով, որ երբեմն կատակում ենք. եթե ցանկանում եք վատություն անել մայրիկիս, կարող եք գողանալ նրա ծաղիկները:
Կան բույսեր, որոնց մայրս առանձնակի է վերաբերում, քանի որ վստահ է` դրանցից միայն ինքն է կարողանում աճեցնել և ինքն է, որ բաժանում է մյուսներին: Հենց այդ հազվագյուտ բույսերը, սովորաբար ամենապահանջվածն էլ լինում են մորս շրջապատի ու բույսեր սիրող հարազատների կողմից:
Սա մայրիկիս մասին: Հիմա անցնենք անտառներին, մասնավորապես Բրիստոլի անտառներին: Չգիտեմ հստակ, թե քանի անտառ ունի Բրիստոլը, բայց երկուսի հետ անձամբ ծանոթ եմ: Բացի այն, որ ապշեցուցիչ է այս անտառներում տիրող խաղաղությունն ու մաքրությունը, որ այստեղ մարդիկ վայելում են թարմ օդ` ոչինչ չխաթարելով, որ այստեղ անտառի բնակիչները չեն խորշում մարդկանցից, այստեղ նաև կարելի է տարատեսակ բույսերի հանդիպել:
Վերադառնալով նախորդ մտքիս` նշեմ, որ անձամբ այնքան էլ շատ չեմ սիրում ծաղիկներ մշակելու գործընթացը, սակայն մորս ոգևորությունը միշտ էլ ստիպում է տեղյակ լինել, թե նրա որ բույսն ինչպես է աճում և որ ծաղիկն ինչպես է ծաղկում: Հենց այդ պատճառով է, որ երբ Բրիստոլի անտառներում մի քանի ծառերի հանդիպեցի, ապշեցի: Չէ՞ որ այդ նույն ծառերի մինի տեսակները` ծաղիկները, մորս պատուհանի էկզոտիկ զարդերն են ու դրանց ծաղիկը հենց այս նույն տեսքն ունի:
Անտառում տեսածս լուսանկարելուց հետո միանգամից երևակայեցի, թե ինչ կասի և ինչպես կարձագանքի մայրս, երբ տեսնի այս հսկա ծառերը:
Հավանաբար, նա փորձարկումներ կանի` իր ծաղիկները ծառերի վերափոխելու: Կամ սովորության համաձայն` համեստ կժպտա: Ամեն դեպքում, մայրս չի հուսահատվի, փոխարենը այժմ էլ բոլորին կասի, որ իր բույսից նույնիսկ Բրիստոլի անտառներում է աճում:
Մանկավարժությունը մասնագիտություն չէ՞ … կոչու՞մ է
Օրերս մի հոդված կարդացի «Haynews» լրատվական կայքում: Կայքը պատմում էր սոցիալական ցանցերում, մասնավորապես «Facebook»-ում և «YouTube»-ում, ակտիվորեն շրջանառվող մի տեսահոլովակի մասին, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպես է ուսուցչուհին ծեծի ենթարկում աշակերտներին:
Այս տեսանյութի շուրջ քննարկումները ևս ակտիվ էին: Դրան անդրադարձել էր ոչ միայն անձամբ ՀՀ կրթության և գիտության նախարարը, այլև կրթության ոլորտի հետ առնչվող մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ: Ինձ համար կարևոր է, սակայն, այն, որ մեր արատները, որոնք նախկինում ամոթով պահել ենք մութ նկուղներում, այժմ ջրի երես են դուրս բերում … անկախության սերնդի ներկայացուցիչները:
Անշուշտ նմանօրինակ դրսևորումները զայրացնող են, քանի որ մանկավարժությունը ոչ թե մասնագիտություն, այլ` կոչում հորջորջող երկրում կան, մեղմ ասած, հոգեկան հիվանդներ, ովքեր իրենց անհավասարակշռությունը վառ կերպով են դրսևորում, այդպիսով, սակայն, ցավոք` խաթարում են երեխաների ձևավորվող հոգեկանը ևս: Զայրացնող է, որ դեռ նման հոգեկանները շարունակում են ապրել հասարակության շրջանում` հավասար պայմաններով, ավելին` բարձր գլխով քայլելում են ու ամեն առավոտ գործ են ունենում տասնյակ երեխաների հոգեկերտվածքի հետ:
