«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն այս պահին քննարկվում է Ազգային Ժողովում: Այս առիթով HayNews.am-ը զրուցեց բնապահպան Կարիեն Դանիելյանի հետ:
- Տիկին Դանեիելյան, տեղյակ եք արդյո՞ք ինչ տեսքով է օրինագիծն այժմ քննարկվում, և հանրային քննարկումից հետո կատարված փոփոխությունները բավարարու՞մ են Ձեզ` որպես բնապահպանի:
- Ճիշտն ասած, ես հիմա Երևանում չեմ, տեղյակ եմ, որ առաջարկությունների մի մասն ընդունվել է, բայց հատկապես ի՞նչն է ընդունվել, ցավոք, դեռ չեմ հասցրել ուսումնասիրել: Այդ պատճառով որևէ կարծիք ասել չեմ կարող:
- Ձեր կարծիքով` ինչո՞վ է պայմանավորված այն, որ բնապահպանությանը վնասող նմանատիպ օրինագծերի ու նախաձեռնությունների դեմ բողոքի ալիք բարձրացնում են հիմնականում քաղաքացիական նախաձեռնությունները, որից հետո նոր որևէ փոփոխություններ են գրանցվում:
- Այո', դա այդպես է, և ես ուրախ եմ, որ մենք ունենք բնապահպանների, հատկապես, երիտասարրդների ակտիվ շարժում: Սա շատ ճիշտ է, ու շատ լավ է: Բայց ավելի լավ կլիներ, որ նման նախաձեռնություններն ու այս օրենքը ևս հասարակական լայն քննարկումների ենթարկվեր, որ հապշտապ չլիներ տարբեր առաջարկների ընդունումը:
Ես տեղյակ եմ, որ հանրային քննարկման արդյունքում ինչ-որ հարցեր փոխվել են, և հուսով եմ, որ քիչ թե շատ կոնսենսուսային տարբերակով օրենքը կընդունվի:
- Այնուամենայնիվ, սա խոսում է քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվությա՞ն, թե՞ այն մասին, որ իշխանությունները զիջողականություն ու ըմբռնողականություն են դրսևորում:
- Ե´վ, և´:
- Տիկին Դանիելյան, շատ է խոսվում օրինագծի բացասական կողմերի մասին, սակայն ամենավտանգավորը ո՞ր դրույթն է:
- Նախնական տարբերակում, օրինակ, 5 հազար հեկտար ծավալով անտառը չէր ենթարկվում էկոլոգիական փորձաքննության, եթե այնտեղ գործունեություն էր ծավալվում: Մինչդեռ մենք արդեն դրա դառը փորձը ունենք. օրինակ, մայրաքաղաքում «Օղակաձև այգին» բաժանեցին փոքր-փոքր մասերի, ամբողջը կառուցապատեցին` առանց ենթարկելու էկոլոգիական փորձաքննության: Սա նշանակում է, որ անտառն էլ այդպես կարող էին բաժանել 10, 20 կամ 1000-ավոր փոքր հատվածների, ինչ ասես իրականացնեին` առանց էկոլոգիական փորձաքննության: Նմանատիպ երևույթներ օրենքում կային, որքան ես տեղյակ եմ, ամենավտանգավոր տարբերակները հանվել են օրինագծից:
- Բնապահպանները բարձրաձայնում են հանքարդյունաբերողների կողմից Սևանա լիճը վտանգի ենթարկելու մասին, մինչդեռ, մասնավորապես «GeoProMining Gold» ընկերությունը վստահեցնում է, որ Սոթքի ոսկու հանքավայրում տեղադրված նոր մանրող-ջարդող և տեսակավորող սարքը բնապահպանական տեսանկյունից վտանգ չի ներկայացնում: Այս մասին ի՞նչ կասեք:
- Խնդիրն այն է, որ նրանք հանքանյութը մանրեցնում են: Մենք մի փոքր փորձանմուշ ենք ուղարկել, որպեսզի ուսումնասիրեն, թե որքան է վնասակար ազդեցությունը, սակայն դեռ արդյունքները չենք ստացել:
Չնայած դրան, այս խնդիրը լուրջ ուսումնասիրության կարիք ունի: Օրենքը միանշանակ ասում է, որ չի կարելի իրականացնել տնտեսական գործունեություն` վերամշակում կատարելով, սակայն հարցը բաց է մնում. մենք վերամշակման տակ հասկանում ենք նաև մանրացումը, իսկ իշխանությունները և բիզնեսը հասկանում է, որ մանրացումը դա դեռ վերամշակում չի:
Բացի այդ` հանքում իրականացվող պայթեցումներն արդեն իսկ վտանգում են լիճը, մանրացումն էլ իր հերթին: Մենք ցանկանում ենք ուսումնասիրել նաև, թե հնարավոր է մանրացումը տեղում իրականացնել այնպես, որ չվնասի ջրին, քանի որ եթե հնարավոր չէ, ապա չպետք է թույլ տալ:
Լիլիթ Բունիաթյան
No comments:
Post a Comment