9 February 2012

Թբիլիսիի հայկական դպրոցի փոխտնօրենը հայերեն չէր խոսում, բայց «լավ» նարդի էր խաղում

Թբիլիսիի հայկական թիվ 104 հանրային դպրոցի շրջակայքում հայկականության մասին վկայում է միայն հայկական Վանքի մայր տաճարից պահպանված զանգակատունը:
Հենց Վանքի մայր տաճարի տեղում կառուցված այս դպրոցի վրա ծածանվում է միայն վրացական դրոշ, և անծանոթը երբեք էլ չի կռահի, որ Թբիլիսիի ողջ տարածքում միայն այս դպրոցում է, որ հայ երեխաներն ուսանում են հայերեն:

 Ինչևէ, դպրոց այցելելու համար հիմք հանդիսացավ կիրակի օրը դպրոցի բակում տեղի ունեցած միջադեպը, որի մասին տարբեր աղբյուրներ տարբեր տեղեկություններ տարածեցին: Հիշեցնեմ, որ մինչ «Ռեգնում» գործակալությունը հայտնեց, թե դպրոցի աշակերտների վրա 15 տղամարդուց բաղկացած խումբ է հարձակում գործել, Վրաստանի նախագահի հայազգի խորհրդական Վան Բայբուրդը HayNews.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկատվությունը` նշելով, որ ծեծկռտուք է տեղի ունեցել դպրոցականների միջև, ինչին միջամտել են ծնողները:

Այս առիթով HayNews.am-ը պարբերաբար փորձել է կապ հաստատել դպրոցի տնօրեն Արթուր Մուրադյանի հետ, մինչդեռ վերջինս չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Ու քանի որ առիթ ունեցա այս օրերին լինել Թբիլիսիում, որոշեցի անձամբ հանդիպել տնօրենին:

 Դպրոցը գտա, երբ դասերն արդեն ավարտվել էին` Երևանի և Թբիլիսիի ժամանակով 15:30-ի շրջանում: Սակայն առաջին հարկում հնչող բարձր երաժշտությունը հույս ներշնչեց, որ այստեղ հարցերիս պատասխանող կգտնվի: Թե ովքե՞ր էին առաջին հարկի սենյակներից մեկում նարդի չրխկացնողներն, ինձ այդպես էլ չհաջողվեց պարզել: Տղամարդկանցից երիտասարդը, ով բացարձակապես չէր հասկանում հայերեն և ռուսերեն էլ հազիվ էր խոսում, իմանալով, որ լրագրող եմ, հայտնեց, որ կարող եմ հարցերը ոչ թե տնօրենին ուղղել, ով արդեն գնացել էր, այլ իրեն, քանի որ ինքը տնօրենի «տեղակալնե (HayNews.am` նա նշեց. «Я зам») է: Սակայն երբ լսեց, որ հարցս վերաբերում է օրեր առաջ դպրոցում տեղի ունեցած ծեծկռտուքին` վրացերեն ինչ-որ բան ասաց, ապա իմ պնդումներին ի պատասխան, թե չեմ հասկանում վրացերեն` ասաց. «Завтра, директору»:

Ցավոք սրտի վաղը, երբ դասերը սկսվեն, ես արդեն Հայաստանի ճանապարհին կլինեմ, ու նորից ստիպված կլինենք միջնորդավորված տեղեկատվության սպասել: Իսկ մինչ այդ հայտնեմ, որ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմում ևս տեղյակ չէին դեպքի մանրամասներից, սակայն նշում էին, որ իսկապես ծեծկռտուք է տեղի ունեցել դպրոցի աշակերտների ու ծնողների միջև:


Լիլիթ Բունիաթյան` Թբիլիսիից

HayNews.am

No comments:

Post a Comment