«Երևանյան այգիների խրոնիկա» ֆեյսբուքյան էջի նպատակն է ներկայացնել մայրաքաղաքի պատմությունը` այգիների լուսանկարներով: Այս առիթով HayNews.am-ը զրուցեց նախաձեռնության հեղինակ լուսանկարիչ Հայկ Բիանջյանի հետ:
Բիանջյանի խոսքով` ոչ միայն Մաշտոցի պողոտային հարող այգում ընթացող շինարարության համար պայքարն է խթանել նման նախաձեռնությամբ հանդես գալուն, այլև ցանկությունը` ցուցադրել, թե ինչպիսին են եղել մայրաքաղաքի այգիները և ինչպիսին են դրանք` հիմա:
«Բացի էջից, առաջիկա օրերին Մաշտոցի այգում կազմակերպվելու է ցուցահանդես, որտեղ հին ու նոր լուսանկարների համադրությամբ ցուցադրվելու է Երևանի այգիների խրոնիկան»,- մեզ հետ զրույցում հայտնեց լուսանկարիչը:
Բիանջյանը նշեց, որ իր նախաձեռնությունն արդեն ստացել է արձագանքներ. «Լուսանկարիչները զանգահարում են, պատրաստակամություն են հայտնում համագործակցելու»: Նա նշեց, որ լուսանկարիչ Վլադիմիր Սարոյանն արդեն տրամադրել է երևանյան այգիների իր լուսանկարները:
«Նա լուսանկարել է Երևանի բոլոր այգիները, լուսանկարներ կան, թե ինչպիսին է եղել Մաշտոցի այգին, ինչպիսին է եղել Վերնիսաժը, Մատենադարանին հարող տարածքները և այլն»,- մանրամասնեց Բիանջյանը:
Այն, որ Մաշտոցի այգու համար բնապահպան-ակտիվիստների պայքարը չի լուսաբանվում մեր հեռուստաընկերությունների կողմից` լուսանկարիչը համարում է հենց հեռուստաընկերությունների խնդիրը, միևնույն ժամանակ ընդգծում, որ մարդկանց չի կարելի խաբել:
«Այս ակցիաների ժամանակ հենց երևում է, թե ով, ով է: Այգի են գալիս այն մշակութային գործիչները, ովքեր ոչ մի բանից չեն վախենում, ովքեր գալիս են իրենց քաղաքացիական կարծիքը հայտնելու»,- շեշտեց լուսանկարիչն ու հավելեց, որ այգու համար պայքարը քաղաքական չէ, քանի որ «ծառը քաղաքական ենթատեքստ չի կարող ունենալ, սա պարզապես ակցիա է, որն ասում է` այսպես շարունակել չի կարելի»:
«Երևանյան այգիների խրոնիկան» էջում հեղինակը նշում է նաև, որ էջի նպատակն է անձնական արխիվների լուսանկարների միջոցով ցույց տալ, թե ինչ ենք ունեցել և ինքան բան ենք կորցրել:
«Ցավոք այսօր շատերը մոռացել են, թե ինչպիսի քաղաք ենք ունեցել: Այսօր երբ դիտում ենք այս լուսանկարները, հասկանում ենք, որ շատ բան ենք կորցրել: Մենք բոլորս էլ սիրում ենք մեր մանկությունը և եթե այսօր մենք տեր չկանգնենք մեր քաղաքի պատմությանը և այգիներին, ապա ինչպիսի՞ մանկություն կունենան մեր երեխաները և ի՞նչ միջավայրում կմեծանա մեր ապագա սերունդը: Խնդրում եմ բոլորին, ովքեր անտարբեր չեն` տեղադրեք այս էջում ձեր ընտանեկան լուսանկարները, որտեղ պատկերված է մեր հին ու բարի Երևանը` հատկապես այգիները, և միգուցե մի օր այն վերադարձնենք իրական կյանք: Յուրաքանչյուր լուսանկար մեր հարգանքի տուրքն է մեր սիրելի քաղաքին: Սիրենք և օգնենք մեր քաղաքին»,- ասված է ֆեյսբուքյան էջում:
Նշենք նաև, որ «Երևանյան այգիների խրոնիկա» էջը հեղինակը ստեղծել է նախօրեին, սակայն այն արդեն ունի ավելի քան 200 համակիրներ:
Լիլիթ Բունիաթյան
No comments:
Post a Comment