23 March 2012

Բաքվի ջարդերը պետք է դարձնենք քաղաքական գործոն բանակցային գործընթացում

Անտիպ...
Արդեն 22 տարի է անցել Բաքվում ադրբեջանիցների կողմից իրականացված հայերի ջարդերի օրերից: 1990 թ-ի հուվարի 13-19-ին տեղի ունեած վայրագությունների ու բարբարոսների ականատեսները մինչ օրս չեն կարողանում իրենց հիշողությունից ջնջել կատարվածը, Բաքվի կոտորածներից մազապուրծ փրկվածները մինչ օրս չեն վերգտել խաղաղ, ապահով ու անվախ ապրելու բանաձևը, իսկ կատարվածի մեղավորները շարունակում են անպատիժ մնալ:
 Ի՞նչ է արվել այս 22 տարիների ընթացքում: Ինչպիսի՞ ձեռքբերումներ և բացթողումներ ունենք Բաքվի հայերի ջարդերը ներկայացնելու, դրանց քաղաքական ու իրավական գնահատական տալու առումով, ի՞նչ պետք է արվի, որպեսզի մեղավորները արժանի պատիժ ստանան:

Ադրբեջանի տարբեր շրջաններում տեղի ունեցած հայերի ջարդերի վերաբերյալ լրագրող Մարինե Գրիգորյանը իր հավաքած փաստերն ու փաստաթղթերը ավելի քան երեք տարի է ՀՀ նախագահին կից Տեղեկատվության ու հասարակայանության հետ կապերի ՊՈԱԿ-ի հետ համատեղ ամփոփում է «Սովորական Ցեղասպանություն» ֆիլմաշարում` մաս առ մաս ներկայացնելով Սումգայիթում, Մարաղայում, Բաքվում, ինչպես նաև Օղակ գործողության հետևանքով Ադրբեջանի տասնյակ գյուղերում հայերի նկատմամբ իրականացված վայրագությունները, հայերի կրած զրկանքներն ու կորուստները: Ի՞նչ է արվում տեղեկատվական քարոզչության մակարդակում, ի՞նչ ձեռքբերումներ ու բացթողումներ ունենք, ինչպե՞ս են ներկայացվում Ադրբեջանում հայերի ջարդերը մեզանում. այս և այլ հարցերի շուրջ HayNews.am-ը զրուցեց Մարինե Գրիգորյանի հետ:

Բաքվի, և առհասարակ Ադրբեջանում հայերի ջարդերի մասին մեզանում կարծես ակտիվորեն սկսել են խոսել վերջին տարիներին: Ի՞նչ է արվում բացը լրացնելու համար:

Եթե խոսենք տարբերության մասին, պետք է ասենք, որ մինչև 2008-2009 թթ-ները Հայաստանն ուղղակի լռում էր այս դեպքերի մասին, մինչդեռ Ադրբեջանը բղավում էր իր սուտը: Հայաստանի կողմից այդ տարիներին որևէ ակնարկ Սումգաիթի, Բաքվի, Մարաղայի կամ Օղակ գործողության մասին չի եղել պետական մակարդակով. առանձին մարդիկ իրենց սեփական ջանքերի ու ինտուիազմի շնորհիվ ինչ-որ բաներ անում էին, բայց պետականորեն քարոզում` ուղղակի չկար: Եվ մենք տեսանք, թե մինչև 2008 թ-ը տարվող այդ քաղաքականությունը ինչի բերեց. լրիվ խեղաթյուրված, լրիվ մոռացված հայերի ցեղասպանության դեպքերը Ադրբեջանում: 2008-2009 թթ-ին նոր մենք սկսեցինք ինչ-որ բան անել. պետական մակարդակով ստեղծվեց ՀՀ նախագահի աշխատակազմին կից Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության կենտրոնը, սկսեցինք աշխատել: Իհարկե քարոզչության ու տեղեկատվության տեսակետից տարբերությունը շատ մեծ է` պրոգրես կա: Հիմա Հայաստանը համարժեք պատասխան տալիս է Ադրբեջանի լրատվական քարոզչությանը, տարբեր նախագծեր են իրականացվում, գրքեր են հրատարակվում, համացանցում շատ լուրջ աշխատանք է տարվում: Մենք նկարահանեցիք «Սովորական Ցեղասպանություն» խորագիրը կրող 3 վավերագրական ֆիլմ` Սումգաիթի, Մարաղայի և Բաքվի ջարդերի մասին, չորրորդ ֆիլմը` Օղակ գործողության մասին պատրաստ կլինի առաջիկայում: 

Ի՞նչ է արվում ձեռքբերված նյութերը տարածելու, առավել լայն շերտերի հասանելի դարձնելու առումով, և ի՞նչ անելիքներ կան:

