«Մենակ և մերկ» խորագիրը կրող ցուցահանդեսի ժամանակ այսօր Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչություն ֆակուլտետի 4-րդ կուրսի երկու ուսանողներ` Գևորգ Գրիգորյանն ու Արեն Շահնազարյանը, ներկայացրեցին վերջին տարիների իրենց 26 աշխատանքները:
Գևորգի խոսքով, ցուցահանդեսով հանդես գալու գաղափարը շատ արագ է ծագել, ու քանի որ նկարներն իրենց տեսակով ու լուծումներով տարբեր են, բայց ասելիքով նմանություններ են ունեցել, իրենք ընտրել են մի խորագիր, որը կկապի ու կամբողջացնի երկուսի ասելիքն է:
«Ասելով «Մենակ և մերկ» չպետք է միայն ֆիզիկական վիճակ պատկերացնել: Այստեղ կարևորվում են հենց բառերը` իրենց սկզբնական իմաստով»,- HayNews.am-ի հետ զրույցում բացատրեց Գևորգը, ում ի հավելումն Արենը նշեց. «Անվանումն ավելի շատ հոգեվիճակի մասին է, մարդ տեսակի մասին է»:
Արենը հիշեցրեց, որ նախկինում կար մարդ-գաղափարը, որին բոլոր մարդիկ հետևում էին, իսկ այժմ մարդն ուղղակի դարձել է տեսակ, կենդանի, ու հենց աշխարհի զարգացումն է մարդուն տանում է միայնակության:
«Թվում է, թե ամեն ինչ զարգանում է, բայց մարդն ամեն դեպքում մերկ է աշխարհի նկատմամբ: Մեր ցուցահանդեսում բառերը ոչ թե նկարագրող են, այլ հենց իրենց ամբողջ իմաստով են ներկայացվում, իսկ ցուցահանդեսը ներկայացնում է այդ ընթացքը` մարդ-գաղափարից, դեպի մարդ-կենդանի: Մարդ-գաղափարը հենց ներդաշնակության մեջ է, մարդը պետք է բնության հետ ներդաշնակ լինի, իսկ հիմա մարդն ինչ է, ծառերը կտրել, ասֆալտ են անում, բուտկա են դնում, որ մի սիգարետ ծախեն, բայց մարդը դեպի բնությունը պետք է գնա, ու եթե կտրվել է, ուրեմն ինքը հիվանդացել է, կամ երկրագունդն է հիվանդացել մարդով»,- մանրամասնեց Արենը:
Երիտասարդ նկարչի կարծիքով պետք չէ բացասաբար վերաբերել զարգացումներին, մարդու տեսակի աղավաղմանը, քանի որ «ամեն ինչ ունի սկիզբ և վերջ, ու այդ բնական զարգացմանը խոչընդոտելն անիմաստ է»: Արենը նշեց, որ հետևում է այն ամենին ինչ կատարվում է շուրջը` քաղաքում, երկրում, նույնիսկ աշխարհում, բայց «արվեստագետը շատ հաճախ այնքան է տարվում իր մտքերով, ամեն ինչ այնքան խորն ու գլոբալ է ընկալում, այնքան մեծ խնդիրներ ու անելիքներ ունի, որ շատ հաճախ պարզապես անտարբերության է մատնում կատարվող իրադարձությունները»: Ըստ նրա` պայքարողները պետք է պայքարեն, իսկ արվեստագետը պետք է իր գործն անի, իր գործով պետք է աշխարհին իր ասելիքը թողնի:
Երիտասարդ նկարիչների համար ցուցահանդեսները ինչ-որ բան չեն տալիս ու ինչ-որ բան էլ չեն վերցնում. սա պարզապես առիթ է իրենց աշխատանքը ընկերներին ու մյուս նկարիչներին ներկայացնելու համար: Նրանք ցավով հայտնեցին, որ շատ հաճախ նկարչի աշխատանքները դիտում են միայն նկարիչները, իսկ լայն հասարակությունը դրանց անհաղորդ է մնում: Տղաները նշեցին նաև, որ չի կարելի նկարչի աշխատանքները քննադատել միայն գույներին նայելով:
«Ո՞վ է որոշել, որ Հայաստանը ծիրանագույն է, նկարչության մեջ այդպիսի հասկացողություն չկա, գույնը որոշիչ չէ: Սա մի փուլ է, մի ընթացք է, գույների տվյալ ընտրություն է, որը կարող է փոխվել, կարող է անցնել, ու գույնը բնորոշիչ դարձնելը կարծում եմ սխալ էե,- նշեց Գևորգն ու հավելեց. «Մեր նկարներում հողից ու ցեխից մարդն է ներկայացվածե, իսկ Արենը լրացրեց. «Մարդիկ են էլիե:
Տեղեկացնենք, որ «Մենակ և մերկե ցուցահանդեսը բացվել է «Ալբերտ և Թովե Բոյաջյանե ցուցասրահում (Իսահակյան 36), գործելու է մինչև փետրվարի 28-ը: Մուտքն ազատ է:
Լիլիթ Բունիաթյան
No comments:
Post a Comment