Մյուս կողմից էլ հուսադրող է այն, որ վերջապես, նոր սերունդը բոլորին հասկացնել է տալիս, որ այլև չի գործում «Սա է, ուզում եք` ուզեք, չեք ուզում` մի ուզեք» տարբերակը, այլ եկել է ժամանակը` «Ամեն ինչ պետք է լինի այնպես, ինչպես հարկն է, ինչպես ես եմ ուզում» տարբերակի: Ուրախալի է, որ երեխաներն ինքնուրույն են գտնում իրենց խնդիրների լուծման ճանապարհը` դուրս գալով մեծահասականների խաղերի բոլոր կանոններից: Ուրախալի է, որ երեխաներն են ստիպելու ուսուցչուհուն` իր անասնական պահվածքի համար պատասխան տալ հասարակությանը:
Միևնույն ժամանակ, հույս ունեմ, որ այս դեպքից հետո կսթափվեն բոլորը: Մի կողմը կհասկանա, որ մի օր էլ իր կիրառած մեթոդաբանությունն է հայտնվելու համացանցում` բոլորի աչքի առաջ: Մյուս կողմն էլ, ովքեր կարծում են, թե ի զորու չեն ոչինչ փոխելու, կհասկանա, որ եկել է ժողովրդավարություն հիմնելու ժամանակը, որը ոչ թե պետք է թելադրված լինի գերտերությունների կողմից, այլ` պետք է լինի իսկապես հասարակական պահանջ ու անհրաժեշտություն:
Հ.Գ. – Շնորհակալ եմ նրանից, ով տեսագրել, ապա այդ տեսանյութը համացանցում է տեղադրել … Հույս ունեմ, որ էլ առիթ չենք ունենա նման տեսագրություններ դիտելու:
19 October 2010
Զայրացրե՞լ է երթուղայինի վարորդը … Զանգահարի’ր
Եթե ձեզ դուր չի եկել, թե ինչպես է վարում երթուղայինի վարորդը, ինչպես է վազանցումներ կատարում` գերազանցելով արագությունը, կամ կտրուկ արգելակում, եթե կոպիտ է պատասխանել ձեզ, երբ ճանապարհ եք հարցրել, եթե ծխել է վարելու ժամանակ կամ հայհոյել ամվտոմեքենաների կամ մյուս երթուղայինների վարորդներին, եթե բարձր ու անճաշակ երաժշտություն է միացրել, ապա դուք կարող եք ամեն ինչ շտկել, զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով:
Իհարկե, ցավով պետք է զգուշացնեմ, որ սույն համարը և սույն ծառայությունը գործում է միայն Անգլիայում: Մասնավորապես «Ազգային ճեպընթաց» («National Express») երթուղային ծառայությունը, որը հիմնական երթուղիներ սպասարկող ընկերությունն է, իր մեքենաների պատուհաններին փակցնում է ծանուցում, որով հնարավորություն է տալիս ուղևորներին կիսվել տպավորություններով:
Ինչպես հասկացա գրվածից (հարցական նշանը հուշեց)` ուղևորը կարող է նաև գովեստ հայտնել: Չնայած կա կարծիք, թե սովորաբար մարդիկ բարձրաձայնում են, երբ նրանց որևէ բան դուր չի գալիս, իսկ գովեստներում ժլատ են ու քչախոս: Չգիտեմ, թե անգլիացիներն ինչպիսին են, բայց կարծում եմ, որ գովեստներ ասողներ ևս կգտնվեն:
Ինչևէ, հարցը նրանում է, որ երբեք ու երբեք երթուղայինի վարորդը չի կարող գործել այն, ինչ վերը թվարկեցի, քանի որ դուք հեշտությամբ կարող եք վերցնել հեռախոսն ու մի զանգի օգնությամբ նրան աշխատանքից ազատել: Ավելին, նա ամեն ինչ կանի, որ, եթե ժլատ չգտնվեք, ապա նշված համարը հավաքելուց հետո, անպայման գովեստներ հնչեցնեք:
Մեզ հանդիպած վարորդը ոչ միայն օգնեց` մեր ճամպրուկները տեղավորել բեռնախցում, ապա այնտեղից դուրս բերել, այլև հուշեց, թե ինչպես կարող ենք հասնել հյուրանոց:
Հ.Գ. – Մոռացա նշել, որ Լոնդոնից մինչև Բրիստոլ մենք վայելում էինք աշխարհահռչակ կատարողներին ու նրանց ջազ, բլյուզ և դասական ստեղծագործությունները:
18 October 2010
Իմ առաջին այցը գազանանոց
Չեմ կարող ասել` ում մեղքով կամ ինչու, բայց ես նախկինում երբեք չէի եղել գազանանոցում: Դե սա այնքան էլ տարօրինակ չէ. հայրս չի սիրում զբոսանքներ կազմակերպել, մայրս, բնականաբար, միայնակ չէր կարող մեզ Էջմիածնից հասցնել Երևան` գազանների հետ ծանոթացնելու համար, այն էլ այն ժամանակ, երբ մեր մանկությունն անցնում էր Հայաստանի ամենաանմոռանալի` մութ ու ցուրտ տարիների հովանու ներքո:
Ինչևէ, երբ նույնիսկ այնքան հասուն էի, որ կարող էի անձամբ գնալ գազանանոց, դարձյալ հստակ որոշում ոչ մի օր չկայացրեցի, ու այդպես էլ մնացի` 24 տարեկան, ով երբեք էլ չի եղել գազանանոցում: Մինչև բուն պատմությանս անցնելն, ասեմ, որ կենդանիների հետ «մոտիկից» ծանոթանալու առիթ ունեցել եմ մի անգամ, երբ Էջմիածին էր եկել մի շրջիկ խումբ, որը քաղաքում մի քանի օր ցուցադրում էի սողունների, կրծողների ու որոշ ջրային կենդանիների:
Տարիների բացը լրացնելու համար Տիգրանն ինձ նախօրեին տարավ Բրիստոլի Գազանանոց: Սա մի իսկական զբոսայգի-անտառ է, որտեղ ապրում են տարբեր տեսակի կենդանիներ, որտեղ երեխաները հնարավորություն ունեն անձամբ կերակրելու կենդանիներին, դրանց առավել լավ ճանաչելու համար խաղի միջոցով պատկերներ ստանալու, խաղալու խոտերի մեջ, փոքրիկ ջրավազաններում վազվզելու, պարանից կախված կամուրջներ ու դժվարություններ հաղթահարելու: Սա, թերևս, հնարավորություն է` հասկանալու, որ կենդանինները ևս բնության անբաժան մասն են և հենց մարդն է, որ պետք է հոգ տանի կենդանական աշխարհի բազմազանության մասին:
Բրիստոլի գազանանոց կատարած այցս, սակայն, ոչ միայն ճանաչողական էր, այլև դաստիարակչական: Բացի այն, որ ես հնարավորություն ունեցա ծանոթանալու կենդանինների արքայի, մարդանման գորիլայի, պինգվինների ու ծովառյուծների, կապիկների, թռչունների, խոշոր եղջերավորների, միջատների, թիթեռների, ձկների, ջրային կենդաննիների, բույսերի ու սողունների տարբեր տեսակների հետ, ես մի շատ կարևոր բացահայտում էլ կատարեցի:
Համոզվեցի, որ մարդ պետք է կենդանական աշխարհի հետ ծանոթանա այն ժամանակ, երբ նոր է սկսում ընկալել ու ճանաչել շրջակա միջավայրը, երբ նոր է ձևավորվում նրա աշխարհընկալումը, հակառակ պարագայում, նա` ինձ նման, չի կարող լիասիրտ գոռալ, երբ իր գլխին թութակ է կանգնել ու ավելի բարձր է գոռում, երբ ապակու այն կողմում առյուծը սկսում է քայլել իր փոքրիկ անտառում, երբ պինգվինները գլխիդ վերևով լողում են, ու չի զզվի, երբ տեսնի տարբեր տեսակի որդեր, մորեխներ ու միջատներ: Հենց այդ ժամանակվանից է, որ նրա մեջ կարմատավորվի այն միտքը, որ մարդը չպետք է խաթարի բնության ներդաշնակ զարգացումը ...

