22 March 2012

Շատ թուրք ռեժիսորներ ցանկանում են մասնակցել «Ոսկե Ծիրանին». Օզջան Ալփեր


Հոդվածը հրապարակվել է 2011 թ-ի հուլիսի 12-ին HayNews.am լրատվական կայքում
Թուրք ռեժիսոր Օզջան Ալփերն այս տարի «Ոսկե ծիրանե միջազգային 8-րդ կինոփառատոնում «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի անդամ է: Այս առիթով HayNews.am-ը զրուցեց ռեժիսորի հետ:


– Դուք մասնակցել եք նաև «Ոսկե ծիրան» միջազգային 6-րդ փառատոնին 2 տարի առաջ: Ինչպիսի՞ն է «Ոսկե ծիրանը»:

– Ինձ համար կարևոր է այն, որ փառատոնն ամեն դեպքում իրականացվում է, չնայած հասկանալի է, որ մեծ կազմակերպչական աշխատանք է պահանջում և շատ դժվարությունների հանդիպում: Փառատոնը կարևոր է նաև Հայաստանն ու հայկական մշակույթը տարբեր ազգերին ներկայացնելու առումով:
Իմ կարծիքով «Ոսկե ծիրանը» կովկասյան տարածաշրջանում ամենալավ փառատոններից մեկն է ու հույս ունեմ, որ այն ավելի մեծ տարածում կունենա:

– Այս տարի դուք «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրի անդամ եք: Հասցրել եք արդյո՞ք հայ ռեժիսորների ֆիլմեր դիտել և ինչպե՞ս եք գնահատում դրանք:

– Դեռ մի քանի ֆիլմ եմ դիտել և ավելի ճիշտ կլինի, թերևս, որ այս հարցին պատասխանեմ փառատոնի ավարտին: Սակայն ես ցանկանում եմ հասկանալ, թե այժմ ինչի՞ մասին են հայկական ֆիլմերը, արդյո՞քն կարողանում են հայ ռեժիսորները կտրվել անցյալի դեպքերից, արդյոք՞ ցանկանում են Փարաջանովին նմանվել, թե՞ նոր իդեալներ ու նոր գաղափարներ ունեն:

– Դուք 2 տարի առաջ «Ոսկե ծիրան»-ին մասնակցում էիք «Աշուն» ֆիլմով: Այդ ֆիլմում օգտագործել էիք համշենահայերի բարբառը, ինչն ընդդիմության էր արժանացել Թուրքիայում: Այս տարի Ձեր` ժյուրիի անդամ լինելը, որևէ հակազդեցություն չի՞ ստացել:

 Իմ մասնակցության մասին պարզապես փոքր տեղեկատվություն է գնացել մամուլում և դեռևս լուրջ արձագանքներ չկան: Բացի դրանից այս տարի փառատոնին Թուրքիայից մասնակցում է ավելի հանրահայտ ռեժիսոր` Նուրի Բիլգե Ջեյլանը, և, հավանաբար, այս տարի նրա մասնակցույթան մասին ավելի շատ կխոսվի ու կգրվի:
Միևնույն ժամանակ ուզում եմ ասել, որ մի շարք թուրք ռեժիսորներ ևս ցանկություն են հայտնել փառատոնին մասնակցելու, ինչը նշանակում է, որ հետաքրքրություն կա տեսնել Հայաստանը, տեսնել, թե այստեղ ինչպես են մարդիկ ապրում, ռեժիսորներն ինչ ֆիլմեր են նկարահանում:

 – Բացի ժյուրիի անդամ լինելը, Դուք նաև «Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ»-ի անդամ եք: Ինչպե՞ս եք գնահատում այդ նախագիծը: Ի՞նչ կտա այն հայ և թուրք ռեժիսորներին:

 Հաշվի առնելով այն, որ Հայաստանի և Թուրքիայի միջև քաղաքական խնդիրներ կան, ապա շատ դրական է, որ մշակութային ոլորտում մենք կարողանում ենք կապեր ստեղծել, և հնարավոր է, որ այդ կապերը հիմք կհանդիսանան հետագա համագործակությանը մյուս ոլորտներում ևս:
Մյուս կողմից, երբ հայն ու թուրքը հանդիպում են, հայն անպայման հարցնում է Ցեղասպանության մասին և թուրքն այդ հարցից կաշկանդվում ու քաշվում է: Իսկ մշակութային հանդիպումներում, զրույցներն ու քննարկումներում արծարծվում են նաև պատմության հարցերը, ինչի արդյունքում ամեն ինչ ավելի հեշտ ու պարզ է դառնում երկու կողմի համար էլ:


Լիլիթ Բունիաթյան


No comments:

Post a Comment