23 March 2012

Ադրբեջանահայ փախստականների բնակարանային խնդիրը լուծելու համար պետք է 40 միլիոն դոլար

Հոդվածը հրապարակվել է 2012 թ-ի հունվարի 19-ին HayNews.am լրատվական կայքում
Արդեն 22 տարի է անցել Բաքվում ադրբեջանիցների կողմից իրականացված հայերի ջարդերի օրերից: 1990 թ-ի հուվարի 13-19-ին տեղի ունեած վայրագությունների ու բարբարոսների ականատեսները մինչ օրս չեն կարողանում իրենց հիշողությունից ջնջել կատարվածը, Բաքվի կոտորածներից մազապուրծ փրկվածները մինչ օրս չեն վերգտել խաղաղ, ապահով ու անվախ ապրելու բանաձևը, իսկ կատարվածի մեղավորները շարունակում են անպատիժ մնալ:
Ի՞նչ է արվել այս 22 տարիների ընթացքում: Ինչպիսի՞ ձեռքբերումներ և բացթողումներ ունենք Բաքվի հայերի ջարդերը ներկայացնելու, դրանց քաղաքական ու իրավական գնահատական տալու առումով, ի՞նչ պետք է արվի, որպեսզի մեղավորները արժանի պատիժ ստանան: Այս և այլ հարցերի շուրջ HayNews.am-ը հարցազրույցների շարք է անցկացնում Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ, այն մարդկանց հետ, ովքեր իրենց գործունեությամբ նպաստում են, որպեսզի Բաքվի դեպքերը մոռացության չմատնվեն:

Չլուծված ու արդիական խնդիրների շարքում են շարունակում մնալ Բաքվից Հայաստան բռնագաղթվածների սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մշակութային ու սոցիալ-տնտեսական հարցերը: Հազարավոր փասխտականներ առ այսօր ապրում են ծանր սոցիալական պայմաններում ու մեկուսացած հայ հասարակությունից: Ի՞նչ է արվել հայ փախստականներին Հայաստանի լիարժեք անդամ դարձնելու, նրանց սոցիալ-տնտեսական վիճակը մեղմելու ուղղությամբ, ի՞նչ անելիքներ ու բացթողումներ կան հարցերի շուրջ HayNews.am-ը զրուցեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հետ:

- Պարոն Եգանյան, անցել է 22 տարի, սակայն Բաքվից բռնագաղթվածների խնդիրները շարունակում են արդիական մնալ: Ի՞նչ է արվել այս տարիներ ընթացքում:

- Չնայած այս տարիների ընթացքում որոշակի քայլեր արվել են, սակայն դեռ շատ անելիքներ կան, որպեսզի խնդիրը վերջնականապես լուծվի: Նախ մինչև Բաքվի ջարդերը, մենք արդեն Ադրբեջանից հայ փախստականներ ունեինք. Սումգաիթյան գարդերի ընթացքում էլ տասնյակ հազարավոր հայեր Հայաստան եկան, իսկ հիմնական հոսքը` 1990 թ-ի հունվարյան ջարդերից հետո բռնագաղթվածներն են: Ընդհանուր առմամբ 1990-ականներին Ադրբեջանից Հայաստան են եկել 361 հազար հայ փախստականներ, որոնցից 220 հազարը միայն Բաքվից, ովքեր ժամանակի հասարակության սերուցքն էին ներկայացնում` հիմնականում մտավոր ոլորտի մշակներ էին` կրթության, գիտության, արհեստների մասնագետներ էին, ապրում էին ավելի լավ բնակարանային պայմաններում, և մեկ շաբաթվա ընթացքում, իրենց կյանքը փրկելու համար, բռնագաղթի ճանապարհը բռնեցին` թողնելով 5 և ավելի սերունդներով իրենց վաստակածն ու ունեցածը, շատերը նույնիսկ եկան Հայաստան տնային հագուստներով ու հողաթափերով:
Խնդիրները կարելի է բաժանել մի քանի խմբերի, դրանց մի մասը տարիներով ու պետական հոգածությամբ պայմանավորված լուծվել է, մյուս մասը շարունակում է չլուծված մնալ: Եթե խմբավորենք այդ խնդիրները, ապա առաջին խումբը լեզվամշակութային խնդիրներն էին. փախստականների հիմնական մասը քաղաքաբնակներ էին, ու քանի որ ապրում էին ինտերնացիոնալ Բաքվում և խոսում էին ռուսերեն, հայկական ծեսերին ու ավանդույթներին այնքան էլ լավ չէին տիրապետում: Կար սոցիալ-հոգեբանական խնդիր, որն ամենասուրն էր արտահայտված. նրանք ծանր զրկանքներ էին կրել բռնագաղթի ժամանակ, ունեին մարդկային մեծ կորուստներ, որով պայմանավորված պետք էր նրանց հանդեպ հատուկ վերաբերմունք ցուցաբերվեր, որպեսզի կրած հոգսերը թեթևացվեր: Խնդիրների մյուս խումբը` իրավաքաղական խնդիրներն էին, այսինքն` ո՞րն է նրանց տեղն ու դերը հայ հասարակության մեջ, ինչպիսի՞ իրավունքներ ու պարտականություններ ունեին, ինչպիսի կարգավիճակ ունեին, որոք էին այդ իրավունքներն իրացնելու երաշխիքները: Մյուս խնդիրների խումբը` սոցիալ-տնտեսականն էր, քանի որ շատերը մազապուրծ փրկվածներ էին:
Պետք է ֆիքսենք նաև այն, որ այդ տարիներին փախստականների հոսքն այնքան մեծ էր, որ Հանրապետության բնակչության 12 տոկոսը կազմում էին փախստականները: Սա հսկայական թիվ է ընդունող հասարակության համար` մանավանդ հաշվի առնելով նրանց սոցիալ-տնտեսական ծանր վիճակը: Բայց այդ ժամանակ հանրության մեջ տիրում էր զգացական պատրաստակամության մթնոլորտ` ամեն մեկը ցանկանում էր օգնել, և երևի թե այդ մթնոլորտով էր պայմանավորված, որ այդ տարիներին հնարավոր եղավ նրանց անհետաձգելի խնդիրները լուծել` ծածկով ապահովել, որի համար տրամադրվեցին եղած բոլոր ռեսուրսները` հյուրանոցները, հանրակացարանները, նույնիսկ գործարանների ադմինիստրատիվ կորպուսները, դպրոցական շենքերը: Շատերը փախստականներին համարելով իրենց քույրեր ու եղբայրներ, ընդունեցին իրենց բնակարաններ:

- Հիմա անդրադառնանք, թե այս խնդիրներից յուրաքանչյուրի խմբի լուծման համար ի՞նչ արվել:

- Լեզվամշակութային խնդիրը, հաղորդակցության խնդիրը տարիների ընթացքում վերացավ. մնացել է միայն ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ, որոնք իրար մեջ շարունակում են հաղորդակցվել ռուսերոնով: Իրավաքաղաքական խնդիրը հիմնականում լուծվեց «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ, որով սահմանվեց նրանց դերը, իրավունքներն ու պարտականություններն օրենքի մակադակով: Սոցիալ-հոգեբանական խնդիրի առումով` իհարկե, նրանց կրած զրկանքները ծանր էին, բայց այն ինչ-որ չափով մեղմեց հայ հասարակության զգացական, պատրաստակամ միջավայրը: Հիմնական խնդիրը, որը մինչև այօր մնացել է` սոցիալ-տնտեսականն է: Սա արտահայտվում է նրանով, որ գործազրկության մակարդակը փախստականների շրջանում շատ ավելի բարձր է, ընտանիքի հաշվով եկամտի ստացման մակարդակն ավելի ցածր է, հանրային ծառայություններից օգտվելու մակարդակը ևս նրանց շրջանում ավելի ցածր է: Սա այսօրվա գոյություն ունեցող իրավիճակն է, չնայած, որ օրենսդրական մակարդակով` նրանք ունեն նույն իրավունքները, ինչ-որ ՀՀ քաղաքացիները` բացառությամբ քաղաքացիական իրավունքները: Այս ամենին իր հերթին նպաստել է սոցիալական կապերի պակասը, պատկերավոր ասած` սոցիալական կապիտալը, որն օգնում է այս կամ այն ծրագրերի մասին տեղեկանալու, համապատասխան փաստաթղթեր հավաքելու համար և այլն:

Սոցիալ-տնտեսական խնդիրների շարքում շարունակում է արդիական մնալ բնակարանային հարցը:

Եթե մնացած բոլոր խնդիրները պետությունը լուծեց օրենսդրական մակարդակում, ապա այս խնդիրն առանձնահատուկ ուշադրության արժանացավ, որովհետև չնայած Հայաստանում էլ կային տարբեր պատճառներով բնակարաններից զրկված ընտանիքներ, սակայն հարցին մոտացան այլ տեսանկյունից. ընդհանուր ծրագրերի շրջանակներում իրենց բնակարանային խնդիրը դժվար կլիներ լուծել, քանի որ փախստականների շրջանում անապահովության տեսակարար կշիռն ավելի մեծ էր, քան տեղաբնակներինը, և նրանց տնավեր դառնալու պատճառն ուրիշ էր: Այս նպատակով 2004 թ-ին Կառավարությունը ծրագիր հաստատեց առավել կարիքավոր փախստականներին բնակարանով ապահովելու մասին, և մինչև 2009 թ-ը ներառյալ յուրաքանչյուր տարի Կառավարությունը միջին հաշվով 3-4 միլիոն դոլարին համարժեք գումար էր հատկացնում ծրագրի իրականացման համար:

Քանի՞ ընտանիք է բնակարան ստացել և քանի՞ ընտանիք է դեռևս առանց բնակարանի:

Այն ժամանակ 3370 ընտանիք էր հաշվառված առավել կարիքավոր փախստականներին բնակարանով ապահովելու ծրագրում, և Կառավարության տվյալներով` շուրջ 1100 ընտանիք ապահովվել է բնակարանների գնման վկայագրերով, որոնցով հնարավոր էր ձեռք բերել բնակարաններ:
Այսօր դեռևս 1175 ընտանիքներ այս ծրագրով հաշվառված են, և նրանց խնդիրը լուծելու համար դեռևս պահանջվում է շուրջ 40 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ:

Պարոն Եգանյան, շատ փախստականներ առ այսօր շարունակում են ագործ մնալ, ու շատ հաճախ, ինչպես նշեցիք, դա պայմանավորված է սոցիալական կապերի բացակայությամբ, համապատասխան տեղեկատվությանը չտիրապետելու հանգամանքով: Արդո՞ք այս ուղղությամբ ինչ-որ քայլեր ձեռնարկվում են պետական մակարդակով:

Անցած տարեվերջին Կառավարությունն ընդունեց միգրացիոն քաղաքականության իրականացման գործողությունների ազգային ծրագիրը` 5 տարվա համար14 ուղղություններով 147 գործողություն: Այդ ուղղություններից մեկը հենց վերաբերում է փախստականներին, որտեղ նաև նշված է, որ պետական և սոցիալական այլ ծրագրերով քննարկումներ պետք է ծավալել, որպեսզի կարողանանք զատորոշել փախստականությանը` որպես խումբ, խավ, և այդ քննարկումների հիման վրա առաջարկություններ ներկայացնել: Այս տարվանից այդ քննարկումմները պետք է սկսվեն ծավալվել:

Պետությունն ինչ-որ կերպ միջամտում է, որպեսզի Բաքվից մազապուրծ փախծները, իրենց ունեցվածքը կորցրածները փոխհատուցում ստանան:

Սրանց դեռևս 3-4 տարի առաջ օգնել ենք և շուրջ 700 հայցեր ենք պատրաստել, որպեսզի անհատ ընտանիքը դիմի Եվրոպայի Մարդու իրավունքների դատարան` ընդդեմ Ադրբեջանի` ունեցվածի փոխհատուցման համար: Գիտենք, որ հիմա գործերը քննության փուլում են, կսպասենք, կտեսնենք, թե ինչպիսի վճիռ կկայացնի Եվրոպական դատարանը, եթե դրական, ապա կօգնենք, որ մյուս ընտանիքներն էլ նմանօրինակ հայցեր պատրաստեն:



Թեմայի մասին կարդացեք նաև «Ադրբեջանն ավելի եռանդուն կերպով է շարունակում Ցեղասպանությունը. Ալավերդյան»


Լիլիթ Բունիաթյան


No comments:

Post a Comment