Լուսանկարը` Լիլիան Գալստյանի |
Ի՞նչ է արվել այս 22 տարիների ընթացքում: Ինչպիսի՞ ձեռքբերումներ և բացթողումներ ունենք Բաքվի հայերի ջարդերը ներկայացնելու, դրանց քաղաքական ու իրավական գնահատական տալու առումով, ի՞նչ պետք է արվի, որպեսզի մեղավորները արժանի պատիժ ստանան: Այս և այլ հարցերի շուրջ HayNews.am-ը հարցազրույցների շարք է անցկացնում Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների հետ, այն մարդկանց հետ, ովքեր իրենց գործունեությամբ նպաստում են, որպեսզի Բաքվի դեպքերը մոռացության չմատնվեն:
Բաքվի ջարդերի իրավական ու քաղաքական գնահատականների, ինչպես նաև Հայաստանի պահանջատիրության ու իրականացվելիք քայլերի քաղաքականության մասին զրուցեցինք ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանի հետ:
- Տիկին Ալավերդյան, Բաքվի հայերի ջարդերից անցել է ավելի քան երկու տասնամյակ: Ի՞նչ է արվել այս տարիների ընթացքում` ջարդերի քաղաքական և իրավական գնահատականը ձևակերպելու առումով:
- Նախ պետք է նշենք, որ Բաքվի հայերի ջարդերից անցել է ոչ թե 22 տարի, այլ` 24 տարի: Հարցն այն է, որ Բաքվի ջարդերը սկսվել են 1988 թ-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներից, հետո եղել է դադար, ապա կրկնվել է 1989 թ-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, և հետագայում արդեն վերջին 3-րդ փուլն է, որ տեղի է ունեցել 1990 թ-ի հունվարին: Շատ կարևոր է, և մենք հասկանանք, որ սա ոչ թե պատահական գործողություններ էին, այլ հետևողական քաղաքականության արդյունք: Այս առումով, առաջին հերթին մենք պետք է վերջապես իմաստավորենք և վերաիմաստավորենք այն ամենը, ինչ տեղի է ունեցել այն տարիների ընթացքում: Մինչդեռ, ցավոք սրտի, այսօր, երբ անդրադառնում ենք Բաքվի ջարդերին, մենք խոսում ենք միայն մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցածի մասին:
Երկրորդը խնդիրն այն է, որ ի տարբերություն Սումգաիթյան ջարդերի, որի ժամանակ հենց Սովետական Միության դատարանների կողմից, թեկուզ ձևական և աննշան, տեղի են ունեցել դատական գործընթացներ, Բաքվի կոտորածների ժամանակ ընդամենը մի քանի դեպքերի համար տրվել է տեղեկանք` առ այն, թե տեղի է ունեցել` հարձակում, կողոպուտ կամ ծեծ, և շատ հազվադեպ դեպքերում է, որ ինչ-որ իրեր վերադարձվել են տուժածներին: Այնինչ այն ամենը, ինչ տեղի է ունեցել, մինչ օրս շարունակում է չբացահայտված մնալ. այդ չի արվել Սովետական Միության տարիներին` Սովետական Ադրբեջանում, և չի արվել հետագայում: Որքան էլ մենք փորձենք բացթողումն արդարացնել «ծանր տարիներ»-ը որպես պատճառ ներկայացնելով, մենք պետք է հասկանանք, որ քանի դեռ ուշ չէ, պետք է այդ բոլոր դեպքերին տրվի թե’ իրավական գնահատական և թե’ պետք է կատարվածը քաղաքական ու բարոյական առումով միջազգային հանրությանը ներկայացվի:
