Թբիլիսիի հայ համայնքի կյանքում հայկական եկեղեցու դերի ու գործունեության, Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակի հստակեցման, դրա արդյունքների մասին HayNews.am-ը զրուցեց Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի հոգևորական Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի հետ:
- Տեր Հայր, Թբիլիսիում քանի՞ հայկական եկեղեցի կա, որ շարունակում է գտնվել վրացական իշխանությունների ենթակայության տակ:
- Այդպիսի եկեղեցիները շատ են, բայց վիճելի եկեղեցիների շարքում են Նորաշենի Ս. Աստվածածին, Մուղնեցոց Ս. Գևորգ, Ս. Նշան, Ս. Մինաս եկեղեցիները: Մենք պահանջում ենք վրացիներից, որպեսզի այդ եկեղեցիները hետ վերադրաձվեն մեր թեմին, քանի որ այժմ դրանք ո´չ մեզ են պատկանում, ո´չ իրենց. եկեղեցիների դռները փակ են, պատարագ չի մատուցվում, ներսում անմխիթր վիճակ է, վերանորոգության լուրջ կարիք կա:
Մանավանդ Ս. Նորաշեն եկեղեցու հարցը քննարկվում է արդեն երկար տարիներ, սակայն խնդիրը շարունակում է առանց լուծման մնակ:
- Ս. Նորաշեն եկեղեցին պարսպապատ է, և պարսպի վրայի վրացական խորհրդանշաններ էլ միանգամից տպավորություն են ստեղծում, թե այն վրացական է, ու չիմացողն էլ չի գուշակի նույնիսկ, որ այդտեղ հայկական եկեղեցի կա:
- Այո, վրացիներն իրենք են պարսպով փակել շուրջ բոլորը: Ս. Նորաշեն եկեղեցուն կից կա նաև հունական եկեղեցի, որտեղ հիմա վրացիներն են պատարագ մատուցում:
- Ս. Նորաշեն եկեղեցում վերանորոգությունն իրականացվե՞լ է: Նախկինում խոսվում էր, որ եկեղեցու շուրջը գտնվող հայկական հազարամյա տապանաքարերը փոխարինվել են վրացական հարյուր տարվա պատմություն ունեցող տապանաքարերով, վիմագրերը ջնջվել են, որմնանկարներից շատերը ևս ոչնչացվել են:
- Եղել է այդպիսի բան, բայց դա արվել է 1990-ականներին, սակայն եկեղեցում ինչ մնացել է, այսօր նույնությամբ պահպանվում է: Վերանորոգություն չեն արել, որմնանկարներից շատերը, նույնիսկ պատշգամբային հատվածներում, շատ լավ պահպանվել են: Չնայած դրան, եկեղեցին վերանորոգության կարիք ունի, և բավականին աշխատանք կա իրականացնելու: Այժմ Թբիլիսիի քաղաքապետարանը նախահաշիվ է կազմում` եկեղեցու վերանորոգման համար:
- Հնարավո՞ր է, որ այս եկեղեցին ևս արժանանա մյուս եկեղեցիների ճակատագրին, որոնք վերանորոգության անվան տակ վրացականացվեցին:
- Եթե տեր չկանգնենք, անպայման այդպես կլինի: Վիրահայոց թեմի հոգևոր առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը շատ հոգատար ու հետևողական է, և մենք հույս ունենք, որ Ս. Նորաշեն եկեղեցին պետք է վերադարձնեն մեզ:
- Վրաստանում Հայ առաքելական եկեղեցու կարգավիճակ ունենալու հարցը խնդիրների լուծումները դյուրացրե՞լ է:
- Ինչ-որ առումով: Կարգավիճակ ստանալոուց հետո Վիրահայոց թեմին կից ստեղծվեց «Հայարտուն» մշակութային կենտրոնը:
Պետք է նշեմ, որ Թբիլիսիի Ս. Էջմիածին եկեղեցին Ս. Նորաշեն Նորաշեն եկեղեցուց ավելի վատ վիճակի մեջ էր, երբ մենք նախաձեռնեցինք այդ եկեղեցու շինարարությունը: Շատերը նույնիսկ հույս չունեին, որ այն հնարավոր է ավարտին հասցնել, բայց, փառք Աստծո, հիմնանորոգվեց: Բացի այդ` կառուցվեց նաև Սրբազան հոր համար կացարան, քահանաների և «Հայարտուն» մշակութային կենտրոնի աշխատակիցների համար աշխատասենյակներ առանձնացվեցին… Եթե այսօր էլ հայկական եկեղեցիները վերադրաձվեն Հայ առաքելական եկեղեցուն, ապա դրանք ևս կվերանորոգվեն:
Այժմ Թբիլիսիում գործող երկու հայկական եկեղեցիները` Ս. Էջմիածինը և Ս. Գևորգը, քաղաքապետարանի կողմից և նրանց միջոցներով լուսավորվել են:
- Ե՞րբ է հիմնադրվել և ի՞նչ գործունեություն է իրականացնում «Հայարտուն» մշակութային կենտրոնը:
- Այս տարի հունիսին, երբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Վեհափառ Հայրապետը Հովապետական և միջեկեղեցական այցով եկավ Թբիլիսի, այստեղ ինչպես կատարեց Ս. Էջմիածին եկեղեցու գլխավոր խորանի օծումը, որը վերանորոգությունից հետո չէր օծվել, այնպես էլ «Հայարտուն» մշակութային կենտրոնի բացումը:
Եթե մինչ այդ փոքր երիտասարդական կենտրոն ունեինք, ուր մի քանի երիտասարդներ էին հավաքվում, քահանաների հետ զրույցներ էին ունենում, ապա այժմ «Հայարտուն» մշակութային կենտրոնի սաների թիվը հասնում է 500-ի: Կենտրոնը 5 խումբ ունի, որտեղ ուսուցանում են հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, աշխարհագրություն, ազգային երգ, ազգային պար, եկեղեցու պատմություն ու կրոն: Ունենք նաև նախակրթարան, որտեղ փոքրիկները տառաճանաչ են դառնում, էթիկայի կանոներ են սովորում, ունենք երիտասարդական խումբ: Այստեղ կազմակերպվում են քահաննաերի հետ հանդիպումներ, քննարկումներ: Բացի այդ` ամեն կիրակի` Պատարագից հետո, կենտրոնում տեղի է ունենում ֆիլմի ցուցադրություն, որը կազմակերպում է կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիրյանի կողմից:
- Քանի որ եկեղեցին զբաղվում է նաև հայերեն տառաճանաչություն սովորեցնելով, կարելի՞ է ենթադրել, որ հայկական համայնքը հայկական դպրոց ունենալու կարիք ունի:
- Այո: Թբիլիսիում մեկ հայկական դպրոց կա` թիվ 104-ը, որը բացարձակապես չի բավարարում հայկական համայնքին: Ինքն էլ` դպրոցն էլ, իր ուսման մակարդակով, հայեցի դաստիարական մակարդակով բավականին զիջում է:
- Որքա՞ն հայեր են ապրում Թբիլիսիում:
- Հստակ տեղեկություններ չունենք, բայց ասում են` շուրջ 85 հազար հայ է բնակվում: Սակայն, հայերի մեծ մասն ուղղակի իր ազգությունը փոխել է, ուղղակի դարձել են վրացիներ: Այսօր, նրանք գնում, մկրտվում են վրաց եկեղեցու մեջ, այցելում են վրացական դպրոցներ: Սրա պատճառն այն չէ, որ մեր եկեղեցին, մեր հոգևորականությունը պասիվ է, հակառակը, մենք բավականին ակտիվ գործունեություն ենք ծավալում` թե´ ազգային, թե´ հոգևոր: Առաջնորդարանի հոգևոր, ազգային գործուեության մեջ` հոգևորականները անշահախնդիր կերպով ծառայում են նաև բերդում: Պարբերաբար այցելություններ են կատարում Թբիլիսիի կալանավայրեր, այցելում ենք հայ բռնավորներին, որոնց թիվը շուրջ 4 հազար է կազմում:
Վրացականացումը երևի ժողովրդի անտարբերությունից է, հիմնականում, պայմանավորված է կենցաղային ու սոցիալական խնդիրներով:
- Շատ էր խոսվում, որ Վիրահայոց թեմը քահանաների կարիք ունի, որ մեծ թվով հայկական համայնք ունեցող Վրաստանում թեմի քահանաների թիվը շատ քիչ է: Այսօր թեմը դարձյա՞լ ունի նույն խնդիրը:
- Հիմա էլ այդպես է, օրինակ Ծալկայի շրջանում մենք հոգևորական չունենք: Այժմ թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը խնդրել է Մայր աթոռին, որպեսոզի հոգևորականներ գործուղեն Վրաստան: Սպասում ենք:
Հ.Գ. – Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի հետ խոսեցինք նաև Թբիլիսիի Հավլաբար հայկական թաղամասում գտնվող վրաց առաջնորդանիստ Ս. Երրորդություն եկեղեցու, այդ եկեղեցու հանդեպ հայերի ունեցած վերաբերմունքի մասին: Վերոնշյալ նյութը կներկայացնենք առանձին հոդվածով:
Լիլիթ Բունիաթյան
No comments:
Post a Comment