Այն օրվանից, ինչ Թբիլիսիի կենտրոնական` Ռուսթավելի պողոտայի վրա նկատեցի Մնջախաղի թատրոնի շենքը, անհամբերությամբ սպասում էի, թե երբ եմ դիտելու վրացական թատրոնի ներկայացումները: Թատրոնի մուտքի մոտ փակցված պաստառը տեղեկացնում էր, որ մոտակա ներկայացումը կայանալու էր դեկտեմբերի 9-ին: Մի քանի օր շարունակ դեպի թատրոնի շենք ուղևորվելիս` ծրագրում էի. կգնամ, տոմս կգնեմ, հետո կներկայանամ` կասեմ, որ լրագրող եմ, ու շատ կցանկանայի հանդիպել թատրոնի գեղարվեստական ռեժիսորի` Դավիթ Շալիկաշվիլու հետ… Սակայն ամեն անգամ էլ դրամարկղը փակ էի գտնում:
Պատահաբար, թե բարեբախտաբար թատրոնի դրամարկղը բաց էր նախօրեին: Նա, ումից գնեցի տոմսը, ակնհայտ է, որ այդ գործի տերը չէր: Մի կողմից շփոթությունը, մյուս կողմից էլ մանրը չունենալու հանգամանքը, և այդ պատճառով ինձ սպասեցնելը արդարացնելու համար, տոմս «վաճառողը» խոստովանեց. «Բանը նրանում է, որ հիմա մեր գանձապահն այստեղ չէ, իսկ ես իրականում տոմս չեմ վաճառում, այլ` այս թատրոնի գլխավոր ռեժիսորն եմ»: Այդ բարի դեմքով մարդու առաջ չկարողացա զսպել ուրախությունս, ու ես էլ իմ հերթին խոստովանեցի, որ ցանկանում էի հանդիպել իրեն, որ լրագրող եմ, ու շատ կցանկանայի զրուցել թատրոնից, թատրոնի խնդիրներից և այլն: Միանգամից առաջարկեցին նստել:
Նախ ասեմ, որ դրամարկղի մուտքը թատրոնի գլխավոր մուտքի հարևանությամբ է: Սա շուրջ 3 քառակուսի մետր տարածք զբաղեցնող մի վայր է, որը տաքացնում է էլեկտրական փոքրիկ ջեռուցիչը: Հենց այս վայրից էլ, պարզ էր, որ շենքը վաղուց չի վերանորոգվել` չնայած արտաքին շքեղ տեսքին:
Ձեր թատրոնը պետակա՞ն է, միանգամից հետաքրքրվեցի ես: «Այո, պետական է: Մենք արդեն 48 տարեկան ենք»,- ոչ սահուն ռուսերենով սկսեց պատմել Դավիդ Շալիկաշվիլին:
Նա հայտնեց, որ Թբիլիսիում մնջախաղի թատրոն հիմնադրել է իր հայրը` Ամիրան Շալիկաշվիլին, և հիմա թատրոնը կրում է հենց նրա անունը: Նրա խոսքերով` հենց իր հոր` Ամիրան Շալիկաշվիլու, իր մոր, իր եղբոր ու իր աշխատանքի շնորհիվ է, որ մինչև հիմա թատրոնը պահպանում է գոյությունը և բազմաթիվ ներկայացումներ է բեմադրում:
Թատրոնի գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ պետական միջոցները բավարարում են իրենց: Նա նշեց, որ թատրոնը յուրաքանչյուր տարի նոր բեմադրություններով է հանդես գալիս` կախված ֆինանսավորումից էլ ծնվում են մեկ, երկու կամ մի քանի ներկայացումներ: Խնդիրներից խոսել չցանկացող ռեժիսորը, սակայն ասաց, որ իրենց միակ մտահոգությունը թատոնի շենքի անմխիթար վիճակն է: Միևնույն ժամանակ հավելեց, որ քաղաքային իշխանությունները խոստացել են թատրոնին նոր շենք տրամադրել:
«Այն այս շենքից հեռու չի լինելու, մոտ մեկ կիլոմետր ներքև` դարձյալ Ռուսթավելի պողոտայի վրա»,- մանրամասնեց Շալիկաշվիլին ու հայտնեց, որ իրեն «ուրիշ աղբյուրներից» պարզ է դարձել, որ քաղաքային իշխանությունները ցանկանում են Թբիլիսիի կենտրոնում Եվրոպական հրապարակ կառուցել, ու հենց այդ հրապարակում էլ տեղակայվելու է թատրոնի ապագա շենքը` սպասում են միայն, որ Թբիլիսիի քաղաքապետարանը հաստատի նախագիծը և ֆինանսավորում հատկացնի:
«Եթե չեմ սխալվում, այս շենքում նախկինում Թբիլիսիում մեծ հեղինակություն վայելող հայ է բնակվել և շենքն էլ նրան է պատկանել»,- հետարքրվեցի ես ու ի պատասխան Շալիկաշվիլին հավելեց, որ շենքը մինչ օրս էլ կրում է Մելիք Ղազարյանի անունը ու կոչվում է հենց այդպես` Ղազարյանի շենք: Թե ո՞վ է եղել Ղազարյանն ու ինչո՞վ է զբաղվել, ռեժիսորին հայտնի չէր:
«Բայց այս շենքն ունի ստորգետնյա 3 հարկ, որոնք վերականգնման կարիք ունեն, այլապես շենքը կփլուզվի: Ես գիտեմ, որ քաղաքապետարանը նախատեսում է վերանորոգել շենքը, դրա համար էլ մեզ տեղափոխում են»,- մանրամասնեց ռեժիսորը:
Տողերի արանքում, սակայն, կարելի էր հասկանալ, որ թատրոնի տեղափոխման հարցը դրված է ավելի վաղ, քան ապագա շենքի կառուցումն է: Բացի այդ` շենքի առաջին հարկում բրենդային խանութներին ու ապագա խանութների գովազդային վահանակները միանգամայն այլ բան են հուշում: Սակայն այս մասին ռեժիսորը, ասես, չցանկացավ խոսել, հավաստիացնելով, որ նոր շենքն ավելի հարմարավետ ու գեղեցիկ է լինելու:
Շալիկաշվիլին անընդհատ խուսափում էր «խնդիրներ» բառից ու խնդիրներից խոսելուց: Դրամարկղում ներկա էր մի տղամարդ ևս, ում հավանաբար հունից հանեց ռեժիսորի` խնդիրները կոծկելու պահվածքը, որ միջամտեց. «Ճիշտ է, այս թատրոնը բարձր մակարդակի ներկայացումներ է բեմադրում, կգաք ու ինքներդ կհամոզվեք, բայց կտեսնեք նաև, որ շենքային վատ պայմանների պատճառով էլ թատրոնը հանդիսատես է կորցնում»:
Անկեղծացած զրուցակիցը, սակայն, չցանկացավ ներկայանալ, ու միայն նշեց, որ թատրոնի ու ռեժիսորի լավ ընկերն է:
«Բոլորն էլ ցանկանում են գնալ թատրոն, նստել հարմարավետ աթոռների… դուք որտե՞ղ եք տեսել, որ թատրոնը նմանատիպ ջեռուցիչով տաքացվի»,- նշեց «թատրոնի բարեկամը»` ցույց տալով դիմացը դրված խղճուկ էլետրական ջեռուցիչը, սակայն ռեժիսորը հայացքով լռեցրեց նրան, ասես սաստելով, որ հանկարծ չբողոքի: Իր հերթին ակամա մեր զրույցի մասնակիցը դարձած տղամարդն էլ արդարացավ` «Հասկանում եք, Վրաստանի իշխանությունները բոլոր միջոցները ծախսում են միայն ներքին գործերի, անվտանգության, ոստիկանական համակարգի վրա, մինչդեռ մշակույթին ուշադրություն էլ չեն դարձնում»:
«Բոլոր պետություններն էլ կայացման փուլում ուշադրություն չեն դարձնում մշակույթին, այդ ժամանակ մշակույթը երկրորդ պլան է մղվում: Մեր դեպքում էլ է այդպես: Երբ որ մեր պետությունը կկայանա, կհզորանա, մեզ մոտ էլ առաջին պլանում մշակույթը կլինի, և իշխանություններն էլ առավել ուշադրություն ու ֆինանսներ մշակույթի ոլորտին կտրամադրեն»,- իրավիճակը շտկելով ու ընկերոջն ավելին ասելու հնարավորությունից զրկելով` շեշտեց ռեժիսոր Շալիկաշվիլին:
Ո՞վ է Ձեր թատրոնի հանդիսատեսը հարցիս ի պատասխան` ռեժիսորը ընդգծեց. «Նա, ով հասկանում է մշակույթն ինչ է, ու նա, ով գնահատում է մշակույթը»: Այդ հանդիսատեսը, ըստ ռեժիսորի, հիմնականում երիտասարդությունն է, զբոսաշրջիկները, իսկ մշտական ու հավատարիմ հանդիսատեսը` Վրաստանում Ճապոնիայի դեսպանն ու դեսպանատան աշխատակիցներն են:
Որպեսզի այլևս խնդիրներից չհետաքրքրվեմ, և թերևս «արգելված» հարցեր չտամ` Դավիդ Շալիկաշվիլին հայտնեց, որ տարեկան մեկ-երկու անգամ թատրոնը հյուրախաղեր է ունենում արտերկրում, և բազմաթիվ մրցանակների է արժանանում: Ապա նա խնդրեց անջատել ձայնագրիչը, ու պատմեց Երևանում իր հետ տեղի ունեցած արկածներից, պատմեց այն մասին, թե ինչպես է հյուրանոցում վեճի բռնվել ինչ-որ գեներալի հետ, ապա հայտնվել ոստիկանությունում: Պատմեց, որ վերջին անգամ Հայաստանում թատորախմբի հետ եղել է 2008 թ-ին` մասնակցելու Մնջախաղի միջազգային փառատոնին, որ մտերիմ հարաբարություններ ունի Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ… Հետաքրքրվեց, թե ինչ առիթով եմ այցելել Թբիլիսի, ու այսպիսով սահուն փակեց մեր զրույցը:
Ժամեր անց արդեն թատրոնի շենքում էի` սպասում էի ներկայացման մեկնարկին: Նախասրահը ոչնչով չէր հիշեցնում մեզ համար սովորական դարձած թատրոնի շենքի նախասրահ, առավել ևս շքամուտք: Այստեղ առաստաղից պաստառներ էին կախված. տարբեր ժամանակներում թատրոնի բեմադրած ներկայացումների ազդագրերն էին հավանաբար: Խոնավահոտություն ու սառնություն էր միայն շուրջը: Հավաքված մարդիկ, կարծես, բոլորն էլ մեկը մյուսին ճանաչում էր, և առաջին անգամը չէ, որ այստեղ էին:
Քիչ անց մեզ ուղեկցեցին դահլիճ: Այն վայրը, որտեղ ցուցադրվելու էր ներկայացումը ևս ոչնչով դահլիճ չէր հիշեցնում: Այստեղ պարզապես սովետական ժամանակներից ժառանգություն մնացած աթոռներ էին շարված, իսկ սև հաստ վարագույրը առանձնացնում էր բեմ կոչվող հատվածը: Ակնհայտ էր, որ դահլիճի ջեռուցումը միացվել էր ներկայացման մեկնարկից մի քանի ժամ առաջ:
85 տեղանոց դահլիճը գրեթե լիքն էր. դիտելու էինք «Քրիստոս» ներկայացումը: Ներկայացման սկզբում թատրոնի հիմնադիրը` Ամիրան Շալիկաշվիլին, ինձ համար անհասկանալի վրացերենով ինչ-որ բան պատմեց: Հատ ու կենտ միջազգային բառերից կարելի էր ենթադրել, որ թատերախումբը մասնակցել է եվրոպական ինչ-որ փառատոնի, որտեղ մրցանակի է արժանացել հենց «Քրիստոս» ներկայացման համար:
Ապա դահլիճի լույսերը մարեցին, խունկի բույր տարածվեց: Երբ բեմը լցվեց դերասանների արհեստավարժ խաղով, շուրջբոլորն անէացավ, ամեն ինչ մոռացվեց, հանդիսատեսը տեղափոխեց թատրոնի աշխարհ և այնտեղ մնաց մինչև ներկայացման ավարտը:
No comments:
Post a Comment