Երրորդը հարցը վերաբերում է Ցեղասպանություն որակմանը: Եթե մենք այսօր «ցեղասպանություն» խոսքն ենք ասում, ապա բոլորս հասկանում ենք 1915թ-ի Հայոց ցեղասպանությունը, և որպես այդ Ցեղապանություն իրականացնող միակ սուբյեկտ տեսնում ենք Օսմանյան Թուրքիային: Այնինչ դեռ 1918 թ-ից` Ադրբեջանի Հանրապետության կայացման տարիներից, ևս մեկ ցեղասպան սուբյեկտ է ի հայտ եկել, որն Ադրբեջանն է, և վերջապես 1988-1994 թթ-ի ընթացքում տեղի են ունեցել ոչ թե քողարկված ռասսայական խտրականություններ, սպանություններ, կամ տնտեսական, սոցիալական ու քաղաքական ճնշումներ, այլ ուղղակի ցեղասպանական գործողություններ: Ի՞նչ է մենք սպասում ենք, որ անցնի 60-70 տարի, որ հազիվ կարողանանք գտնել հատ ու կենտ ողջ մնացած մարդկանց, որ խոսենք այդ դեպքերի մասին: Ո’չ 1915 թ-ից հետո ողջ մնացածներս այդպես էլ դասեր քաղեցինք, ո’չ էլ այսօր ենք այդ բացթողումները լրացնում: Այսօր Բաքվի հայերի Ցեղասպանության զոհերի հարազատները, տուժածները մեր մեջ են, և ես կարծում եմ, որ բավականին գործ կա անելու. պետք է առանձին-առանձին բոլոր տեղեկությունները հավաքել, բոլոր զրկանքների մասին պատմությունները պետք է գրի առնել: Բաքվի ջարդերը չպետք է դառնան մոռացված էջ: Միևնույն ժամանակ` կատարվածի մասին խոսելը որևէ առումով չպետք է ընկալվի` որպես ազգամիջյան թշնամություն սերմանելու գործընթաց, այլ մենք պետք է շեշտը դնենք մարդատյաց, ցեղասպան քաղաքականության վրա, և պետք է ամեն ինչ անենք, որ դա չկրկնվի:
- Այնուամենայնիվ այդ առումով ինչ-որ բան արվու՞մ է:
- Շատ քիչ, բայց պետք է ասեմ, որ ինչ-որ շարժ կա թե’ հասարակական և թե’ պետական մակարդակով: Շուրջ 3 տարի ՀՀ նախագահին կից Տեղակատվական և հասարակայնության հետ կապերի ՊՈԱԿ-ը զբաղվում է այդ խնդիրներով: Այն, որ ինֆորմացիոն դաշտում սկսվել է շարժ, ակնհայտ է, սակայն այդ պետք է վերածվի ընդհանուր քաղաքականության փոփոխության: Բավականին բան արվում է հասարակական ներկայացուցիչների, առանձին անհատների, խմբերի, ակտիվ բլոգերների կողմից, և պետք է միայն ողջունել այդ աշխատանքը, ու այդ գործն ավելի նպատակասլաց դարձնել` ռասիստական քաղաքականության մերժման առումով:
- Ձեր հարցազրույցներից մեկում, խոսելով Բաքվի հայերի ջարդերի մասին, նշել էինք, որ Ադրբեջանում հայերի ցեղասպանությունը դեռ շարունակվում է:
- Այո’, Ցեղասպանությունը շարունակվում է: Անգամ այդ միջազգային հզոր հաստատությունները, որոնք այսօր մեզ մինչև անգամ փորձում են համոզել, որ պետք է դուրս հանել հայկական զորքերը ազատագրված Արցախից, փոխարենը իրենք մեզ կպաշտպանեն, չեն կարողացել պաշտպանել Ջյուղայի խաչքարերը: Իրեն քաղաքակիրթ անվանող աշխարհի աչքի առաջ տեղի ունեցավ բարբարոսական կերպով հայկական խաչքարերի ոչնչացումը, աննախադեպ, նույնիսկ ծիծաղելի կերպով յուրացվում է քրիստոնեական մշակույթը, մասնավորապես հայկական մշակութային և հոգևոր արժեքները: Ներկայիս Ադրբեջանում ոչնչացնում են ոչ թե մարդկանց, այլ գերեզմանոցները, սրանք վանդալիզմի դիսևորումներ են, որոնք Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով համարվում են ցեղասպան գործողություներ, մինչև անգամ այն ոչ միայն կոչվում են գենոցիդ, այլ` էթնոցիդ: Էլ չեմ ասում, որ ցանկացած հայազգի, հայկական ազգանուն ու ծագում ունեցող անհատ, նույնիսկ այլ պետությունների քաղաքացի, չի կարող մուտք գործել, այցելել կամ գործուղվել Ադրբեջան: Սա ռասիզմի և ցեղասպանության քաղաքականության շարունակություն է: Այսինքն` մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը ոչ միայն չի զղջում իր արածների համար, այլ ավելի եռանդուն կերպով է շարունակում Ցեղասպանությունը: Այո’, Ցեղասպանությունը չի ավարտվել:
Լիլիթ Բունիաթյան
No comments:
Post a Comment