14 October 2010
Նվիրում եմ Նանեին
Մի անգամ ծանոթներիցս մեկն ասաց. «Երբ ինչ-որ տեղ երեխա կա, մնացած ամեն ինչ երկրորդական է»: Մեր ընտանիքիում էլ Նանեի ծնունդով ամեն ինչ երկրորդական դարձավ և այդ փաստն օրեցօր` նրա մեծանալու հետ, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում:
Նանեի ծնվելու մասին լուրն ամենացանկալին էր, քանի որ հորեղբայրս` Հրաչյան, ու նրա կինը` Աննա, ովքեր ամուսնանալու մասին որոշում կայացրել էին բավականին հասուն տարիքում, օդ ու ջրի պես երեխայի կարիք ունեին, որն իմաստավորելու էր նրանց կյանքը, որը բարությամբ ու հաճելի հոգսով էր լցնելու նրանց հետագա օրերը:
Նանեն ծնվել է մի ամառային պայծառ օր: Թերևս պատահական չէր, որ նրա ծննդյան մասին լուրը ես ստացա երթուղային տաքսու մեջ` հենց այն պահին, երբ նոր էի ծանոթացել «Նանե» անունով մի լրագրողի հետ (սա չի նշանակում, թե ես եմ նրան անուն տվել. դեռ չծնված` հորեղբայրս պնդում էր, որ իր դստերը Նանե աստվածուհու անունով պետք է կոչի):
Փոքրիկ Նանեի յուրաքանչյուր նոր «արարք» ու «հմտություն» մեծ ցնծությամբ է ընդունվում մեր` նրա հարազատների կողմից: Մեր ընտանիքում, որտեղ երկար տարիներ բացակայել է երեխայի ճիչը, Նանեով բոլորը կարծես նոր են բացահայտում մարդու աճը, զարգացումն ու կայացումը:
Մեր հրաշք փոքրիկն այժմ որոշակի բառեր արտասանելուց, միայն իր համար հասկանալի երգեր ու զրույցներ վարելուց բացի այժմ քայլում է: Նրա կյանքում մի նոր փուլ է սկսվում, երբ ինքն է անձամբ որոշողը լինելու` ուր գնալ, ինչ վերցնել, որ դուռը բացել ...
Կարոտել եմ այս փոքրիկ հրաշքին, կարոտել եմ նրա անհոգ ծիծաղին, կարոտել եմ նրա հետաքրքրասեր ու խելացի հայացքին:
Հ.Գ. - Ես քեզ շատ եմ սիրում իմ գանձ` իմ փոքրիկ քույրիկ` իմ հոգևոր զավակ` ինձ համար ամենաթանկ` Նանե:

13 October 2010
Ո՞վ չի սիրում ծաղիկներ
Թերևս չկա մեկը, ով չսիրի ծաղիկներ, ով չգնահատի դրանց դրական ազդեցությունը մարդու տրամադրության ու շրջապատի գեղեցկության վրա: Բրիստոլում, հավանաբար, նույնպես շատ են սիրում ծաղիկներ ու այդ սերը բավարարելու համար այստեղ ստեղծված են բոլոր պայմանները:
Այսպես` ծաղիկներ այստեղ կարելի է գնել ինչպես ծաղկի վաճառակետերում, այնպես էլ գրեթե բոլոր հանրախանութներում` ի թիվս մթերքի ու տնտեսական ապրանքների: Հանրախանութներում ծաղիկները դրված են դույլերի մեջ` բանջարեղենի կողքին, և գնորդը կարող է վերցնել իրեն դուր եկած փունջն ու մոտենալ դրամարկղին:
Վաճառվող ամենատարբեր ծաղիկները պարզ ու հասարակ փաթեթավորմամբ են: Խուսափելով ավելորդ աքսեսուարներից, փայլերից ու զարդերից` ծաղկեփնջի ողջ գեղեցկությունը վերապահված է միայն գույնզգույն ծաղիկներին:
Նկատենք նաև, որ ծաղիկների հետ վաճառում են բացիկներ` ցանկություն կամ երկտող գրելու համար, որոնք գնորդին օգնում են` առավել հեշտ ու պատկերավոր փոխանցել ասելիքը:
Այստեղ ծաղիկներ կարելի է հանդիպել նաև փողոցներում` մայթեզրերին, շենքերի վրա ու խանութների դիմաց, ինչպես և զբոսայգիներում: Ու այդ ծաղիկներն այնքան ներդաշնակ ու բնական են տեղակայված, որ թվում է` ողջ տարին Բրիստոլը ծաղկում է` դրական լիցքեր հաղորդելով քաղաքի բնակիչներին ու այցելուներին:
Բրիստոլը ռոմանսներ է երգում
Բրիստոլի կենտրոնական փողոցներում աշխատանքային ժամերին կարելի է հանդիպել ամենատարբեր ոճի երգիչների ու երաժիշտների, որոնք երգում ու նվագում են իրենց ոճի ամենաճանաչված ու ամենասիրված երգերը: Ասում եմ աշխատանքային ժամերին, որովհետև երեկոյան` մութն ընկնելուն պես, փողոցները դատարկվում են ու կարելի է հանդիպել միայն տուն շտապողներին:
Լսելով Բրիստոլի փողոցային կատարողներին, չես կարող ասել, թե նրանք անտուններ են կամ անգործունյաներ, ովքեր գտել են գումար աշխատելու հեշտ եղանակ: Հակառակը` փողոցում հայտնված այս երաժիշտներն իրենց «աշխատանքը» արհեստավարժ կերպով են կատարում` ցանկանալով տարբերվել մեկը մյուսից, ցանկանալով ավելի մեծ թվով հանդիսատես գրավել:
Նախօրեին, օրինակ, հանդիպեցի դերասանների մի ողջ կազմի: Մեկը դաշնամուր էր նվագում անցնելով փողոցեփողոց, որոշները պարում էին մեղեդու ներքո, մյուսներն էլ կոչ էին անում միանալ իրենց` ունկնդրել լավ երաժշտություն, և ինչու չէ` վճարել գեղագիտական հաճույք ստանալու դիմաց:
Մեկ ուրիշ երաժիշտ էլ իր «համերգը» կազմակերպել էր քաղաքի առևտրային կենտրոնները հատող փողոցների փոքրիկ հրապարակում: Հրապարակի մեջտեղում տեղադրել էր միկրոֆոնն ու բարձրախոսը, ու նույնիսկ շնորհակալություն էր հայտնում` խոնարհվելով ծափահարությունների համար:
Հենց այսպիսին է Բրիստոլը, որը չի թողնում, որ քեզ մենակ զգաս, որը չի թողնում, որ ձանձրանաս պատմական փողոցներում, որը քեզ` ժպտալ ստիպելու համար, ռոմանսներ է երգում:
12 October 2010
Ճանապարհորդություն դեպի Անգլիա
Տիգրանի աշխատանքի պատճառով կամ շնորհիվ մենք շուրջ 37 օր անցկացնելու ենք Անգլիայում, մասնավորապես Բրիստոլ քաղաքում:
Հենց Լոնդոնի օդանավակայանից էլ ակնհայտ էր, որ մենք ոտք ենք դրել արքայական մի երկիր, որտեղ ժողովրդավարությունը ոչ թե թելադրված է աշխարի գերտերությունների կամ ուժերի կողմից, այլ երկրի քաղաքացիների, ովքեր էլ հենց Անգլիան դարձրել են այնպիսին, ինչպիսին որ է:
Չեմ կարող ասել` հավաստի են այն պնդումները, թե անգլիացիները սառնարյուն են, բայց կարող եմ վստահեցնել, որ նրանք ժպտում են` ի սրտե ու պատրաստ օժանդակության ցանկցած հարցում: Սա մի երկիր է, որտեղ Վերածննդի դարաշրջանը չի արտահայտվել միայն արվեստում. սա մի երկիր է, որտեղ մարդը վերածնվել է` գիտակցելով իր դերն ու կարևորությունը Երկրի վրա, սա մի երկիր է, որտեղ մարդը հենց ընկալվում է` որպես ամենակատարյալը Երկրում:
Գուցե տպավորություններս սուբյեկտիվ են, զուտ զբոսաշրջիկի աչքերով, ով ցանկանում է իրեն ընդձեռնված կարճ ժամանակահատվածում տեսնել միայն գեղեցիկը, բարին, բայց այդ ամենը, միանշանակ, շինծու չէ: Ամեն քայլափոխի ակնհայտ է, որ մի աներևույթ ուժ ղեկավարում ու ներդաշնակում է ամեն ինչ` բնությունը, ճարտարապետությունը, երթևեկությունը, մարդկանց:
Իսկ մեզ նմաններին մնում է միայն վայելել այն, ինչ տրված է և լավագույնը պատմել թագավորական Անգլիայի մասին:
Subscribe to:
Posts (Atom)