«Իսկ ո՞վ կողմ չի, ես կզարմանամ, որ մեկը կողմ չլինի: Այգիները վերացնում են, կողմ չլինել, որ չվերացնեն: Պետք է բոլորս ասենք, որ չի կարելի նման բան անել»,- HayNews.am-ի հետ զրույցում հայտնեց երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանը, ով ևս միացել է Մաշտոցի պողոտային հարող այգու պահպանման համար պայքարող բնապահպան-ակտիվիստներին:
Հիշեցնենք, որ Աբովյան պողոտայից ապամոնտաժված կրպակները այժմ ցանկանում են տեղադրել Մաշտոցի պողոտային հարող այգում, ինչն էլ բնապահպանների դժգոհությունն է առաջացրել: Բնապահպանները պայքարում են ընթացող շինարարական աշխատանքների դեմ, և պահանջում են Երևանի քաղաքապետարանից դադարեցնել աշխատանքները, ու «բուծիկները այլ վայրերում բուծել»:
Ակտիվիստներին կհաջողվի արդյոք դրական արդյունք գրանցել, մեր հարցին ի պատասխան Իսպիրյանը հայտնեց, որ ինքը մեծ հույսեր ունի, որ այս աղմուկը կհասնի ամենաբարձր կառույցներին` վարչապետին, նախագահին, ու հավելեց. «Ինձ թվում է, նրանք ևս համաձայն են մեզ հետ, մեզ նման են մտածում, որովհետև մենք վատ բան չենք ասում, մենք ճիշտ բան ենք ասում: Ապացուցելու բան չկա, տարածքը պետք է կանաչ մնա ու վերջ, կանաչ տարածք վերացնել չի կարելի, սա ամբողջ աշխարհում գրված օրենք է, և սա բոլորն էլ գիտեն»:
Իսպիրյանի համար հասկանալի է նաև կրպակների սեփականատերերի պահանջը, քանի որ նրանք ևս արդար փոխհատուցում են ակնկալում. «Եթե Կենտրոնից հանել են իրենց կրպակները, Կենտրոնում թող տեղ տան, ոչ թե չգիտեմ, թե որտեղ: Բայց այդ ամենը չպետք է արվի այգու հաշվին, այդ հարցը ուրիշ լուծում կարող է ունենալ»: Իսպիրյանի խոսքով, Երևանի քաղաքապետարանը կրպակատերերին կարող է տարածքներ տրամադրել նորակառույց բարձրահարկ շենքերի առաջին հարկերում, մեկ այլ վայրում, բայց ոչ այգու հաշվին:
«Այն, որ նրանք ասում են, թե ոչ մի ծառ չի կտրվելու, սուտ են ասում, երբ որ այդտեղ կրպակ դրվեց, հաստատ դրանց դիմաց սրճարաններ ու հովանոցներ են հայտնվելու, տարածքը դառնալու է չարչիանոց` բառիս բուն իմաստով, իսկ ես չէի ուզենա, որ մեր գեղեցիկ քաղաքի այդ մասը դառնար չարչիանոց»,- ընդգծեց Իսպիրյանն ու հիշեցրեց, որ նման ճակատագրի արժանացավ Ժամանակակից արվեստի թանգարանի այգին, որտեղ «ցայտաղբյուրների, լողավազանի ու արձանի փոխարեն կրպակներ դրեցին, տարածքը դարձրեցին չարչիանոց, ու բոլորի աչքը սովորեց, ու մարդիկ կարծեցին, որ այդպես էլ պետք է լինիե:
Միևնույն ժամանակ երգիչը գովելի է համարում, որ 18-20 տարեկան ակտիվիստները հնարավորություն ունեն իրենց ձայնը բարձրացնելու ու կարծիք հայտնելու, ինչը խոսում է ներկայիս իշխանությունների օրոք ժողովրդավարության ամրապնդման ու առավել ակնհայտ դրսևորվելու մասին: Երգիչը պատասխանեց ակտիվիստների հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե ինչու՞ մինչ այդ չէին պահանջում բարեկարգել այգին, նշելով` «իրենք սպասում էին, որ բարձրահարկ շենքերի կառուցումից հետո կսկսվեն այգու բարեկարգման աշխատանքները»:
«Խնդրում եմ, աղաչում եմ, հանուն մեր երեխաների առողջության, հանուն ծննդատանը ծնվող երեխաների առողջության, հանուն իրենց երեխաների առողջության, հանուն մեր քաղաքի ճարտարապետական տեսքի կրպակները չկառուցել: Ես շատ հարգում եմ այդ կրպակների տերերին, որ այդքան ջանք ու գումար են ներդրել, հարգում են իրենց աշխատանքը, բայց չի կարելի այգում տեղադրել»,- ընդգծեց Իսպիրյանն ու ամփոփելով` հավելեց. «Ասում են, մի քանի ծառ է, կկտրենք, հետո կկանաչի, սուտ է, նման բան լինել չի կարող, թող գնան գիրք կարդան»:
Լիլիթ Բունիաթյան
HayNews.am
No comments:
Post a Comment