Այս ֆիլմերը թարգմանվել են 4-5 լեզուներով, որոնք փորձում ենք տարածել: Կարծում եմ խնդիրը տարածման մեջ է: Եթե խոսեմ մեր ֆիլմերից, ապա մենք պետք է ավելի լայն ընդգրկենք մեր Սփյուռքի հնարավորությունները, ես ակնկալում եմ ՀՀ արտգործնախարարության աջակցությունը, որն անհամեմատ ավելի լայն հնարավորություն ունի ստեղծված նյութերը տարածելու, կապեր հաստատելու Սփյուռքի կառույցների հետ: Հուսով եմ, որ ժամանակի ընթացքում այս խնդիրներն էլ կլուծվեն:
Այժմ տարվում են նոր կայք է ստեղծելու աշխատանքներ: Կայքը կոչվելու է «Karabaxrecords», այստեղ տեղադրված կլինեն 1988-1992 թթ-ին Ադրբեջանում տեղի ունեցած հայերի ցեղասպանության ակտերի մասին մեր հավաքած բոլոր փաստագրական նյութերը` թե’ փաստաթղթեր, թե’ տեսագրություններ, թե’ վկայություններ և այլն` միայն փաստագրական նյութեր` առանց մեկնաբանության:

Ասացիք, որ շուտով հասարակության կներկայացվի «Սովորական Ցեղասպանություն» շարքի չորրոդ ֆիլմը: Կխոսե՞ք այդ մասին:

Ֆիլմը պատրաստ կլինի առաջիկա 10 օրերի ընթացքում: Ծավալուն աշխատանք է իրականացվել, այն  ներկայացնում է «Օղակ գործողությունը», որի մասին, ցավոք սրտի, նույնիսկ Հայաստանում քչերը գիտեն: Այն Արցախի 27 գյուղերի բնակիչների բռնի տեղահանման մասին է, որն իրականավել է 1991 թ-ի գարնան ու ամռանը: Սրանք դաժան դեպքեր են, որի ժամանակ մարդիկ են զոհվել, տանջահարվել, շատ շատ փախստականներ ու պանտանդներ ենք ունեցել, մինչ օրս շատերի ճակատագիրն անհայտ է: Ի դեպ, այս գործողությունները, ոչ միայն Արցախում են ծավալվել, այլև Հայաստանի սահմանամերձ շրջաններում` Նոյեմբերյանում, Տավուշում, Գորիսում, Ոսկեպարում են տեղի ունեցել աննախադեպ դեպքեր1991 թ-ի մայիսի 5-ին, երբ հարձակում են գործել Ոստիկանության ջոկատի վրա, 14 հոգի զոհվել են, 20-ը պատանդ տարվել, որոնք վերադարձվել են լրիվ տանջահար վիճակով: Այս դեպքերի մասին Հայաստանում շատ քչերը գիտեն, և մենք հուսով ենք, որ, ամենայն հավանականությամբ, փետրվարի սկզբին արդեն ցուցադրության դրված այս ֆիլմը, կտեղակացնի այդ մասին նախ մեր, ապա միջազգային հանրությանը:

Եթե վերադառնանք Բաքվի հայերի ջարդերին, ապա պետք է փաստենք, որ շատ քչերն են փոխհատուցում ստանալու համար դիմել Եվրոպայի Մարդու իրավունքների դատարան` ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության հայտ ներկայացնելով: Տեղյակ եք արդյո՞ք այս գործընթացը ներկայումս շարունակություն գտնու՞մ է:

Այս հարցն իհարկե քաղաքականացվում է, որովհետև որքան մենք ենք հայց ուղարկում, այնքան էլ Ադրբեջանի կողմից է ուղղարկվում Եվրոպայի Մարդու իրավունքների պաշտպանության դատարան: Գիտենք, որ վերջերս փախստականների խնդրով առաջին երկու հայցերը քննարկվեցին Եվրադատարանում` մեկը Հայաստանից, մյուսը` Ադրբեջանից: Եվրադատարանն այսպիսով փորձում է ինչ-որ բալանս պահպանել ու փորձում է չքաղաքականացնել հարցը, չնայած դրան, կարծում եմ, որ այս գործերի քննարկումից և լուծում տալուց հետո, դրանք կդառնան նախադեպային:
Կարծում եմ, որ թեկուզ Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների միջոցներով մեր փախստականներն առավել ակտիվ կերպով պետք է դիմեն Եվրադատարան` անկախ նրանից, այդ հայցերը ընդունվե՞ն, թե՞ ոչ: Այդ զուտ քաղաքական և քարոզչական քայլ է. մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքները, փախստականները պետք է պաշտպանեն իրենց տնտեսական իրավունքները: Ինչ խոսք, փախստականների քաղաքական իրավունքները պետք է պաշտպանի Հայաստանի Հանրապետությունը:

Բաքվի հայերի ջարդերին մինչ օրս միջազգային կառույցների կողմից չի տրվել իրավական գնահատական: Այս առումով ի՞նչ-որ քայլեր ձեռնարկվել են և այսօր հնարավո՞ր է ինչ-որ բան անել:

Միջազգային դատական ատյաններից շատերը շատ մեծ սահմանափակումներ ունեն: Օրինակ, Հաագայի միջազգային դատարանը քննում է 2002 թ-ից հետո տեղի ունեցած դեպքերը: Սակայն մենք կարող ենք դիմել, օրինակ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտե: Ավելին` ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի ղեկավարած «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը 1997 թ-ին նյութեր էր հավաքել` Մարաղայի դեպքերի ականատեսների վկայությունները, կազմել էր համապատասխան գործ և ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով, որը գործն ընդունել էր և խնդրել էր ավելի շատ մանրամասներ ուղարկել: Մինչդեռ 1997 թ-ին Հայաստանի Կառավարությունը որևէ աջակցություն չցուցաբերեց, և փաստորեն, այդ գործը կորավ գնաց: Ուզում եմ ասել, որ եթե նույնիսկ մենք չկարողանանք հասնել իրավական գանհատականի` դատական մակարդակով, ապա բարոյական մակարդակով, թեկուզ նույն ՄԱԿ-ի Մարդու իրավուքնների պաշտպանության հանձնաժողովի մակարդակով, ինչ-որ բանի կկարողանանք հասնել:
Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք պետք է այս դեպքերը դարձնենք քաղաքական գործոն բանակցային գործընթացում` որպես ապացույց այն բանի, որ Ղարաբաղը երբեք չի կարող դառնալ Ադրբեջանի մաս: Եթե միջազգային կառույցները դա են ցանկանում, ապա ի՞նչ է, ուզում են Ղարաբաղի սաֆարիզացիա՞ , իրենք որտեղի՞ց գիտեն, թե ադրբեջանցիների ո՞ր տոկոսն են ռամիլսաֆարովներ, հատկապես, եթե նրան հերոս են դարձրել և իրենց երեխաներին այդպես են դաստիարակում:

Կա՞ հույս, որ վերջին տարիներին պետական աջակցությամբ տարվող տեղեկատվական քարոզչությունը տանում է հենց դրան, որպեսզի Ադրբեջանում տողի ունեցած հայերի ջարդերը, հայ փախստականների խնդիրը ևս դրվի բանակցային սեղանին:

Ես շատ թույլ տեղաշարժեր եմ նկատում մեր դիվանագիտության մակարդակով: Ինչ-որ քայլեր արվում են, մեր դիվանագետները վերջերս հայտարարում են, որ, օրինակ, Շահումյանը, Մարտակերտի մի մասը գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ: Սրանք, իհարկե, դրական հայտարարություններ են, հատկապես եթե հիշենք, որ այս շրջանները օկուպացվել են հենց Օղակ գործողության ժամանակ: Սակայն ես կարծում եմ, որ ավելի ակտիվ պետք է լինենք:

Ինչո՞վ է պայմանավորված մեր պասիվությունը:

Այս հարցը ինձ հաճախ են տալիս: Ես կարծում եմ, որ սա մի քաղաքականություն է, որը մենք որդեգրել ենք դեռ 1992-1993 թթ-ին, երբ Հայաստանի արտգործնախարարության ու արտաքին քարոզչության առաջին դեմքն էր Ժիրայր Լիպարիտյանը. սա նրա դրած հիքերի հետևանքն է, սա դրսից պարտադրված քաղաքականություն էր, որ Հայաստանն ուղղակի լռի: Չնայած ես ուզում եմ հավատալ, որ ակտիվությունը կհաղթի և մեր արտգործնախարարությունն այս հարցերը շատ լուրջ կերպով կդնի բանակցային սեղանին, որովհետև մենք ունենք բոլոր փաստերը` փաստաթղթեր, տեսանյութեր, ականատեսների վկայություններ, միջազգային կազմակերոպթյունների դիտորդների վկայություններ ու գնահատականներ: Մեր ունեցած փաստերի նույնիսկ 1 տոկոսին Ադրբեջանը չի տիրապետում, եթե նրանք ունենային ինչ-որ փաստագրային նյութ, նրանք գիտե՞ք ինչ կանեին` շուտվանից Ղարաբաղը վերադարձրել էին իրենց: Ցավոք սրտի, մենք մինչ օրս մեր ունեցած ռեսուրսը չենք օգտագործել, և ես կարծում եմ, որ մեր արտաքին գործերի նախարարությունը, պետք է ակտիվություն դրսևորի, քանի որ իրենց դերակատարությունը, որպես պատասխանատու մարմնի, շատ ավելի մեծ է:


Լիլիթ Բունիաթյան



No comments:

Post a Comment