«Ամեն ամիս էլ նույն խանութից պարտքով ապրանք եմ վերցնում. հաց, մակարոն, ձավարեղեն, մեկ-մեկ էլ միս… ամեն օրվա ուտելու բան: Հետո աշխատավարձիս օրը տանում, փակում եմ պարտքերս»,- HayNews.am-ի հետ զրույցում պատմեց տիկին Գայանեն, ով Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իրենց փողոցի մոտ գտնվող փոքրիկ հանրախանութից յուրաքանչյուր ամիս 30-40 հազար դրամի պարտքով ապրանք է վերցնում:
Տիկին Գայանեն մոտակայքում գտնվող գեղեցկության սրահներից մեկում հավաքարար է, և «հույսը դնում է իր ստացած աշխատավարձի վրա», որ ամսական շուրջ 35 հազար դրամ է կազմում: Ամուսնու աշխատավարձը բավարարում է միայն դստեր ուսման վարձը և ճանապարհածախսը հոգալու համար:
Սակայն պարոն Ռոբերտի խանութում տիկին Գայանեն միակ պարտք վերցնողը չէ: Այս փոքրիկ հանրախանութը յուրաքանչյուր ամիս, սեփականատիրոջ խոսքերով, շուրջ 350 հազար դրամի ապրանք է վաճառում` ապառիկով:
Նկարագրված պատկերը, սակայն, հատուկ չէ միայն Երևանին ու նրա համայնքներին: Այն ավելի մուգ երանգներ ունի մարզերում, որտեղ գրեթե գոյություն չունի մի խանութ, որը ապառիկով վաճառած ապրանք ու «նիսյայի տետր» չունենա: Ամեն դեպքում, HayNews.am-ի այցելած բոլոր խանութներն էլ գնորդների պարտքերը գրանցող մատյաններ ունեին: Խանութների սեփականատերերի խոսքերով, հիմնականում իրենցից «պարտքով են վերցնում օրվա համար ամենաանհրաժեշտ պարագաները` հաց, բանջարեղեն, հատիկեղեն, կաթնամթերք, ծխախոտ, լվացքի պարագաներ և այլն»: Ու հիմնականում, խանութները պարտքով ապրանք են տալիս իրենց շրջակայքում բնակվողներին, ում աշխատավարձը «հազիվ հերիքում է նախորդ ամսվա կուտակած պարտքերը մարելուն»:
Ապառիկ վաճառք, անշուշտ, իրականացնում են գրեթե բոլոր խանութները` բացառությամբ մեծ սուպերմարկետների: Սակայն մեր Հանրապետության փոքր հանրախանութներում ապառիկ վաճառք իրականացնելու համար ո’չ գրանցված աշխատողներ են պետք, ո’չ էլ բանկից համապատասխան փաստաթուղթ: Գնորդի հետ կատարած ցանկացած գործարք իր տեղն է գտնում «նիսյայի տետրում»:
«Մենք, օրինակ, 2 տետր ունենք: Մեկում դեռ անցած տարվանից նիսյա ապրանք վերցնողներ կան»,- HayNews.am-ի հետ զրույցում հայտնեց Էջմիածնի Կարճիկյան փողոցում գտնվող փոքր խանութներից մեկի սեփականատեր Սիլվան ու հավելեց, որ բոլոր պարտատերերին անձամբ ճանաչում է, ու 30-40 հազար դրամից ավել պարտք ոչ մեկին չի տալիս:
Թե յուրաքանչյուր պարտք վերցնող մինչև ի՞նչ չափի գումարի կարող է ապառիքով առևտուր անել, շատ հարաբերական է` կախված թե’ խանութի գտնվելու վայրից, թե’ գնորդի կարողություններից ու խանութպանի հետ ունեցած մտերմությունից, թե’ խանութի ամսական շրջանառությունից: Այս գումարը, սակայն, տատանվում է 20-100 հազարի շրջակայքում:
Այլ հարց է, թե միջինում 10-20 հազար օրական եկամուտ ունեցող խանութն ինչպե՞ս է ամսական 300-500 հազար դրամի ապրանք վաճառում` «նիսյայի տետրում գրանցելով»:
«Դե մենք էլ մեր հերթին ենք պարտք»,- գրեթե նույն պատասխանը տվեցին մեր այցելած բոլոր խանութների սեփականատերերը: Նրանց խոսքերով` իրենք էլ պարտք են սննդամթերքի առաքիչներին, մեծածախ առևտուր իրականացնող խանութներին և այլն:
Խանութների սեփականատերերը համակարծիք էին նաև մի հարցում` այս տարվա ընթացքում տեղի ունեցած գնաճը ոչ միայն ավելացրել է պարտք վերցնողների, այլև պարտքի քանակը: Նրանց խոսքերով` ձմռան ամիսներին իրենց տետրերը ևս հաստանում են, քանի որ «շինարարությունը կանգնում է, օրվա աշխատանքով տուն պահողներն էլ այլևս բան ու գործ չունեն»:
Փոքր խանութներով իրենց ընտանիքը պահողները հույսները դնում են Ամանորի վրա, երբ բոլորը` ուզած, թե չուզած, պետք է իրենց ամանորյա սեղանները լցնեն: Մենք էլ մեր հերթին հույս ունենք, որ գալիք Նոր տարին ևս չի նշանավորվի նոր գնաճով ու ավելի չի հաստացնի` արդեն իսկ հաստ «նիսյայի տետրերը»:
HayNews.am
Հ.Գ.
Ասում են, որ մի օր Ապարանում խանութ թալանելու ժամանակ գողերը «նիսյայի տետրից» ջնջել էին նաև իրենց պարտքը:
No comments:
Post a Comment